Երեք վիտամին, որոնք հարկավոր են իմունային համակարգի ամրապնդման համար
Արխիվ 16-20
Վիտամիններն ու տարատեսակ սննդարար նյութերը շատ կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի համար և զգալի դեր են խաղում նաև իմունային համակարգի ամրապնդման հարցում, սակայն Քլիվլենդի կլինիկայի բժիշկ-սննդաբան Ջուլիա Զումպանոն նշում է, որ օրգանիզմի դիմադրողականության բարձրացման համար առանձնահատուկ նշանակություն ունեն այդ վիտամիններից երեքը, որոնք մարդը պետք է անպայման ստանա որոշակի մթերքի գործածության միջոցով։
Heilpraxisnet պորտալը ներկայացրել է մասնագետի նշած վիտամիններն ու դրանց լավագույն աղբյուրները։
Վիտամին С
Վիտամին С-ն այն հիմնական հակաօքսիդանտն է, որը խթանում է օրգանիզմի իմունային համակարգի աշխատանքը, ուստի զարմանալի չէ, որ այս տարրի դեֆիցիտի դեպքում առողջական վիճակը վատթարանում է, իսկ վարակումներն ավելի հաճախակի ու երկարատև բնույթ են կրում։
Վիտամին С-ի դեֆիցիտից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս հագեցնել սննդակարգը ցիտրուսային մրգերով, ելակով, պղպեղով, սպանախով, կաղամբով ու բրոկոլիով։
Վիտամին B6 (պիրիդօքսին)
Այս վիտամինն անչափ կարևոր է օրգանիզմի համար, քանի որ առանց դրա հնարավոր չի լինի ինչպես հարկն է մարսել սնունդն ու յուրացնել սննդարար նյութերը։ Բացի այդ, այն նաև շատ կարևոր է սրտամկանի ու նյարդային հյուսվածքների նորմալ աշխատանքի համար, ինչպես նաև «վերալիցքավորման» աղբյուր է հանդիսանում իմունային համակարգի համար։
Այս տարրը բավարար քանակությամբ ստանալու համար հարկավոր է սննդակարգում անպայման ներառել հավի միս, ձուկ, կանաչ բանջարեղեն ու սիսեռ։
Վիտամին Е
Այս վիտամինն օժտված է բորբոքումները մեղմելու հատկությամբ և կարող է պաշտպանել օքսիդացնող սթրեսից՝ պայքարելով բջիները վնասող ու իմունային պաշտպանությունը թուլացնող ազատ ռադիկալների դեմ։ Ազատ ռադիկալները մոլեկուլներ են, որոնք օրգանիզմն արտադրում է տարատեսակ մետաբոլիկ գործընթացների ժամանակ կամ արտաքին վնասակար գործոնների, այդ թվում ուլտրամանուշակագույն ճառագայթների կամ ծխախոտի ազդեցության տակ։
Բավարար քանակությամբ վիտամին Е ստանալու համար հարկավոր է հարստացնել սննդակարգն ընկույզներով, սպանախով ու արևածաղկի չզտված յուղով։