ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բավակա՛ն է ընդունենք օրենքներ, որոնք մեր բարքերից այնքան են հեռու, ինչքան այս լսարանը Հավայան կղզիներից»

30.11.2017 23:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Բավակա՛ն է ընդունենք օրենքներ, որոնք մեր բարքերից այնքան են հեռու, ինչքան այս լսարանը Հավայան կղզիներից»

ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 7 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ որոշվեց դրական եզրակացությամբ՝ ԱԺ լիագումար նիստի օրակարգում ընդգրկել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» հանրության լայն շրջանակների դժգոհության առիթ դարձած օրենքի նախագիծը:

«Որեւէ իրավունքի իրացում չպետք է ոտնահարի այլոց իրավունքները». Օլիմպիական չեմպիոնների կոչը

«ՆՈՒՅՆՆ Է, ՈՐ ԱՍԵՍ՝ ՕՐԵՆՔ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Նշենք, որ նախագծին դեմ քվեարկեց միայն ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ շեշտելով, որ սա իր անձնական կարծիքն է, որպես պատգամավոր, եւ խնդրելով, որ իր ելույթը չընկալվի՝ որպես խմբակցության դիրքորոշում, քանի որ հնարավոր է խմբակցությունում լինեն մարդիկ, ովքեր չկիսեն իր տեսակետը: Այնուհետեւ Գ. Պետրոսյանը դրույթ առ դրույթ հանրամատչելի բացատրեց, թե ինչով է պայմանավորված իր անհամաձայնությունն այս օրենքի ընդհանրապես ընդունմանը՝ նախեւառաջ անդրադառնալով օրենքի նախագծի վերնագրին. «Ես այս օրենքի նախագիծը բազմիցս փորձել եմ անգամ ինքս ինձ հակադրվելով ընթերցել, մեկնաբանել, վելուծել եւ չեմ տեսել կանխարգելող կոնկրետ դրույթ: Ավելի շատ այդ կանխարգելման տպավորություն թողնող դրույթներն արդեն իսկ գրանցված բռնության իրավական հետեւանքները հարթելու իրավական միջոց են: Առավել զավեշտալի է վերջին արտահայտությունը, որը, չգիտես ինչու, ավելացվեց: Խոսքը վերաբերում է ընտանիքում համերաշխության վերականգնմանը: Ես երբեք չեմ մտածել, որ կարելի է օրենքով համերաշխություն վերականգնել, սա նույնն է, որ ասես՝ օրենք՝ ընտանիքում բարձր տրամադրություն առաջացնելու մասին: Կամ օրենքով պարտադրես, որ, ասենք, վերհիշեն իրենց բարիդրացիական ավանդույթներն ընտանիքում եւ այսպես շարունակ: Կամ էլ օրենքով պարտադրես, որ տրամադրության անկում չգրանցվի այս երեկո: Ո՞նց կարելի է համերաշխությունը ստիպել վերականգնել օրենքով»:

«ՀԱՆԿԱՐԾ  ԳՈՒՄԱՐ ՀԱՅԹԱՅԹՎԵՑ ԿԱՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԳՈՒՄԱՐ»

Ընդդիմադիր պատգամավորը ընդգծեց, որ թեպետ մեծ հարգանք ունի ընդհանրապես ոստիկանության համակարգի նկատմամբ, որովհետեւ չի կարելի չհարգել մի համակարգ, որը օրենքով կոչված է մեր բոլորի անվտանգությունը, մեր կյանքի անդորրը ապահովելուն, բայց նաեւ չի կարող չարտահայտել իր մտավախությունը, որի մասին բազմաթիվ առիթներով խոստովանել է նաեւ անձամբ ոստիկանապետը. «Առ այսօր ոստիկանական համակարգում դեռ քիչ չեն շարժական զանգվածները մարդու կերպարանքով, ովքեր առիթը բաց չեն թողնում իրենց լիազորությունները, իրավունքները չարաշահելու՝ քաղաքացիների նկատմամբ: Հիմա չեմ ուզում կոնկրետ օրինակով ասել, բայց անցյալ տարի այդպիսի դեպք եղավ, որ այսպես կոչված, ընտանիքում բռնությունից տուժած մի կին դիմել էր ոստիկանություն եւ 3-4 ժամ պահել էին ոստիկանության բաժանմունքում, ինչ է թե պետը չի եկել: Պետն էլ, հավանաբար, գնացել էր ըմբոշխնելու ամառային երեկոների հաճույքը չգիտեմ որ հիմնարկներում: Մի խոսքով՝ այդ մարդը մնացել էր 3-4 ժամ ոստիկանությունում ու տարբեր տեսակի հարցեր էին առաջացել, որոնք բուն գործի, բուն դիմումի հետ չէր առնչվում: Իհարկե, չեմ ասում բոլորն են այդպիսին, դա կնշանակի անհարկի մեղսայնացնել ամբողջ համակարգը, որը երբեք ինձ թույլ չեմ տվել այդպիսի գայթակղություն: Բայց այսօր այս օրենքը ուժի մեջ մտնելուց մի ամիս կամ, ենթադրենք, երկու ամիս հետո էդ ո՞նց են ոստիկանները այդպես արագ  վերապատրաստվելու, վերամասնագիտացվելու»:

Մեր թշնամին ուրախանում է, իր լրատվամիջոցներով տարածելով կատարվածը

Գ. Պետրոսյանը նաեւ հիշեցրեց, որ երբ ինչ-որ մի նախագծի մասին խոսում են, իշխանություններն անմիջապես հակադրվում են՝ ասելով, թե պետական բյուջեում փող չկա. «Պետական բյուջեով ասում ենք՝ եկեք երեք դատավոր ավելացնենք, որ  դատական գործերն այդքան չծանրաբեռնվեն, ասում են՝ գումար չկա, այս նախագծի համար չկա, այն նախագծի համար չկա… Բայց հանկարծ այս օրենքի համար  գումար հայթայթվեց կամ սպասվում է գումար, ընդ որում՝ չեմ կարծում, որ, կներեք, դա ինչ-որ մանր գումարի մասին է, որպեսզի ոստիկանության որոշակի ստորաբաժանում ստեղծեն, այդ ստորաբաժանման բուն գործառույթներին աջակցող տեխնիկական, կազմակերպչական օժանդակ անձնակազմ հատկացնեն, վերապատրաստման գումարներ ծախսեն: Դեռ մի հատ էլ աջակցման կենտրոն ստեղծեն: Էդ հաշվարկները արե՞լ են, ի՞նչ միջոցներով է լինելու»:

«ԱՅԴ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐԸ ,ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ՊԵՏՔ Է ՍԵՌԱՅԻՆ  ՀԱՏԿԱՆԻՇՈՎ ՏԱՐԲԵՐԱԿՎԵՆ»

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը խոսեց նաեւ օրենքի նախագծով նախատեսված ապաստարանների մասին՝ համարելով, որ այդտեղ գզվրտոց է սպասվում. «Այդ ապաստարանները, բնականաբար, պետք է սեռային հատկանիշով տարբերակվեն: Չի կարող մի տղամարդը մի ուրիշ օտար կնոջ հետ, որոնք երկուսն էլ ընտանեկան բռնությունից տուժած են, էդ օրը որոշեն իրար մխիթարել: Մտածե՞լ եք՝ ի՞նչ է սպասվում այդտեղ: Այս ամենը ծախս է ու ոչ մեկ չի ցույց տալիս, թե էս ինչ ծախս է»:

Հաջորդը Գ. Պետրոսյանն անդրադարձ կատարեց օրենքի նախագծում ամրագրված տնտեսական բռնություն կոչվածին. «Հիմա եթե որեւէ մեկն ասի` իմ երեխան սուրբ է, կներեք, բայց չեմ հավատա, չնայած համարում եմ, որ երեխաները մեր սրբությունն են: Եվ դու իմանալով, որ քո երեխան հաճախակի է տարվում նվեր ստացած ipad կոչված հարմարանքով, տեսնում ես, որ նա դասից շեղվում է, իր ուսումնական առաջադիմության մեջ անկում է նկատվել եւ այլն եւ ելնելով միջազգայնորեն ընդունված արտահայտությամբ ասված՝ երեխայի լավագույն շահերի պաշտպանությունից՝ անկեղծ ծնողական նկատառումով քո  երեխային արգելում ես, որ այդ ipad-ը  կամ համակարգիչը վերցնի եւ զբաղվի խաղերով, նամակագրությամբ: Այսինքն՝ ի՞նչ, այս դեպքում ոստիկանը ինձ պետք է կանչի ու ասի՝ ինչո՞ւ ես երեխային իր սեփականությունը հանդիսացող գործիքից զրկում օգտվե՞լ: Մի հատ էլ ոստիկանը թույլ չտա, որ իմ տանը մոտենամ 100 մետր շառավղով, չնայած ասում են՝ նախագծում մետրը փոխել են, կարող է ասեն՝ 300 մետր հեռու գնա, որովհետեւ դու շատ մեծ վտանգ ես ներկայացնում»:

«Համաձայն չեմ, որ որոշողը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը»

«ԵՍ ՀԱՅՏՆԻ ԿԻՆՈՆԿԱՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍ ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԸ ՉԵՄ»

Պատգամավորը նկատեց, որ նախագծում գրված է, որ ոստիկանը կարող է գալ, մտնել քո տուն ու մնալ այնքան ժամանակ, մինչեւ դու քո շորերը հավաքես ու հեռանաս. «Բայց ես հայտնի կինոնկարի գլխավոր հերոս Օստապ Բենդերը չեմ, որ ունենամ մի կոստյում, մի գլխարկ եւ մի շարֆ: Ենթադրում եմ, որ մի 3-4  ժամ ինձ պետք կլինի իրերս հավաքելու համար, ուրեմն՝ ոստիկանը պետք է կանգնի իմ կողքը, չափավորի դիրիժորի փայտիկով, թե ահա այսպես, արագ… Սա ի՞նչ բան է, սա ո՞ր մեկիս մտածողությանը եւ ընդհանրապես՝ մեր ընտանեկան պատկերացումների շրջանակներում է: Ո՞ր ընտանիքի հայրն է պատկերացնում, որ ոստիկանը պետք է մտնի իր տուն եւ իր կնոջ, իր աղջկա ներկայությամբ՝ այնքան սպասի, մինչեւ դու տնից հեռանաս: Պատկերացնո՞ւմ եք, թե անձն այդ մտորումներից, այդ վիրավորվածությունից հետո՝ ինչպիսի ամենատարբեր հանցագործություններ իրեն կարող է թույլ տալ»: Ապա եզրակացրեց. «Մի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ ես բախտագուշակի լիազորագիր չունեմ եւ չեմ զբաղվում այդպիսի կանխատեսումներով, բայց վստահ եմ՝ այս դրույթները, հատկապես, եթե Աստված ոչ անի կյանքի կոչվեն, ապա անպայման լինելու են բախումներ հենց ոստիկանների եւ երեխաների կամ ընտանիքի հոր հետ, որը ենթադրյալ բռնարար է: Աստված ոչ անի, բայց այդ բախումները գուցեեւ ավարտվեն շատ ծանր հետեւանքներով»:

«ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՄԲ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՀԱԿԱԴՐՎԵԼ ՄԵՐ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻՆ»

Եվ վերջում բանախոսն իր միտքն ավարտեց՝ ասելով, որ երբեք քաղաքական գործիչներից անկեղծություն չի ակնկալել, եւ սա էլ բացառություն չէ ու հիմա էլ չի ակնկալում. «Բայց լավ կլիներ, որ ասեիք՝ այ մարդ, էս նախագիծն, ուղղակի, պետք է մեզ ընդունել, որպեսզի ինչ-որ երկրների կամ ինչ-որ քաղաքական կազմակերպությունների ցույց տանք, որ մենք էլ ունենք: Եկեք գոնե խոստովանենք սա, եւ այդ բովանդակությունը այնպես անենք, որ լրացուցիչ ընտանեկան վեճեր, բարդություններ, խանդի հողի կամ չգիտեմ ինչի վրա սպանությունների պատճառ չդառնան: Համենայնդեպս, գտնում եմ՝ նախագիծն ունենալով  իրավաչափ եւ արդարացի նպատակ, բայց այս բովանդակությամբ՝ խախտում է մեր ավանդույթները, մեր բարքերը: Իսկ մենք բավական է ընդունենք օրենքներ, որոնք մեր բարքերից այնքան են հեռու, ինչքան այս լսարանը Հավայան կղզիներից: Մի քիչ էլ պետք է հաշվի առնել մեր տեղական առանձնահատկությունները, եւ եթե մենք տրվում ենք նման գայթակղությունների՝ ընդամենը աշխարհին երեւալու համար՝ որպես զտարյուն եվրոպացի, դա չի լինի, որովհետեւ մենք մեր ազգային մտածողությամբ՝ չենք կարող հակադրվել մեր համոզմունքներին»:

«Համակարգային խնդիրների լուծման ճանապարհը փողոց դուրս գալն ու տարերային այս ու այն կողմ գնալը չէ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА