ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Առավել քան զարմանալի թվեր է հնչեցրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը 2023-ի բյուջետային քննարկումների ժամանակ: Պարզվում է, որ Պաշտպանության նախարարությունը ծախսել է այս տարվա համար նախատեսված շուրջ 360 մլրդ դրամից ընդամենը 170 մլրդ դրամը: Կեսից քիչ, գրո՛ղը տանի... Միայն այդ թվերը բավարար են ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ վրա ձեռնաշղթաներ հագցնելու և պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալելու համար: Քանզի դա նշանակում է, որ ձեռք չեն բերվել զենքեր և զինվորների համար կարգին հանդերձանք, չեն կահավորվել դիրքեր, չեն կառուցվել ամրություններ, այսինքն` միտումնավոր արվել է ամեն ինչ մեր բանակը և երկրի պաշտպանունակությունը թուլացնելու համար: Պիսկեմ Սուրոն զարմանալի առաջընթաց է արձանագրել` եթե ժամանակին սպայի էր «պիսկել», ապա հիմա «պիսկում» է ամբողջ բանակը: Դեռ զարմանալիորեն էլ հայրենաբնակ և սփյուռքաբնակ մեր հայրենակիցների վրա մուննաթ է գալիս, թե` բանակի համար հանգանակություններ մի կազմակերպեք և գնումներ մի կատարեք, բանակն ամեն ինչ ունի... Դե, այդպիսի հայրենադավ կադրերով, եթե անգամ ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան իրենց ամբողջ սպառազինությունը նվիրեն, աշխարհի փողերն էլ մեզ տան, կպարտվենք ...
Հիշո՞ւմ եք, մի այսպիսի մարդ-կուսակցություն կար` ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ: Չհիշեցի՞ք` զարմանալի չէ, քանզի քաղաքական զրո ամբողջները չեն հիշվում: Մականունն էլ Նուռ էր` միգուցե դա՞ կօգնի հիշել... Եվ քանի որ նեղվում է այդ չհիշվելուց, որոշեց զոռ տալ երևակայությանը և դառնալ տնայնաբույծ կոնսպիրոլոգ: Նա զարմանալիորեն որոշեց հրապարակել Սերժ Սարգսյան - Նիկոլ 2018-ի «Մարիոթում» միակ հանդիպման լուսանկարը և տակը զետեղել այսպիսի տարօրինակ մակագրություն. «Ուշադի՛ր նայեք, թե ինչպես են դրված լրատվականների, անգամ՝ Հ1-ի միկրոֆոնները՝ բոլորը շրջված են դեպի Նիկոլը: Այսինքն, ըստ պրոյեկտի, Սերժ Սարգսյանը շատ արագ պիտի լքի հանդիպումը և Փաշինյանը մնա միայնակ...»: Դե արի ու մի ասա` պրոյեկտը դո՛ւ ես, այ լատենտ նիկոլական: Հիմա այդ ժամկետանց մարդ-կուսակցությունը թող ինքն ընտրի բացատրությունը` իր երևակայությո՞ւնն է հիվանդագին, Նիկոլից օրինակ վերցնելով` իրեն գժի տե՞ղ է դրել` փորձելով ինքնահաստատվել երրորդ նախագահի անունը շահարկելով, թե՞ պատրաստի գրել տվել են ձեռը... Իսկ մենք` անգամ չնայելով միկրոֆոնների դիրքը, կարող ենք կանխատեսել, որ սույն առանձնյակին օգտագործողները լավ արագ էլ նրան դեն են նետելու:
Իսկ ֆիննախ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ուրախացրեց «հպարտ քաղաքացիներին»` ավետելով, որ զարմանալիորեն շատ շուտով` հունվարի 1-ից Նիկոլը մտնելու է նրանց բոլորի գրպանը. «Հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը: Յուրաքանչյուր ֆիզիկական անձ ունենալու է նույնականացված հաշիվ հայտարարագրերի համակարգում: Հայտարարատուն, հարկային մարմնի կողմից տրամադրված նույնականացման տվյալներով մուտք գործելով հարկային հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, հնարավորություն ունի այնտեղ իր համար նախալրացված հայտարարագիրը ստուգելու, անհրաժեշտության դեպքում կատարելու փոփոխություններ և լրացումներ, ապա հաստատելու հայտարարագրերի վերջնական տարբերակը»: Եվ այդ ապուշությունը, որը նաև մարդկանց զրկելու է ֆինանսական ազատությունից, վերաբերում է ամեն քաղաքացու: Մարդիկ բանուգործ չունեն, տեխնիկական թերություններով սարքած հայտարարագի՞ր լրացնի, փորձելով կռահել, թե ամեն մի տողում նիկոլերեն գրվածն ինչ է նշանակում... Զահրումար բոլորիդ:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ