ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
«Սպարապետ» ՊԻՍԿԵՄ ՍՈՒՐՈՅԻ Գլխավոր շտաբի մի պաշտոնյա (անունը կարևոր չէ) լրագրողների հետ զրույցում զարմանալիորեն համոզում էր, որ պաշտպանության ներկայիս նախարարի ջանքերով, բանակ զորակոչվող պարտադիր ժամկետային զինծառայողները նախ 5 ամիս ժամկետով ծառայություն կկրեն ուսումնական հրաձգային գումարտակներում, որից հետո միայն կարող են ընդգրկվել մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումներում: Լրագրողներից մեկն արձագանքեց, որ նախկինում էլ է այդ կարգը գործել, սակայն նիկոլապաշտոնյան կրկին պնդեց, որ դա նորություն է: Դրա առնչությամբ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նկատում է. «Հիմա ինձ կհամոզեն, որ ես տարիներով ոչ թե նույն ուսումնական գումարտակներ եմ այցելել, նույն 5 ամիսը հետևել, թե ով ինչով է զբաղվում, այլ դա ուղղակի երազ է եղել: Հազարավոր մարդիկ են ԳՇ պաշտոնյայի նկարագրած սխեմայով զորակոչվել բանակ, առաջին 5 ամիսն անցկացրել ուսումնական գումարտակներում, ապա նոր միայն համալրել մարտական հերթապահություն կրող հրաձգային գումարտակները»: Ախր սրանց որ թողնես,կասեն, որ Հայոց պատմությունը 2018-ին նոր է սկսվել, օրինակ հայոց այբուբենը ստեղծել (ավելի ճիշտ` վերականգնել) է ոչ թե Մեսրոպ Մաշտոցը, այլ ինչ-որ քրջոտ ՔՊ-ական…
Արցախի Հանրապետության տարածք մտնող մայրուղային բարձր ճնշման ԳԱԶԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿԻ վրա տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում դադարեցվելու է գազամատակարարումը:
«Արցախգազ» ՓԲ ընկերությունն այս առթիվ հայցում է իր բոլոր բաժանորդների ներողամտությունը և հորդորում համապատասխանաբար պլանավորել գազասպառումը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները: Աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի: Հիմա հարց` արդյո՞ք դա զարմանալիորեն չի համընկնում այն պահի հետ, որ կապիտուլյանտը բացեիբաց խոսում է Աղավնոն և Բերձորը հանձնելու մասին, իսկ մազութային սուլթանատի խաղամոլ բռնապետիկը սպառնում է պատերազմով… Արդյո՞ք համընկնումը պատահական է, թե՞ նմանվում է սատանայի` կամրջի վրա պար բռնելուն:
Կապիտուլյանտի օգնական ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ, որին խունտան պատրաստվում է ՀՀ գլխավոր դատախազ կարգել, անկեղծացել է: Բացատրելով «դատախազ» եզրույթի «խորհուրդը», որ լատիներենից թարգմանաբար հոգալ, հոգ տանել է նշանակում՝ այդ աղջնակն ասել է. «Իսկ ո՞ւմ մասին պետք է հոգ տանի դատախազը: Ինձ համար պատասխանը շատ պարզ է՝ մարդու, այն մարդու, ում ամենօրյա աշխատանքի շնորհիվ գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը: Դատախազությունը պետք է լինի այդ մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորը, պետք է հոգ տանի…»: Դե ինչ, զարմանալի անկեղծությամբ նա խոստովանեց, որ դառնալու է Նիկոլի իրավունքների պաշտպանության երաշխավորը, հոգ է տանելու, Նիկոլը բոլոր միջոցներով կարողանա պաշտպանել իրեն ու իր աթոռը: Իսկ ի՞նչ է անելու Աննա Վարդապետյանի կողմից «մարդ» կարգված կապիտուլյանտը` շարունակելու է հարկատու քաղաքացիների հաշվին ոչնչացնել պետությունը, և զգալու է Աննայի կարիքը՝ սեփական հանցանքների համար այլոց դատելու, արդարության ձայնը լռեցնելու, թուրքի կամքը կատարելու…