Մեզ պետք չեն օրենքներ, որոնք մեզ պետք է դարձնեն օտար մեր իսկ տանը. Արթուր Վարդանյան
Թեմա
«Երբեմն ճշմարտությունը ցավոտ է լինում։ Կասեմ բաներ, որ շատերի համար միգուցե լինի ցավալի իրականություն, բայց պարտավոր եմ խոսել անկեղծ, քանզի խոսողները շատ են, անկեղծները քիչ», - այս մասին գրում է «Բեւեռների միացում» ազգային ՀԿ հիմնադիր-նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ եւ մանրամասնում. «Երբ 2018 թվականին մերժեցինք հայտնի Սերժին իր կլանի հետ համատեղ, շատերը խոսում էին կախարդական փայտիկներից, մինչդեռ հիմա արդեն խոսում են ժամանակից եւ, որ ոսկե սարեր գոյություն չունեն։ Մի փոքր կփորձեմ ներկայացնել իրականությունը, այդպես միգուցե շատերը հասկանան, որ միակ պահանջը, որ պետք է լինի, դա արդարության պահանջն է, այլ ոչ թե ոսկե սարերի կամ կախարդական փայտիկների։ Մեր ազգը ժայռերից ամրոցներ եւ վանքեր կերտել գիտե, քարից հաց սարքել գիտե։ Մեզ կախարդական իրեր պետք չեն։ Մեզ արդարություն է պետք, եւ մենք ինքներս մեր հայրենիքում կստեղծենք հրաշք պետություն։ Մեզ պետք չեն օրենքներ, որոնք մեզ պետք է դարձնեն օտար մեր իսկ տանը։ Հայ Ազգը արդեն օտարություն տեսել է եւ գիտենք թե ինչ է ապրել որպես օտար մի ամբողջ կյանք»։
Շարունակելով միտքը՝ Ա. Վարդանյանն ընդգծում է. «Ձեզ մի փոքրիկ գաղտնիք բացահայտեմ, երբ «թավշյա հեղափոխականները» փակում էին «Երեւան սիթի»-ների խանութների ցանցը եւ այլ հանրապետականների բիզնեսների մուտքերը իբրեւ նշան անհնազանդության, ասեմ ձեզ, որ դա արվում էր ոչ թե ի վնաս այդ բիզնեսների, այլ նրանք պաշտպանում էին այդ բիզնեսները հասարակ քաղաքացիներից։ Նույն էյֆորիայից, որը կարծում էր, թե հեղափոխություն է տեղի ունենում, մինչդեռ նրանցից «թավիշ» բառի անվան տակ կողոպտեցին մի ամբողջ ազգի հեղափոխությունը։ Մի ձեռքով ձեզ ցույց տվեցին մի փայտիկ, որի անունն էր «կախարդական», մինչդեռ մյուս ձեռքով ամբողջ Ազգի երկաթյա շղթաները փոխանակեցին «թավշյա» շղթաներով։ Մեզ արդարություն է պետք, այլ ոչ թե կադրային փոփոխություններ։ Մեզ կեղծ սրբություններ պետք չեն, մեր Հայրենիքը, մեր Ազգ, մեր Մշակույթը, մեր պատմությունը, մեր ընտանիքը Սուրբ է մեզ համար։ Մեզ լանզարոտներ եւ ստամբուլներ պետք չեն։ Մենք ունենք մեր Անկախության Հռչակագիրը եւ կստեղծենք մեր ազգային սահմանադրությունը, ազգային գաղափարախոսությունը որպես հիմք ընդունելով։ Մեզ պետք չեն օրենքներ, որպիսզի մեզ բացատրեն, թե ինչ է ընտանիքը, մենք ունենք մեր պապերից մեզ որպես ժառանգություն փոխանցված ավանդական ընտանիքը, հայի ոգին։
Մենք ճորտեր չենք եւ սիրով ու արյունով ենք վաստակել մեր ազատ ապրելու իրավունքը։ Մեզանից դարերով փորձել են խաբելով կամ ուժով պոկել մեր սիրտն ու հոգին, բայց Հայը դեռ կա։ Մեզ տանջել են, թալանել են, սպանել են, բայց այսօր դեռ կանք եւ մեր երակներում դեռ հոսում է հայի արժանի արյունը։ Միայն մի բանում էիք դուք ճիշտ՝ մենք ենք տերը մեր երկրի…»: