Մենք չենք կարող պաշտպանել մեկին, ով հայ զինվորի սնունդից, սպառազինությունից է գողացել. Աբո Պողիկյան
Արխիվ 16-20
Մենք չենք կարող պաշտպանել որեւէ մեկին, որ Հայոց բանակի, հայ զինվորի սնունդից, սպառազինությունից է գողացել: Այս մասին Լոս Անջելեսում լույս տեսնող«Ասպարեզ» թերթում գրել է դաշնակցական թերթի խմբագիր, ՀՅԴ անդամ Աբո Պողիկյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ հայտնի դարձավ, որ բանակի պատասխանատուների վերին օղակում կան սեփական գրպանի հարստացման համար հայկական զինված ուժերի միջոցներից չարաշահումներ կատարող պաշտոնատարներ, համատարած զայրույթի ալիքին մե՛նք էլ միացրինք մեր պահանջը՝ խստագույնս պատժելու բոլոր հանցագործներին:
Մի քանի բարձրաստիճան զինվորականներ պաշտոնաթող լինելուց հետո, այս մասին որեւէ լուրջ տեղեկատվություն մինչ օրս չի հրապարակվել: Այս երկար լռությունից հետո, ահավասի՛կ լուրեր են շրջում, թե Արցախի եւ Հայաստանի մեջ քննություն է բացվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դեմ:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անդրադարձը այս հարցին հուշում է, որ նախկին նախարարը, այժմ՝ Վարդան Օսկանյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ընտրական դաշինքով Ազգային ժողովի ընտրություններուն մասնակցող Սեյրան Օհանյանը, կարող է մոտ ապագայում քրեական հետապնդման ենթարկվել:
Մենք չենք կարող պաշտպանել որեւէ մեկին, որ Հայոց բանակի, հայ զինվորի սնունդից, սպառազինությունից է գողացել: Սակայն մեզ համար հարցական է մնում այն, որ եթե նախկին նախարարն անձամբ պատասխանատվություն է ունեցել այս հանցագործության մեջ, ապա ինչո՞ւ այսքան ժամանակ այդ մասին որեւէ խոսք չի եղել:
Հավանական է, անշո՛ւշտ, որ դատախազությունն առաջին իսկ օրից լծված է նախարարի պատասխանատվությունը վեր հանելու աշխատանքին, ու պարզապես ավելի ուժեղ ապացույցներ հավաքելու ջանադրությունն է պատճառը, որ մինչ օրս լռություն է պահպանել:
Այսուհանդերձ, մտահոգիչ ենք համարում այս տխուր պատմության դրսեւորումը ա՛յս պահին, Ազգային ժողովի նախընտրական պայքարի օրերին, որովհետեւ, ուզենք թե չուզենք, իշխանության կողմից առնված այս քայլը ստվեր է նետելու ընտրական գործընթացի վրա»: