ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Սոցիալական ցանցերում մեր հայրենակիցները ծիծաղում էին ադրբեջանական մամուլի այն զարմանալի հրապարակման վրա, իբր Եգիպտոսի հին տաճարներից մեկում գտնվել է ԱԴՐԲԵՋԱՆԻ քարտեզ: Սակայն իրականում վիճակը ոչ թե ծիծաղելի է, այլ` բավականին վտանգավոր: ԳԱԱ նախագահության նիստում Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբբեյլին հայտարարել է, որ «...Արևմտյան Ադրբեջան (ի նկատի ունի Հայաստանը) վերադառնալու հայեցակարգն արտացոլում է անկախ Ադրբեջանի Հանրապետության ռազմավարությունը: Այս հայեցակարգը «խաղաղության հայեցակարգ» է, իսկ Ադրբեջանի պնդումները բացառապես «մշակութային» են: Այս հայեցակարգը կլինի, այսպես կոչված, «Մեծ վերադարձի» երկրորդ ծրագիրը: Այսինքն` Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիան նոր հանձնարարություն է ստացել «կատարելագործել» Հայաստանի և Արցախի պատմությունը կեղծելու գործընթացը՝ հայերի դեմ նոր ցեղասպանությունն արդարացնելու և տարածքների բռնագրավման հիմնավորման նպատակով: Եվ քանի դեռ իշխանության են մերօրյա մելիքֆրանգյուլները, դրա դեմն առնողներ չեն լինի, զի եթե գողը տնից է, եզին երդիկից էլ կհանեն:
Իսկ տխրահռչակ ԷՐԱՏՈՆ հրապարակել է մի զարմանալի և շատ չարագուշակ տեքստ. «Այժմ, երբ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող կյանքի ճանապարհը փակված է Ադրբեջանի կողմից, երբ իմ 120 հազար հայրենակիցներ, գտնվելով լիակատար շրջափակման մեջ, երազում են բաղձալի խաղաղության մասին, կրկին ուզում եմ միասնականության կոչով դիմել Ձեզ: Սիրելի՛ տիկնայք, եկեք հանուն խաղաղության վեհ նպատակի մեկտեղենք մեր ջանքերը, որոնք վստահաբար կլռեցնեն բոլոր արկերն ու թնդանոթները, փամփուշտներն ու զենքերը: Խաղաղությունը վերացական գաղափար չէ, և հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են»: Իսկ մենք արդեն դառը փորձից գիտենք` հենց որ այդ գարշելի տիկինը խոսում է խաղաղությունից, դրան անպայման հետևում են արյունը, ավերը, հայրենազրկումը: Սա այն դեպքն է, երբ «...և փրկեայ զմեզ ի չարէ» աղոթքը մազաչափ իսկ օգնել չի կարող, երբ միակ իրական փրկությունը սրան «առաջին» տիկնոջ կարգավիճակից զրկելն է` ոտքի ելնելով և կապիտուլյանտական ամբողջ խունտային շքեղ աշխատասենյակներից բանտախցեր ուղեկցելով: Այլապես դեռ շատ ու շատ բնակավայրեր կդառնան «դժբախտ և դժգույն»:
Պատկերացնու՞մ եք` 2022 թ. բյուջեն պաշտպանության գծով ունի 190 մլրդ դրամի թերակատարում. պաշտպանության ոլորտի համար հատկացված 360 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 170 մլրդ դրամը: Այսինքն՝ սպառազինություն գնելու, նորմալ, անվտանգ զորամասեր, զինանոցներ, դիրքեր, կացարաններ սարքելու համար կա ամեն ինչ կա, միայն չկա հրաման` դրանք կառուցելու... Ինչ է սա, եթե ոչ պետական դավաճանություն, ինչ է նշանակում ռազմական բյուջեի կեսից ավելին «տնտեսել»: Այնպես որ, 15 զինծառայողների այրվելը ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ և գերագույն գլխավոր կապիտուլյանտի մեղքերի փոքր մասն է միայն, իսկ ամբողջական մեղքը կոչվում է պետական դավաճանություն: Հրաժարակա՞ն` չէ մի չէ, սրանք վաղուց պիտի կալանավորված լինեին... Ու այդ թերակատարման ֆոնին տեղեկանում ենք, որ. «Գորիսի տարածաշրջանի ողջ երկայնքով «ՈՄԱ Գորիս»-ը կրակային կետեր ու խրամատներ է կառուցելու: Այդ թվում՝ Ներքին Խնձորեսկում... Մենք մեր տունն ենք ամրոց սարքում ու պաշտպանում: Անձնապես խնդրում եմ բոլորիդ անցնել հղումով ու նվիրաբերել, որ տեխնիկան ամեն օր կարողանա աշխատել»: Զարմանալի և զարհուրելի է` փողը կա, տեխնիկան կա, ամեն ինչ կա, սակայն սահմանային ամրությունները հանգանակած փողով ստիպված մի ՀԿ է կառուցում... Եվ դա այն պարագայում, որ օրեր անց մեր ԶՈւ-ն դառնում է 31 տարեկան:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ