Ավդեեւկայի ուղղություն. ուկրաինական ողջ պաշտպանությունը կատաստրոֆայի շեմին է
ՎերլուծությունԹերեւս, Ավդեեւկայի ուղղություն ասվածն արդեն դարձել է հնացած տերմին: Այս հատվածում ռուսական ուժերը, հատկապես վերջին օրերին գործողությունների արդյունքում, արդեն այնքան են հեռացել Ավդեեւկայից, որ այն դարձել է խորը թիկունք:
Ներկա պահին Ավդեեւկայից դեպի արեւմուտք ռուսական ուժերը հարձակվում են երկու հիմնական ուղղություններով:
Հյուսիս-արեւմուտքում դեռ շարունակվում են մարտերը Բերդիչիի հատվածում, որտեղ ուկրաինական բանակը նետել է այս պահին ունեցած հնարավոր բոլոր ռեզերվները (քարտեզ 1): Այնուամենայնիվ, ռուսական բանակը Արեւմուտքից շրջանցել է այդ բնակավայրը: Միաժամանակ, գրոհում է մի փոքր հարավ գտնվող Սեմյոնովկան (քարտեզ 2): Երեկ այս գյուղում ուկրաինական պաշտպանությունը գործնականում լիովին ճեղքված է, եւ, ամենայն հավանականությամբ, այսօր կհայտարարվի Սեմյոնովկայի գրավման մասին, որի արդյունքում այս հատվածի ռուսական ուժերը կմիանան Բերդիչին արեւմուտքից շրջանցած ստորաբաժանումներին: Արդյունքում, կիսաօղակում գտնվող այդ բնակավայրը հազիվ թե արդեն դիմանա:
Այնուամենայնիվ, այս ուղղությամբ ռուսական ուժերի հիմնական խնդիրն Օչերետինոն է: Բերդիչիի գրավմանը կհաջորդի այս բնակավայրի գրոհը, որից հետո ռուսական ուժերի առաջ մի քանի ստրատեգիական ուղղությամբ այլեւս ուկրաինական բանակի էական պաշտպանական գոտիներ չեն մնում:
Ավդեեւկայից դեպի հարավ-արեւմուտք ռուսական հարձակումը շատ ավելի հաջող ընթացք ունի (քարտեզ 3): Որպես օրինակ. եթե ընդամենը երկու շաբաթ առաջ Տոնենկոյե բնակավայրի համար համառ մարտեր էին ընթանում, ապա այս պահին այն արդեն թիկունքային գոտի է:
Այս ուղղությամբ ռուսների հիմնական խնդին այս պահին Կառլովկա-Կրասնոգորովկա գիծն է: Այն բանից հետո, երբ երեկ հաղորդվեց Պերվոմայսկոյե առանցքային բնակավայրը գրավելու մասին, ռուսական ուժերը դուրս եկան Նետայլովոյի ճանապարհը։ Այսօր-վաղը սպասվում է, որ ուկրաինական ուժերն ինքնակամ կլքեն Պերվոմայսկոյե-Նեվելսկոյե գրեթե շրջապատված հատվածը, որից հետո Նետայլովոն դառնում է հիմնական հարձակման գոտի: Ընդ որում, այս ուղղությամբ ուկրաինական հապճեպ կառուցված պաշտպանական գիծը ռուսներն արդեն անցել են, Նետայլովոյի ուղղությամբ նոր բնագծեր չկան, եւ այս բնակավայրը եւս հազիվ թե դիմանա: Հաջորդը Կրասնոգորովկան է, որն ունի պաշտպանվելու իմաստով շատ վատ դրություն:
Իսկ ահա Կրասնոգորովկա հարավից ռուսական ուժերն արդեն մուտք են գործել, եւ Պերվոմայսկոյե-Նեվելսկոյե հատվածը գրավելով, ռուսները նաեւ հյուսիսից կարող են հարվածել:
Այսինքն, Ավդեեւկայից արեւմուտք ընկած ուղղությամբ ռուսների համար շարունակում է միանգամայն ծանր վիճակ տիրել, ամենաբարդն այն է, որ թիկունքային ուղղությամբ էական պաշտպանական համակարգեր ուկրաինական բանակը չունի: Մինչդեռ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությունը գրավելով, ռուսական ուժերը հնարավորություն են ստանում հարվածել ողջ Զապորոժեի ճակատի թիկունքին, դուրս գալ Դնեպրոպետրովսկի հատված եւ այլն: