Եվրոպական Միությունը Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է պատրաստում
Արխիվ 16-20
Եվրոպական Միությունը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է պատրաստում, որոնց մասին քննարկումներ են լինելու սեպտեմբերի 24-ին տեղի ունենալիք ժողովի ժամանակ․ Անկարայի նկատմամբ սահմանափակող միջոցառումների փաթեթը քննարկվում է Միջերկրական ծովի արևելյան հատվածում աճող ճգնաժամի հետ կապված, որի շրջանակներում թուրքական կողմը չի հրաժարվում Հունաստանի հետ հակամարտության «սադրիչ ուղուց», գրում է eadaily.com կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ պատժամիջոցները կարող են Թուրքիայի առանձին անձանց, երկրի նավերի՝ մասնավորապես եվրոպական նավահանգիստների օգտագործման վրա ազդել։ ԵՄ պաշտոնական ներկայացուցիչները նշում են, որ միության երկրներն իրենց ուշադրությունը սևեռում են այն գործողությունների վրա, որոնք անօրինական են համարվում։
Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ այս ամսում Անկարան հետազոտական նավ է ուղարկել Միջերկրական ծովի արևելյան հատվածի վիճելի ջրեր։ Թուրքիան այս հինգշաբթի հայտարարել էր հաջորդ շաբաթ այդ տարածքներում զորավարժություններ անցկացնելու մասին՝ այդպիսով նաև տարածաշրջանում սրելով իրավիճակը։