Առցանց Օլիմպիադա. Հայաստանի հավաքականի մրցախաղը Հնդկաստանի թիմի հետ ավարտվեց սկանդալով
Արխիվ 16-20
Արագ շախմատի առցանց օլիմպիադայում այսօր տեղի ունենցան քառորդ եզրափակիչ մրցախաղերը: Կիսաեզրափակչի ուղեգրի համար պայքարում Հայաստանի հավաքականը պետք է 2 մրցախաղ անցկացներ հնդիկների հետ: Սակայն կայացավ միայն մեկը, իսկ մրցախաղն ավարտվեց սկանդալային պատմությամբ:
5-րդ խաղատախտակի վրա ընթացող Հայկ Մարտիրոսյանի և Սահին Նիհալի պարտիայի ժամանակ կապի խափանման պատճառով հայ շախմատիստը չկարողացավ 69-րդ քայլը կատարել ու սպառեց ժամանակը: Հայկին մրցաշարի կազմակերպիչները պարտություն գրանցեցին, որի պատճառով հնդիկները մրցախաղը շահեցին 3,5-2,5 հաշվով: Այնինչ խաղատախտակին դիրքն այնպիսին էր, որ պարտիան պետք է ավարտվեր
ոչ-ոքի:
Շախմատի Հայաստանի ֆեդերացիան բողոքարկեց այդ որոշումը, պնդելով, որ խափանումը եղել է chess.com կայքում: Ապացույցն այն էր, որ մեր շախմատիստները խաղի ժամանակ գտնվում էին շախմատի տան շենքում, իսկ կապի խափանում եղել է միայն Հայկ Մարտիրոսյանի մոտ: Ուստի պատճառը չէր կարող շախմատի տան շենքում ինտերնետի խափանումը լինել:
Սակայն երկարատև քննարկումներից հետո ՖԻԴԵ-ն մերժեց մեր ֆեդերացիայի բողոքը, նշելով, որ կանոնակարգի համաձայն կապի համար պատասխանատվություն է կրում մասնակիցը: Ի նշան բողոքի, Հայաստանի հավաքականը հրաժարվեց հնդիկների հետ 2-րդ մրցախաղից ու դուրս եկավ մրցաշարից:
Նշենք, որ հաջողության դեպքում Հայաստանի հավաքականը կիսաեզրափակչում մրցելու էր Ադրբեջան- Լեհաստան զույգի հաղթողի հետ: Հնդիկների հետ կայացած քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղում Հայաստանի հավաքականից հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը, որոնք մրցում էին համապատասխանաբար
Համպի Կոներուի ու Ագրավալ Վանտիկայի հետ:
Լևոն Արոնյանը հաշտություն կնքեց Վիշվանաթան Անանդի հետ: Իսկ ահա Գաբրիել Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտություններ կրեցին: