Գործող իշխանության քայլերը խաղաղության չեն կարող բերել. Արման Ղուկասյան
ՆերքաղաքականՀայաստանն ու Ադրբեջանը որոշել են սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթաց, բայց իրականում այս գործընթացը ոչ այլ ինչ է, քան հայկական կողմի միակողմանի զիջումներ և չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանը նույնպես կգնա ընդհանուր պայմանավորվածությունների կատարման: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Արման Ղուկասյանը:
Նրա խոսքով, Հայաստանում բավականին անհասկանալի գործընթաց է ընթանում, որոշ իմաստով՝ մանիպուլյացիոն, քանզի բոլոր նրանք, ովքեր խոսում են խնդիրների մասին ու հարցեր են բարձրաձայնում, պիտակավորվում են իշխանությունների կողմից, թե պատերազմ են ուզում, խաղաղություն չեն ուզում: Սակայն իրականում հասկանալի է, որ բոլորն են ուզում խաղաղություն, բայց որտե՞ղ են միջազգային երաշխիքները: Խնդիրը, ըստ բանախոսի, նրանում է, որ հենց այդ երաշխիքներն է, որ չկան.
«ՀՀ իշխանությունները դժգոհ էին Ռուսաստանից, հրաժարվել են ռուսական կողմի միջնորդությունից, բայց տեսանելի չէ, որ կա Արևմուտքի միջնորդությունը այս գործընթացում: Չկան որևէ միջազգային երաշխիքներ և հասկանալի չէ, թե ի՞նչ հիմքով են իշխանություններն այդքան վստահ, որ Բաքուն կպահի պայմանավորվածությունները և տեղի կունենա սահմանազատում և սահմանագծում, և որպես վերջնարդյունք՝ կլինի խաղաղություն: Միջազգային երաշխիքների բացակայությունը ընդհանրապես վստահություն չի ներշնչում՝ հաշվի առնելով ադրբեջանական կողմի մշտական գործելաճը»,- ասաց նա:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ աշխարհում տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ, աշխարհաքաղաքական տեղափոխումներ, և այս ամենի ֆոնին Հարավային Կովկասը այդ առումով բավականի հետաքրքիր է դառնում, Ղուկասյանը նշեց, որ Հայաստանը այս ամենի մեջ պետք է փնտրի իր շահը, կարողանա այնպես անել, որ այդ շահը մաքսիմալ կերպով առաջ տանի ու պաշտպանի, և ոչ թե ՀՀ միջոցով որոշ երկրներ փորձեն մեր շահի փոխարեն իրենց շահը առաջ տանեն, ինչը փորձում են անել բոլորը:
«Այս առումով ՀՀ իշխանությունների գործելաոճը կամ գուցե գործընթացների ոչ այդքան ճիշտ ընկալումները տեղիք են տալիս մտածելու, որ մենք, մեղմ ասած, լավ վիճակում չենք գտնում: Տեսանելի է, որ Թուրքիան և Ադրբեջանը և որոշ երկրներ, արտաքին քաղաքական ուժեր փորձում են իրենց խնդիրները լուծել Հայաստանի շահերի հաշվին: Եվ եթե մենք խոսում ենք սահմանազատում-սահմանագծում գործընթացների մասին, ապա դա պետք է սկսվեր զուգահեռաբար, բայց դեռևս տեսնում ենք միակողմանի գործընթաց: Հասկանալի է, որ սա շատ վատ նախադրյալ է, որ գործընթացը մեր հաշվին է ընթանում և հասկանալի չէ, թե ինչու հայելային չի ընթանում գործընթացը»,- նկատեց նա:
Բանախոսը, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ասաց, որ ՀՀ իշխանությունները, խնդիրներ ստեղծելով դրանցում քաղաքական բաղադրիչի առումով, այնուամենայնիվ տնտեսական մասով շատ լավ հասկանում են, որ թե՛ ռուսական շուկան, թե՛ ԵԱՏՄ-ն այսօր իսկապես չունեն այլընտրանք Հայաստանի համար.
«Խնդիրը նրանում է, որ ՀՀ իշխանությունների մոտ թյուրըմբռնում կա, թե տնտեսականն ու քաղաքականը կարելի է տարանջատել: Մինչդեռ նման բան չի կարող լինել, որ ՀՀ-ն, օրինակ դուրս գա ՀԱՊԿ-ից և այդ քայլը չազդի տնտեսության վրա: Այդպես չի կարող լինել, ավելին՝ դա շատ վտանգավոր քաղաքականություն է. չես կարող մերժելով քաղաքականը, պահել տնտեսականը»,-նշեց նա:
ՀՀ-ՌԴ հարաբերություններում առաջացել են հարցեր ոչ միայն հայկական կողմի ոչ ճիշտ կողմնորոշվելու և ոչ ճիշտ քաղաքականություն վարելու պատճառով, այլև բնական պատճառներով պայմանավորված՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների փոփոխությունները: Եվ, ասաց Արման Ղուկասյանը, սա նշանակում է, որ կա անելիք՝ պետք է լինի երկխոսություն, պարզ ու թափանցիկ երկխոսություն այս հարցերը բարձրաձայնելու, լուծումներ գտնելու համար.
«Ցավոք, ես նման գործընթաց չեմ տեսնում հայկական կողմից, բայց այն անհրաժեշտ է, քանի որ փոխվում են իրողությունները, դրանց զուգահեռ տարածաշրջանում փոխվում են ՌԴ շահերը և այլն: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է ուզում ՌԴ-ն տարածաշրջանից, պետք է հասկանանք, որ հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի են տեղափոխվում և պետք է հասկանանք, թե դա ինչ կարող է մեզ տալ: Բայց, ցավոք, երկխոսություն չկա, ինչը մեր օգտին չէ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է դիվերսիֆիկացիոն քաղաքականությանը, ապա Ղուկասյանը դրան դեմ չէ, քանի որ ՀՀ շահերից ելնելով ճիշտ է բոլորի հետ փորձել վարել այն քաղաքականությունը, որը բխում է մեր պետական ու ազգային շահից, բայց դա չպետք է տեղի ունենա մյուսի հաշվին: Օրինակ, եթե ՌԴ հետ տարվի ճիշտ երկխոսություն, ապա ՀՀ-ին կհաջողվեր վարել այն դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը, որի մասին հայտարարվում է: Բայց ամենը արվում է ի հաշիվ ՀՀ-ՌԴ հարաբերությունների, ընդ որում՝ բավականին կոշտ ձևով.
«Առաջիկայում Հայաստանը հայտնվելու է էլ ավելի տուրբուլենտ վիճակում: Աշխարհի անկայունացմանը զուգահեռ գործընթացները ավելի են արագանալու, ինչը ազդելու է նաև մեր տարածաշրջանի վրա: ՀՀ իշխանությունների կուրսը շատ վտանգավոր է հենց Հայաստանի կայունության համար, քանի որ ունեցածի հաշվին տարվող դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը վտանգ է իր մեջ պարունակում ու խնդիրներն արդեն իսկ տեսանելի են: Գործող իշխանությունների քայլերը խաղաղության չեն կարող բերել»,- հավելեց քաղաքագետը: