ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Մեծ Բրիտանիայի կրթության նախարար նշանակվեց ոմն ԱՆԴՐԵԱ ՋԵՆԿԻՆՍԸ: Կասեք` ի՞նչ կա այդտեղ զարմանալի, և հայերիս դա ի՞նչ: Հիմա կիմանաք, հարգելի ընթերցողներ, ծանոթանալով պատգամավոր Արեգնազ Մանուկյանի գրառմանը. «Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Անդրեա Ջենկինսը (Պահպանողականներից) նշանակվել է կրթության նախարար: Ջենկինսը հայտնի է այն բանով, որ միջնամատ էր ցույց տվել ցուցարարներին: Սոցիալական ցանցերում նրա նշանակումը մեծ աղմուկ է բարձրացրել: Այս լուրը պետք է, որ ուրախացնի Ալեն Սիմոնյանի մայրիկին (ինչու ոչ՝ նաև որդուն) ու մտահոգության տեղիք տա ՀՀ կրթության գործող նախարարին»: Դե ինչ, զարմանալիորեն պահպանողական Անգլիան իջավ նիկոլաՀայաստանի մակարդակի, սակայն տխուրը ոչ թե դա է (իրենց գլուխը` իրենց պատով), այլ այն, որ հիմա տարատեսակ ալեններ և նման այլ առանձնյակներ կարող են գլուխ գովալ, որ Անգլիայի պես ենք: Բայց իհարկե, կլինեն Անգլիայի անկման բարքեր, բայց «հպարտ քաղաքացիները» անգլիացու պես բարեկեցիկ չեն ապրի: Ճիշտն ասած, նրանց չի էլ հասնում, քանզի սեփական կոտրած ձեռքով մի հողատու դավաճանի բերեցին իշխանության:
Իսկ հիմա թեև զարմանալի, բայց պոզիտիվ փաստ: ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար, պետական վերահսկողական ծառայության ղեկավար ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ պարտվել է դատարանում: 2021 թվականին, երբ ՇՄ նախարարը Ռոմանոս Պետրոսյանն էր, Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանին ազատեց աշխատանքից: Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած նախարարության հիմնավորումն այն էր, որ Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանի նկատմամբ վստահությունը կորել է: Սրանից հետո Իջևանի դենդրոպարկի նախկին տնօրեն Մեխակ Սայադյանը դիմել էր վարչական դատարան՝ վիճարկելով իրեն դենդրոպարկի տնօրենի պաշտոնից ազատելու հրամանի օրինականությունը: Հուլիսի 6-ին վարչական դատարանը որոշում է կայացրել Սայադյանին վերականգնել նախկին պաշտոնին, այսինքն՝ դատարանը որոշել է, որ Ռոմանոս Պետրոսյանի՝ Մեխակ Սայադյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հանձնարարականը անհիմն է, եւ Իջեւանի դենդրոպարկի նախկին տնօրենը պետք է վերադառնա աշխատանքի: Կբողոքարկի նախարարությունը, թե` ոչ, կարևոր էլ չէ: Ուրախալի փաստ է` ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ում թուրն ամենուրեք է հատում, առնչվել է այն իրողությանը, որ «խիյարը թարս բուսնեց»:
Աշխարհում վարչապետների գլխին գալովի է` Ճապոնիայի նախկին վարչապետին սպանեցին, իսկ Շրի Լանկայի վարչապետի տունը վառեցին: Դա, անշուշտ, պետք է անհանգստացնի կապիտուլյանտին և մղի նրան սեղանի տակ թաքնվելու, հատկապես աչքի առաջ ունենալով Շրի Լանկայի հետագա իրադարձությունները, սակայն զարմանալի մի փաստ, որը հաստատ ոգևորելու է Նիկոլին: Բրազիլիայում ընտրություններից առաջ գնդակահարել են ընդդիմադիր Աշխատավորական կուսակցության ներկայացուցչին: Լեյբորիստական կուսակցության խոսնակ ՄԱՐՍԵԼՈ ԱՐՈՒԴԱՆ նշում էր իր ծննդյան տարեդարձը Պարանա նահանգի Ֆոս դե Իգուասու քաղաքում, երբ նրան գնդակահարել է Խորխե Խոսե դա Ռոշա Գուարանոն, ով հայտարարել էր, որ սատարում է գործող նախագահ Ժաիր Բոլսոնարոյին: Սակայն զարմանալիորեն Արուդան պատասխան կրակ է բացել և կարողացել է սպանել հարձակվողին: Նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Լեյբորիստական կուսակցության թեկնածուն է և, ըստ հարցումների, ներկայումս առաջ է անցել Բոլսոնարոյից: Դե, մեզանում էլ, ըստ հարցումների, բռնապետիկ Նիկոլի վարկանիշը «պլինտուսից» ցածր է, ուստի նրանից կարելի է սպասել ամեն ինչ...
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ