Ինչ նորաձեւություն է թելադրում «Օսկար-2023»-ը
Մշակութային
Գաղտնիք չէ, որ սիրված դերասաններն ու դերասանուհիները թելադրում են, թե ինչն է նորաձեւ: Նրանց բազմահազար երկրպագուները շտապում են կրկնօրինակել` փորձելով հագնվել եւ ինքնադրսեւորել հենց այնպես, ինչպես աստղերն են ներկայացել հանրության առաջ որեւէ հեղինակավոր միջոցառման ժամանակ: Այս առումով Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 95-րդ մրցանակաբաշխությունը ոչ միայն հուսադրող չէր, այլ նաեւ բավական մտահոգիչ էր: Այսպիսով` աստղերը տարեցտարի այլեւս ոչ թե շլացնող հագուստներով, այլ խայտառակվելու չափ մերկությամբ են սկսել մրցել միմյանց հետ:
Նորաձեւության քննադատները ուշիուշով հետեւում են, թե «Օսկար»-ի հետընտրական երեկույթին ինչպիսի հագուստներով են ներկայանում աստղերը, որոնցով ողջ աշխարհին հայտարարում են իրենց նոր ոճի ու համարձակության մասին: Մինչդեռ այս անգամ ոչ թե հետեւել, այլ հայացքը թաքցնել էր պետք, որովհետեւ շատերն անգամ «մոռացել էին» ծածկել կուրծքն ու մնացյալ բարեմասնությունները: Այդուհանդերձ, պետք չէ կարծել, թե ամեն ինչ կորած է, ավելին` համաշխարհային ոճաբանները համարում են, որ «Օսկար 2023»-ը նախորդ մրցանակաբաշխություններից նույնիսկ ավելի համեստ էր, քանի որ աստղային հյուրերից շատերը խուսափում էին գլխապտույտ առաջացնող կտրվածքներից եւ էքստրեմալ դեկոլտեներից: Իհարկե, այստեղ բացառություն էին, այսպես ասած, «մերկ» զգեստները:
Ինչ խոսք, հանուն արդարության նշենք նաեւ, որ «Օսկար 2023»-ին մերկությունից զատ, գերակշռում էին նաեւ սպիտակ զգեստները: Իհարկե, սա էլ ունի իր բացատրությունը: Այս տարի ոչ միայն «Օսկար»-ն ապաքաղաքական չէր, այլ նաեւ կարմիր գորգն էլ կարմիր չէր: Գորգն այս տարի ո՛չ ավել, ո՛չ պակաս ծովափնյա ավազի գույնի էր: Մրցանակաբաշխության կազմակերպիչներն իրենց ընտրությունը հիմնավորել են՝ ասելով, որ ցանկանում են մայրամուտի ճանապարհը ծովափ հիշեցնի: Էլ ոչինչ չէր մնում աստղերին, քան հագնել սպիտակ զգեստներն ու ներկայանալ ռոմանտիկ հանդերձանքով, ինչը որոշների դեպքում ոչ պակաս տպավորիչ էր, քան կիսամերկ ներկայանալը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ







