Ակնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից. Մհեր Հակոբյան
Միջազգային
Իսրայելական կողմից պատասխան հարված ակնկալելը բավականին հավանական է, սակայն Միացյալ Նահանգները նախնտրական շեմին, ամենայն հավանականությամբ, դա թույլ չի տա: «Իրավունք»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք» աշխատության հեղինակ, պատմաբան, ռազմական փորձագետ , քաղաքագետ ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ` անդրադառնալով իսրայելաիրանյան բախումներին:
«ՆՄԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ, ԵՂԵԼ ԵՆ ՈՒ ԴԵՌ ԷԼԻ ԿԼԻՆԵՆ»
— Կարելի՞ է պատասխան հարված ակնկալել Իսրայելի կողմից, եւ ի՞նչ հետեւանք այն կունենա:
— Իսրայելական կողմից պատասխան հարված ակնկալելը բավականին հավանական է, բայց, կարծում եմ` այն չի լինի, կամ այն մասշտաբի չի լինի, ինչ-որ սպասվում էր: Մի կողմից` իսրայելական կողմը այս էսկալացիայի կարիքն ունի, բայց մյուս կողմից էլ Միացյալ Նահանգները նախնտրական շեմին, ամենայն հավանականությամբ, այն թույլ չի տա: Եթե պատասխան գործողություններ լինեն, ենթադրում եմ, որ դրանք կլինեն շատ սահմանափակ, թեեւ դրանից հետո էլ արդեն Իրանի պատասխան հարվածը կգա, եւ այսպես շարունակ:
— Այսպիսի բախումները հետագայում կարո՞ղ են պարբերական բնույթ կրել:
— Այս բախումներն այն տրամաբանության մեջ են, որոնք արդեն գրեթե կես դար ձգվում են: Այո, նման բախումներ կարող են լինել, եղել են ու դեռ էլի կլինեն: Կողմերը ինչ-ինչ արտաքին ու ներքաղաքական խնդիրներ են սրանով նաեւ լուծում: Իրանական ռեժիմը փորձում է նաեւ իր ուժը ցույց տալ, հրեաները գոյության խնդիր են լուծում:
— Այս բախումը կարո՞ղ է հիմք ստեղծել, որ Արեւմուտքի համար երկրորդական դառնա ուկրաինական հարցը:
— Միանշանակ է, որ սա ուկրաինական գործի վրա կազդի: Կիեւում անհանգստությամբ են հետեւում Արեւմուտքի թուլացող ուշադրությանը: Անցած տարի, երբ Գազայում սրացումը եղավ, արդեն իսկ Արեւմուտքի ուշադրության զգալի մասը ուղղվեց դեպի հարավ: Ակնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից, գուցե հարմար առիթ է փնտրում, որպեսզի դեմքը փրկելով, դուրս գա ուկրաինական գործից, եւ սա կարող է լավ առիթ լինել: Օրերս ԱՄՆ կոնգրեսը պատրաստում էր հերթական օգնության փաթեթը Իսրայելին, մի քանի շաբաթից դա կընդունվի, եւ այստեղ հետաքրքիր է, որ ուկրաինական խնդրի հետ կապված, որեւէ դրական բան պաշտոնական Կիեւի համար չկա: Այս առումով, ենթադրում եմ, որ ռուսական կողմը մոտակա ամիսներին կփորձի ուկրաինական ճակատում հնարավորինս հարմար դիրքեր գրավել:
— Արդյո՞ք Իրանը կթուլացնի իր դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ, եւ այս համատեքստում ի՞նչ փոփոխությունների կհանգեցնի դա:
— Իրանն այնպիսի տարածաշրջանային խաղացող է, որ նրա թուլանալը շատ լուրջ ազդեցություն է ունենալու տարածաշրջանի վրա: Հայաստանը այդքան հնարավորություններ չունի այս ամենի վրա ազդելու համար, եւ այս առումով հետաքրքիր է, որ Բաքուն էլ է շատ անհանգիստ այս ամենին նայում: Բաքուն ուզում է, որ այս կոնֆլիկտը չլինի եւ շուտ հանգուցալուծվի:
«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ ՉԵՆՔ ՀԻՇԻ ԱՅՍ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ»
— Պարոն Հակոբյան, ի՞նչ ակնկալել Ղազախստանի նախագահի հայաստանյան այցից:
— Ղազախստանի նախագահի այցից ոչ մի առանձնահատուկ բան չեմ ակնկալում: Տպավորություն կա, որ սա ուղղակի արձանագրային հանդիպում է: Այցի իրական նպատակի մասին դժվար է խոսել: Եթե սա արձանագրային այց չէ, գուցե Մոսկվայի կողմից փորձ է կատարվում մեսիջներ փոխանցել պաշտոնական Երեւանին, բայց այս մասին հստակ չենք կարող խոսել:
— Ղազախստանը կարո՞ղ է ստանձնել միջնորդի դեր` հայ-ադրբեջանական եւ հայ-ռուսական հարաբերություններում:
— Ղազախստանի քաշային կատեգորիան չի համապատասխանում, որպեսզի միջնորդ հանդիսանա հայ-ադրբեջանական հարաբերություններում, այստեղ նույնիսկ Թուրքիան չի կարողանում միջնորդ հանդիսանալ: Միջնորդի դերի համար կռվում են Արեւմուտքի հսկանները` ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, մյուս կողմից էլ` Ռուսաստանը, իսկ Թուրքիան չի կարողանում իր տեղը գտնել, թեեւ շատ է ձգտում: Իսկ հայ-ռուսական հարաբերություններում գուցե կարողանա, եթե ոչ միջնորդ, ապա գոնե կողմերին հաշտության եզրի բերող սուրհանդակի դեր կատարել: Ամեն դեպքում, կարծում եմ, որ մի քանի օրից չենք հիշի այս այցի մասին:
ԼԻԼԻԹ ԶԱԼԻԲԵԿՅԱՆ