ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
(Կարդա՛լ բջջային տարբերակը)
«Կարող եմ ասել, որ այս ամբողջ ընթացքում ոստիկանական ուժերը եւ բոլորը առհասարակ գործում են խիստ ժողովրդավարական օրենքների տառին համաձայն, իրենց ծառայությունը իրականացնում են ամենայն պատշաճությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց առողջաքանդության նախարարուհի ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ` շեշտելով. «Պետք է նշել, որ իսկապես երբեմն զարմանում եմ մեր ոստիկանների համբերության եւ նրանց պինդ նյարդերի վրա, նրանք փայլուն ծառայություն են իրականացնում, նաեւ շնորհակալություն եմ հայտնում նրանց»: Ստացվում է, որ ե՛ւ իր բուն մասնագիտություն իրավաբանությունից, ե՛ւ բժշկությունից հեռու այդ տիկինը զարմանալիորեն գոհ ու շնորհակալ է հունիսի 3-ի թրքաբարո ծեծուջարդի համար, որի հետեւանքով բուժօգնության է դիմել առավել քան 60 մարդ... Բռունցքով դեմքին, քացով կողերին, մահակներով գլխին` դրա՞ համար է ոստիկաններին շնորհակալ Անահիտ Ավանեսյանը: Դե ինչ ասես, մնում է մաղթել, որ ոստիկաններն այդպիսի «փայլուն ծառայություն» իրականացնեն հենց տիկնոջ եւ նրա մերձավորների նկատմամբ...
Իսկ ոչ բարով Էկոնոմիկայի նախարար ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ զարմանալիորեն կոկորդիլոսի արցունքներ է թափում` նշելով, որ եթե Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածն Ադրբեջանով չանցներ, ապա առեւտրաշրջանառությունն ավելի մեծ կլիներ: Դե եթե դուք թրքահպատակ չլինեիք, շատ ու շատ բաներ այլ կերպ կլինեին... Դրա առնչությամբ քաղաքացիական ակտիվիստ Արեգ Բարսեղյանը հեգնանքով նկատում է. «Չեք պատկերացնի, բայց առաքիչը երբեմն-երբեմն ճիշտ բաներ էլ է ասում: Գուցեեւ «իշմար» է տալիս, որ ապրանքաշրջանառությունը գնալով ավելի է պակասելու ու զրոյանա, քանի որ սրանք պատրաստվում են Ադրբեջանին հանձնել այլ միջպետական մայրուղիների շատ կարեւոր հատվածներ: Բայց դուք մի տխրեք, մի վհատվեք, չէ՞ որ շուտով կբացվեն սահմանները եւ Թուրքիայից կներկրվի շատ էժան լոլիկ, ելակ, գիլաս, բենզին: Շատ շուտով Հայաստանի տնտեսությունն ամբողջությամբ կախված կլինի Ադրբեջանից ու Թուրքիայից ներկրվող ապրանքներից»:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԸ պատասխանել է Telegram-ում իր գրառումների առանձնահատուկ կոշտության մասին հարցին, որը շատերին զարմացրել է: Նա հայտարարել է, որ ատում է «սրիկաներին ու տականքներին», ովքեր «Ռուսաստանի մահն են ուզում»: Միաժամանակ, Մեդվեդեւը չի պարզաբանել, թե կոնկրետ ում մասին է խոսքը: Ամենից հաճախ ԱԽ փոխնախագահը բացասաբար է գրում Ուկրաինայի, Եվրամիության եւ ԱՄՆ-ի իշխանությունների մասին: «Մարդիկ ինձ հաճախ են հարցնում, թե ինչու են իմ Telegram-ի գրառումներն այդքան դաժան: Պատասխանն այն է, որ ես ատում եմ նրանց: Նրանք սրիկաներ են եւ տականքներ: Մեր` Ռուսաստանի մահն են ուզում: Եվ քանի դեռ ողջ եմ, ամեն ինչ կանեմ, որ դրանք անհետանան»,- գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը: Դե ինչ, պարոն Մեդվեդեւից օրինակ վերցնենք եւ նույնքան կոշտությամբ ատենք Հայաստանի եւ հայության արտաքին եւ ներքին թշնամիներին: Ատենք ավելին, քան ատում ենք մեր չսիրած քաղաքական գործչին, մեր ավելի հաջողակ հարեւանին: Սակայն դա բավարար չէ` պիտի սիրենք մեր երկիրն ավելին, քան ատում ենք մեր չսիրած կատեգորիաներին: Այդ դեպքում միայն երկիրը կազատագրենք թուրքին ծառայող գաղութային ադմինիստրացիայից:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ