ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Ընթերցողն անշուշտ հիշում է կապիտուլյանտի առջև խոնարհվող տիկնոջը, ում հեշտությամբ կարելի է շփոթել հասարակ զոմբուհու հետ: Խոսքը Նիկոլի մոտ ԵՄ դեսպան աշխատող ԱՆԴՐԵԱ ՎԻԿՏՈՐԻՆԻ մասին է: Ահագին ժամանակ դրա ձայնը չէր գալիս, սակայն, ինչպես հայտնի է, սատանի պարը կամրջին է բռնում: Եվ ահա սույն եվրամադամը զարմանալիորեն ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարում է, որ ժամանակն է վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Ի՞նչ Ստամբուլյան կոնվենցիա, տիկին, Հայաստանը լինել-չլինելու մարտահրավերի առջև է և բազում կենսական խնդիրների լուծման կարոտ: Ու նախևառաջ` կապիտուլյանտից և նրա պիղծ խունտայից ազատվելու, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ կետից սկսել և ունենալ ապրելու շանս: Ի՞նչ Ստամբուլյան կոնվենցիա, տիկին, ավելի լավ է #սիկոլ եղեք ձեր Նիկոլով հանդերձ, ոտատակ մի ընկեք տարբեր կեղծ օրակարգերով: Իրավացի է Արմեն Աշոտյանը` ասելով. «Երբ ասում եմ, որ մեր իսկ անճարության պատճառով աշխարհը հեգնում է մեզ վրա, նեղանում եք…»: Իսկ մեր անճարության հիմքն ու պատճառը թշնամու օրակարգը սպասարկող կապիտուլյանտն է, մինչև այդ բացարձակ չարիքից չազատվենք, ծաղրի առարկա կլինենք: Սակայն զարմանալիորեն դեռ կան արարածներ, որ ասում են. «միայն թե նախկինները չվերադառնան»:
Քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆՆ էլ արձագանքել է այն զարմանալի լուրին, որ 11 տարի տաքսու վարորդ աշխատած ՔՊ-ական պատգամավորը հայտարարագրել է 150 հազար դոլար և թանկարժեք զարդեր. «Արդար է... Շատ արդար է... Բա չէ՛, ժողովրդին ու պետությանը պետք է ծառայեի՞ն: Մարդիկ խոպան են եկել, որ գրպանները լցնեն: Իսկ նիկոլապաշտները թող շարունակեն զառանցել, թե «բա նախկինները հանգիստ չեն թողնում, որ Նիկոլն ու իր թիմը աշխատեն»... Լավ էլ հանգիստ «աշխատում» են՝ մեծ պատառներով ու առանց սահմանափակումների: Դե իսկ նիկոլականներին էլ 3 հազար բարձրացված թոշակ-թուլափայ են տալիս, որ այդ գրոշները ստացողները հրճվեն և օրհնեն Նիկոլին...»: Դե օրհնե՛ք, օրհնե՛ք, էդ գրոշներն էլ են ձեզ շատ: Հա, քանի՞ պրեմիում դասի մեքենա է սպասարկում աղքատիկ Հայաստանի հեղափոխական չտեսներին, մեկը տեղյա՞կ է, կամ տարեկան կտրվածքով քանի՞ տասնյակ միլիոններ են մսխվում պետական բյուջեից էլիտար դարձած չանդալաների հաճույքներն առավելագույնս ապահովելու համար, քանի՞ պրեմիում դասի մեքենա է սրանց քամակի տակ մաշվում...
Իսկ ՔՊ-ական բիձա պատգամավոր ՀԱԿՈԲ ԱՍԼԱՆՅԱՆՆ էլ զարմանալի հայտնագործություն է արել. «Վերջին 50 տարվա մեջ այդպիսի դեմոկրատական մոտեցում Հայաստանում երբեք չի եղել: Ովքեր ոնց ուզում են՝ նեկայացնեն, ինչ ուզում են՝ ասեն, ես իմ կյանքի տեսածով եմ ասում՝ այն դեմոկրատիան, այն ազատությունները, այն հնարավորությունները, որ այսօր ստեղծվում է և ստեղծվել է արդեն որոշակիորեն հայ ժողովրդի առջև, դա շնորհիվ թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունք է, որ այսօր մեր ժողովուրդն այսօր մեր երկրի տերն է իրեն կարծում՝անկախ նրանից, թե մենք էսօր ինչ դրության մեջ ենք ապրում, այսօր մենք մեզ մարդ ենք զգում…»: Ավելին, նաև վստահություն է հայտնել, թե այժմ լուծվում են հայ ժողովրդի առջև վերջին 200-300 տարվա ընթացքում կուտակված խնդիրները: Դե ինչ ասես, զարմանալով հանդերձ, առաջարկում ենք բիձուն հենց ԱԺ ամբիոնից երգել 50 տարվա վաղեմության երգը. «Я другой такой страны не знаю, где так вольно дышит человек», զի և՛ 50, և՛ 20, և՛ 10, և՛ անգամ 5 տարի առաջ Հակոբ Ասլանյանի նմաններն իրենց տեղը գիտեին և չէին էլ կարող երազել, որ ոտք կդնեն ԱԺ շենք:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ