Ծաղրանկարիչ.«Մարդիկ ավելի շատ հռհռում են տափակ հումորների վրա»
Արխիվ 16-20
Ծաղրանկարիչ ԱՐԶՕՆ այն կարծիքին է, որ Հայաստանում անկախության տարիներին ծաղրանկարչության դերն ավելի մեծ էր, քան այսօր է: Ըստ նրա, Եվրոպական զարգացած երկրներում պարբերականները մեծ նշանակություն են տալիս ծաղրանկարչությանը եւ դրանց առաջին էջերում որպես կանոն տեղ են գտնում ծաղրանկարներ, ինչը Հայաստանում բացակայում է.«Մեկ տարի է ցանկանում ենք ծաղրանկարների ցուցահանդես բացել, չի ստացվում: Այսօրվա դրությամբ, մենք հայտնվել ենք ծայրաստիճան իրավիճակում: Ցանկացած ստեղծագործող անհատ ուզում է երեւալ, ներկայանալ հասարակությանը»,-նշում է ծաղրանկարիչը եւ հավելում.«Մեր կյանքն այնքան հարուստ է իր վարք ու բարքով, որ երբեք ծաղրանկարների թեմայի պակաս չունենք: Մեզանում ծաղրանկարչության թեման միշտ առատ է»:
Անդրադառնալով ապրիլմեկյան այսօրվա հումորներին, Արզօն նկատեց.«Մեր օրերում մարդիկ ավելի շատ հռհռում են տափակ հումորների վրա: Ծիծաղի արվեստը մտածելու տեղիք է տալիս: Ամենաբարդը ծիծաղեցնելն է, սակայն մեր ժողովուրդը պետք է ուրախանա եւ մտածի այն ամենի շուրջ, որ կա մեր իրականության մեջ»,-ընդծեց ծաղրանկարիչը:
Նշենք, որ դժվարություններով հանդերձ, ծաղրանկարչի ջանքերով այսօր Երեւանում բացվել է ծաղրանկարների ցուցահանդես` նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ