Բացառիկ հնարավորություն՝ ստանալու հրաշագործ Ս. Գեղարդից բաշխվող օրհնությունը
Արխիվ 16-20
Վաղը Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օրն է: Դեռեւս նախորդ տարի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր` ի գոհացումն բարեպաշտ հայորդյաց եւ օտարազգի ուխտավորների: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ի դեպ, այս տարի առաքյալների տոնին Ս. Գեղարդը կբերվի Մայր Տաճար եւ քրիստոնյա հայությունը մասնակցելով Հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով մատուցվող սուրբ եւ անմահ Պատարագին՝ բացառիկ հնարավորություն կունենան ստանալու հրաշագործ Ս. Գեղարդից բաշխվող օրհնությունն ու շնորհները:
Հավելենք, որ Ս. Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչեւ նույն օրվա ուշ երեկո:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Աստվածամուխ Սուրբ Գեղարդը համաքրիստոնեական սրբություններից մեկն է, որով նաեւ օրհնվում է Հայոց Եկեղեցու Սրբալույս Մյուռոնը: Սուրբ Գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զորականը՝ Ղունկիանոս հարյուրապետը, խոցեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին` խաչի վրա: Ս. Ավետարանը վկայում է. «Երբ եկան Հիսուսի մոտ եւ տեսան, որ նա արդեն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, այլ զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողերը, եւ իսկույն արյուն եւ ջուր ելավ» (Հռոմ. 19:33-34):
Հայոց Եկեղեցու սրբազան ավանդության համաձայն, Տերունի այս սրբությունն Ա դարում Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից Ս. Թադեոս առաքյալը: Համաքրիստոնեական այդ սրբությունը դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում, իսկ ԺԳ դարից՝ Այրիվանքում, որը հետագայում ի պատիվ Ս. Գեղարդի կոչվել է Գեղարդավանք: ԺԸ դարի երկրորդ կեսին Ս. Գեղարդը բերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ մինչ օրս պահվում է հանուր հայության հոգեւոր կենտրոնում:
Համաձայն պատմական տեղեկությունների, Աստվածամուխ Ս. Գեղարդն իր հրաշագործ զորությամբ փարատել է հոգեկան ու մարմնական հիվանդություններ: Եվ այդ նպատակով՝ ԺԸ-ԺԹ դդ. ընթացքում Ս. Գեղարդը մի քանի անգամ տարվել է Հայաստանի որոշ գավառներ, նաեւ՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ