Մեր ազգին օդ ու ջրի պես հարկավոր է բարձր տրամադրություն. առաջնախաղ՝ Պարոնյանի բեմում
Մշակութային
Թեպետ բանալին երկուսի համար էր, բայց միեւնույն բնակարանում հայտնվեցին միանգամից երեք սիրեկան, սիրեկանների կանայք, եւ, իհարկե, այս ողջ խառնաշփոթը ստեղծած հերոսուհու ընկերուհին, ով միայն էլ ավելի թեժացրեց իրավիճակը: Մի խոսքով՝ իսկական հիվանդանոց կատաղի սիրառատ դրվագներով: Այսպիսին էր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմ բարձրացած երկու գործողությամբ նոր սիրային կատակերգությունը, որի առաջնախաղը լիաթոք ծիծաղներով ու բուռն ծափերով ընդունվեց հանդիսատեսի կողմից:
«Իրավունքի» հետ զրույցում բեմադրիչ ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆԸ փակագծեր բացեց, թե ինչ երկար ու բարդ ճանապարհ է անցել ներկայացումը:
- Նախ անդրադառնանք ներկայացման հիմքում ընկած պիեսի ընտրությանը, որը, կարծես թե, առաջին անգամ է բեմադրվում թատրոնում…
- Պիեսի հեղինակներն են անգլիացի գրողներ Ջոն Չեպմենը եւ Դեյվ Ֆրիմենը: Հայաստանում կոնկրետ մեզ մոտ այս պիեսը չի բեմադրվել: Այն բեմադրվել է Մոսկվայում, ուղղակի, ուրիշ անվան տակ: Այնտեղ ներկայացումը կոչվել է «День палтуса»: Այդ ներկայացման մասին ինձ պատմեցին եւ շատ հետաքրքրեց: Սկսեցի համացանցում փնտրել պիեսը, բայց ոչ մի կերպ չգտա այդ անվանմամբ պիես: Բայց քանի որ սյուժեն ինձ պատմել էին, որոշ ժամանակ հետո՝ պարզապես, նյութը ձեռքս ընկավ, կարդացի եւ հասկացա, որ նույն ստեղծագործությունն է, ընդ որում՝ պիեսի իրական անունը հենց «Բանալի երկուսի համար» է, ինչպես եւ անվանել ենք ներկայացումը, այլ ոչ թե «День палтуса»: Երբ կարդացի պիեսը միանգամից մտածեցի, որ սա հենց մեր թատրոնի համար է: Այն այսօր շատ արդիական է՝ իր թեթեւությամբ, կոմեդիկ իրավիճակներով: Եվ որոշում ընդունեցի, որ այս գործն անպայման պետք է բեմադրեմ: Իհարկե, այն շատ երկար ճանապարհ է անցել՝ մինչեւ այսօրվան հասնելը:
- Իսկ ինչո՞վ էր պայմանավորված եւ որքա՞ն ժամանակ եք աշխատել բեմադրության վրա:
- Առնվազն երեք տարի աշխատել ենք ներկայացման վրա. որովհետեւ անընդհատ սկսել եմ եւ ընդմիջել: Երբ սկսեցի, քովիդ չկար, սկսեցինք, քովիդն էլ սկսվեց: Դադար տվեցինք, հետո երբ քովիդը զիջեց իր դիրքերը, կրկին հնարավորություն ունեցանք աշխատելու: Բայց նորից քովիդի շտամը գլուխ բարձրացրեց: Մի խոսքով՝ երկար պրոցես է անցել ներկայացումը: Էլ չեմ ասում, որ սկզբնական շրջանում այլ դերաբաշխում է եղել պիեսի համար նախատեսված: Ուղղակի դերակատարները թատրոնից այս երեք տարվա ընթացքում մեկնեցին արտերկիր եւ նոր դերաբաշխում արեցինք՝ նոր դերակատարներով: Ինչպես ռուսներն են ասում` «сотрём, снова начнём» իրավիճակում ենք եղել երեք տարի անընդմեջ:
- Ո՞րն է ներկայացման գլխավոր մեսիջը՝ եթե սիրեկան եք պահում զգույշ եւ հնարամի՞տ եղեք, թե՞ թեկուզ լինի հարբեցող, բայց հավատարիմ մնացեք ձեր ամուսնուն:
- (ծիծաղում է, - հեղինակ) Ինձ թվում է՝ վերջին տարբերակն ամենաընդունելին է մեզ համար: Ամենակարեւորն այն է, որ հանդիսատեսը բարձր տրամադրություն տանի այս ներկայացումից, որովհետեւ այսօր մեր ազգին այն օդ ու ջրի պես է հարկավոր, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա ոտքի կանգնել, մի հատ թափ տալ իրեն: Մենք էլ մեր ուժերի ներածի չափով աշխատում ենք օգտակար լինել այդ գործում մեր ազգին:
- Իսկ ովքե՞ր էին ներգրաված ներկայացման պատրաստման աշխատանքներում:
- Ասիստենտը ներկայացման եղել է Ավետիս Շահինյանը: Այսքան բեմադրություններ եմ արել թատրոնում, բայց երբեք ասիստենտ ասվածը չեմ ունեցել, կյանքումս առաջին անգամ էր: Ես երիտասարդ տարիներին ինքս եղել եմ ասիստենտ, բայց ես չեմ ունեցել: Շատ շնորհակալ եմ նրան, որովհետեւ կողքիս զգացել եմ մի անձնավորություն, ով նվիրված օգնել է ինձ յուրաքանչյուր հարցում: Նա նաեւ արել է երաժշտական ձեւավորումը: Պարերը բեմադրել է Արտյոմ Գեւորգյանը, նկարիչ՝ Նելլի Բարսեղյան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






