ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Ինչքան խորանում է հակամարտությունն Ուկրաինայում, այնքան ավելանում են անհարմարությունները` կապված պատժամիջոցների հետ: Այսպես, մեդիափորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ գուժում է. «Կարճ խորհուրդ եմ տալիս՝ դադարել օգտագործել Mail.ru-ն հնարավորինս շուտ: Եվ բոլոր սոցցանցերում էլեկտրոնային փոստը փոխել: Քանի որ սանկցիաների տակ ընկնելու մեծ հավանականություն կա: Հայաստանում բնակչության մեծ (գուցե շատ մեծ) տոկոսն օգտագործում է Mail.ru-ն՝ որպես հիմնական կամ միակ էլփոստի տարբերակ: Ես չեմ խոսում ընկեր մայորի կողմից ձեր նամակագրությունը միաժամանակ վերահսկելու ռիսկերի մասին: Այլ այն մասին, որ Apple-ը հավելվածը հեռացրել է իր խանութից: Հնարավոր է, որ Google-ը նույն կերպ վարվի: Եվ նաև հավանական է, որ ամբողջ VK հոլդինգը կհայտնվի ուղղակի պատժամիջոցների տակ, քանի որ այն ղեկավարում է Կիրիենկոյի որդին...»: Այդ զարմանալի շտապողականությունն էլ կապված է նրա հետ, որ Կիրիենկոն առնչվում է Դոնբասում և այլուր հանրաքվեներ կազմակերպելու հետ: Անշուշտ, քաղաքացիներին սպասվող ռիսկերի մասին զգուշացնելը ճիշտ է, սակայն զարմանալիորեն փորձագետը չի պահպանում աշխարհաքաղաքական չեզոքությունը, կիրառելով «Ուկրաինայի օկուպացված շրջանների գաուլեյտեր» եզրույթը, ինչը տհաճություն է պատճառում Z գործողությունը ողջունող քաղաքացիներին: Ի վերջո, կարելի էր ավելի նրբանկատ լինել:
Ի դեպ, թեմայի առնչությամբ պաշտպանության նախկին փոխնախարար ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ հիշեցնում է այն հասարակ ճշմարտությունները, որոնք զարմանալիորեն անտեսվում են քաղաքացիներից շատերի կողմից. «Արևմտյան աշխարհն օգնում է ոչ թե Ուկրաինային, այլ Ուկրաինայի տարածքում և Ուկրաինայի հաշվին կռվում են Ռուսաստանի դեմ: Հայաստանին չեն օգնում, որովհետև աշխարհաքաղաքական այս գլոբալ պայքարում, Հայաստանի իշխանությունները քաղաքականապես` ապաշնորհ, դաշնակիցների կողմից` անվստահելի և բարոյապես` թուլամորթ կապիտուլյանտներ են»: Այո՛, քանի դեռ առկա է կապիտուլյանտների խունտան, Հայաստանին չի օգնի ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը, ո՛չ Իրանը և ո՛չ էլ այլմոլորակայինները: Զի կամազուրկին, ով չի էլ փորձում պայքարել սեփական շահի համար, ոչ թե օգնում են, այլ օգտագործում որպես մանրադրամ: Եվ քանի Նիկոլը կա, մեր երկիրը «տալաշ-տալաշ» օտարները զոհաբերում են, մինչև չպրծնենք:
Հենց ԱՄՆ-ում թեթևակի զրույց գնաց Հայաստանին ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ վաճառելու մասին, մեր հանրության մի մասը զարմանալիորեն խանդավառվեց: Դրա առնչությամբ ռազմական փորձագետ Վահագն Մխոյանը միանգամայն արդարացիորեն «սառը ջուր» է լցնում տաք գլուխներին. «Ես, ճիշտն ասած, էդ հարցում շատ օպտիմիստ չէի լինի հիմա, նախ` որովհետև չեն ծախի, երկրորդ՝ որովհետև չեն առնի: Բայց եթե զուտ տեսական դատելու լինենք, ի՞նչ կարար մեզ պետք գար: Իր որակով ամերիկյան սպառազինությունը միանշանակ էսօր հավասարը չունի աշխարհում: Բայց ամերիկյան ծանր սպառազինության մասին, ցավոք սրտի՝ պիտի մոռանալ: Որովհետև «բալը թանկ ա», բայց, որ էլ ավելի կարևոր է՝ լոգիստիկան է թանկ: Երբ որ ասում եմ թանկ է, դա պիտի հասկանալ, ոչ թե որ փողն ափսոս է, այլ որ էդքան փող ֆիզիկապես չկա»: Փորձագետը, սակայն, նշում է և ռեալիստական ուղղությունը. «Բայց ամենակարևոր օժանդակությունը, որը Հայաստանը հիմա կարա ստանա, դա նոր որակի կադրերի մասսայական պատրաստումն ու վերապատրաստումն է»: Այդտեղ էլ առկա է շատ լուրջ խոչընդոտ` ինչքան էլ ճիշտ բաներ առաջարկեն մասնագետները, կապիտուլյանտական խունտան ամեն ինչ «ՀԱԿմեջ» է անում:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ