Օրենսդրության ԼԳԲՏաֆիկացում
ՆերքաղաքականՄինչ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավախորհրդատվական հանձնախումբը հայտարարում է, որ ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը խնդրահարույց է, քանի որ դրանում տեղ գտած «զուգընկեր» հասկացությունը (զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից») որեւէ ձևով չի բացառվում, որ զուգընկեր կարող են համարվել նաեւ նույնասեռ անձինք, որոնց միությունը, ըստ էության, հավասարեցվելու է ընտանիք հասկացությանը, պարզվում է` Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հող է նախապատրաստում օրենսդրությունում մի նոր նմանատիպ ական օրենսդրությունում ներմուծելու համար:
Օրերս հրապարակվել է 2023 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, եւ պարզվում է` ՄԻՊ գրասենյակի գործունեության ողջ ընթացքում առաջին անգամ ԼԳԲՏ անձանց իրավունքները ներկայացվել է առանձին գլխում` «Իրավահավասարության եւ խտրականության արգելքին առնչվող առանձին խնդիրներ» բաժնի ներքո: Բայց ուշագրավը ոչ թե սա է, այլ այն, որ պաշտպանը հանդես է եկել օրենսդրական առաջարկով, թե պետք է «լրացնել «սեռական կողնորոշումը» եւ «գենդերային ինքնությունը»՝ որպես պաշտպանվող հատկանիշ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ, 329-330-րդ հոդվածներում, ինչպես նաեւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածում»: Բացի այս, ՄԻՊ-ը նաեւ անհրաժեշտություն է տեսնում, որպեսզի ոստիկանները, քննիչները, դատախազները եւ դատավորները վերապատրաստումներ անցնեն` ԼԳԲՏ անձանց նկատմամբ զգայուն, ոչ խտրական մոտեցումների ձեւավորման ուղղությամբ:
Այսինքն` ստացվում է, որ ԼԳԲՏ-ականների հետ նուրբ եւ զգույշ պետք է վարվե՞լ, իսկ մյուսներին կարելի՞ է ծեփել ասֆալտներին ու բանտերը լցնել քաղբանտարկյալներով: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ գլխակորույս Արեւմուտքի գիրկը վազելու հետեւանքների մասին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ