Ով ում բարեկամն է «2+2»-ում
Մշակութային
Խառնիխուռն իրավիճակներով եւ անսպասելի շրջադարձերով սիրառատ պատմությունն ավարտվում է հարսանիքով: Բայց նախ ամուսնանում են խնամիները, իսկ հարսանեկան ծաղկեփունջը բաժին է հասնում հանդիսատեսին: Այլ փակագծեր չբացելով՝ նշենք, որ խոսքը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ բարձրացած «Երկու գումարած երկու» ռոմանտիկ կատակերգության մասին է, որը բեմադրել է ՀՀ վաստակավոր արտիստ Իռա Հարությունյանը՝ Բեատա Գուլչինսկայայի համանուն կամ «Ծաղկեփունջ երկնագույն հիմալայան կակաչներից» պիեսի հիման վրա: Առաջնախաղը, որին անձամբ ներկա էր նաեւ պիեսի հեղինակը, հանդիսատեսի կողմից ընդունվեց բրավոներով ու հոտնկայս ծափահարություններով. այո՛, մարդկանց ամենադժվարին օրերին էլ մի պտղունց ծիծաղ ու մի կաթիլ սեր է պետք՝ կյանքի հարվածներին դիմակայելու համար:
«ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՈՒՂԻՂ ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ԱՐԵԼ ԵՆՔ ԱՆՀՆԱՐԸ»
«Իրավունքի» հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ ԻՌԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ասաց, որ այսպիսի մի գործ բեմադրելու միտք վաղուց ուներ:
— Ինչպե՞ս ծնվեց ռոմանտիկ կատակերգություն բեմադրելու գաղափարը, եւ որքա՞ն ժամանակ պահանջվեց «2+2»-ի հանրագումարը գտնելու համար:
— Ես հանկարծակի գտա Բեատա Գուլչինսկայայի պիեսը, որն ինձ համար այդ պահից շատ հոգեհարազատ դարձավ: Թեպետ գաղափարը վաղուց կար, բայց պիեսի վրա սկսեցի աշխատել մոտավորապես՝ հունվար ամսից: Փետրվարի վերջին նոր սկսեցինք փորձերը եւ, ինչպես ասում են, օրացույցային ուղիղ մեկ ամսում արել ենք անհնարը: Այս ներկայացումը պատրաստվել է սիրով, որովհետեւ մի բռունցք էինք դարձել եւ արեցինք ինչ հնարավոր էր, որ ճիշտ ժամանակին այն հանձնենք հանդիսատեսի դատին:
— Ի՞նչ կասեք ներկայացման դերասանական կազմի մասին, որոնցից առնվազն երկուսը նոր անուններ են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
— Առաջին անգամ մեր թատրոնի բեմից հանդես է գալիս ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Արզումանյանը: Նա ոչ միայն առաջին անգամ է խաղում խաղացանկային թատրոնում, այլ առաջին անգամ է, որ հանդես է գալիս ռուսերենով: Այս ամենը շատ հուզիչ է, որովհետեւ շատերը ճանաչում են իրեն՝ Մկոյի կերպարով, իսկ այս ներկայացումը դիտելուց հետո, ինձ թվում է, կհասկանան, թե ինչպիսի վարպետ եւ ունիվերսալ դերասան է: Ներկայացումը միայն հումորային չէ, եւ բեմում կտեսնեք Մկոյի տարբեր երանգները, որոնք դեռ երբեւիցե չեք տեսել: Նրա հետ միասին գլխավոր դերում է նաեւ բոլորիս կողմից շատ սիրված ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Բալանդինան: Այն, ինչ անում են Մկրտիչը եւ Աննան բեմում, ուղղակի, վարպետության դաս է: Մեր երիտասարդ սերնդից տարբեր օրերին խաղում են Հռիփսիմե Նահապետյանը եւ Արմեն Մարգարյանը ու Հայարփի Զուռնաչյանը եւ Իվան Ստեպանովը, որը աշխատել է Ռոման Վիկտյուկի թատրոնում, ռուս դերասան է եւ ժամանել է Մոսկվայից: Իմ դերասանները բոլորն էլ լավագույնն են, չեմ ափսոսում շռայլել խոսքեր, որովհետեւ շատ եմ սիրում այս ներկայացման քառյակին եւ երկու փոխարինող կազմին:
— Ո՞րն է ներկայացման հիմնական ասելիքը, թե՞ առաջարկում եք հանդիսատեսին ուղղակի լիցքաթափվել կատակերգություն դիտելով:
— Ներկայացումը շատ մեծ ասելիք ունի, որովհետեւ այն սիրո համար պայքարելու, խնդիրները հաղթահարելու մասին է: Իսկ թե մեր հերոսները ինչպիսի տարբեր իրավիճակներում են հայտնվում, ինչպես են դրանք հաղթահարում, եւ ով ում բարեկամն է, կիմանաք ներկայացումը դիտելուց հետո: Միայն ասեմ, որ սերը հաղթում է: Ես միգուցե շատ ռոմանտիկ եմ, բայց եթե սեր չկա պիեսի մեջ, այն ինձ հետաքրքիր չէ: Իսկ այստեղ շատ տարբեր փորձություններով մեր հերոսները անցնում են, եւ երկու զույգ է ձեւավորվում՝ մեկը միջին տարիքի, մյուսն՝ ավելի երիտասարդ: Այս զույգերի տարբերությունները տեսնելն ինձ թվում է՝ յուրաքանչյուր հանդիսատեսի է հետաքրքիր՝ լինի 18 տարեկան, թե` 50-60:
— Առաջնախաղից առաջ կա՞ր լարվածություն, թե՞ վստահ էիք, որ բոլոր խնդիրները հաղթահարված են:
— Անհանգստություն կար, բայց միայն նրա համար, որ մենք շատ էինք ցանկանում կիսվել հանդիսատեսի հետ: Հատկապես վերջին փորձերի ժամանակ առավել մեծ էր սպասումը: Երբ կատակերգություն ես բեմադրում, դատարկ դահլիճում չես կարող պարզել, թե ինչ գնահատական կարող է տալ հանդիսատեսը: Այնպես որ, շատ էինք սպասում մեր հանդիսատեսին:
— Գերակտիվ ստեղծագործական գործընթացի մեջ եք` թե՛ որպես դերասան, թե՛ որպես բեմադրիչ: Անցումները մեկից մյուսին բա՞րդ են:
— Ես բեմադրում եմ ներկայացումներ արդեն մոտավորապես 20 տարի: Եվ շատ ճիշտ կարողանում եմ մեկը մյուսից տարանջատել: Երբ ես բեմում եմ, ինձ դրսեւորում եմ, որպես դերասան, իմ աշխատելաոճը լրիվ փոխվում է եւ իմ կերպարի վրա եմ աշխատում եւ ռեժիսորի աշխատանքի մեջ չեմ ներխուժում: Իսկ երբ բեմի ներքեւում եմ, լրիվ այլ Իռա Հարությունյան եմ դառնում, ինձնից անջատվում է դերասանուհին:
«ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՌԻԹՆԵՐԸ ՇԱՏ ԼԻՆԵՆ` ԹԱՏՐՈՆԻՆ ՄՈՏ ԼԻՆԵԼՈՒ»
Մինչ բեմելը` մեզ հաջողվեց զրուցել նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ ՄԿՐՏԻՉ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ, ում կարծիքով` բեմ բարձրանալուց առաջ միշտ կա անհանգստություն:
— Եթե անհանգստություն չլիներ, ուրեմն՝ պետք էր դիմել համապատասխան մասնագետների: Բացի այն, որ նոր նյութի հետ ես աշխատում, պարզապես, յուրաքանչյուր մուտքը բեմ, եթե բեմին վերաբերվում ես հարգանքով, մատների արանքով չես կարող նայել: Իսկ այն բերում է անհանգստություն: Չափազանց մեծ գերուժեր են անհնագստությունը եւ քո միջի էներգիան, որոնք պետք է ճիշտ բաշխես, որ այդ անհանգստությունն էլ դառնա էներգիա, ու այդ ամենը արդեն մատուցես հանդիսատեսին:
— Ի՞նչ կասեք այն սիրային խառնաշփոթի մասին, որ ներկայացնում եք հանդիսատեսին:
— «Երկու գումարած երկու» ներկայացումը, որը բեմադրվել է Բեատա Գուլչինսկայայի պիեսի հիման վրա, հրաշալի ստեղծագործություն է` իրավիճակային բազմաթիվ զարգացումներով, հարուստ սյուժեով: Կարծում եմ՝ հանդիսատեսը չի հասցնի ուրիշ բաների մասին մտածել: Սա կարեւոր է ներկայացման համար: Այնպես է կազմակերպված ամեն ինչ, որ նյութի մեջ մնա հանդիսատեսը:
— Առաջին անգամ հանդիսատեսը Ձեզ կտեսնի բեմում ռուսերենով: Հեշտությա՞մբ հաջողվեց:
— Սա տարիների աշխատանք է: Կապ չունի` ինչ լեզվով է, առհասարակ, պետք է բեմական խոսքին մեծ ուշադրություն դարձնել, լինի հայերեն, ռուսերեն, թե անգլերեն, մեծ ջանքեր են պետք, որպեսզի ճիշտ էներգիադ բաշխես, ու այդ ամենը չափաբաժիններով փոխանցես մինչեւ վերջ: Բնականաբար, դժվար է, բայց մեզ համար դժվար ոչինչ չպետք է լինի: Դժվարությունները փորձում ենք հաղթահարել` երկար աշխատանքի միջոցով:
— Ձեր հերոսի անունը Ֆելիքս է: Այն որքանո՞վ է նման ֆիլմում Ձեր կերտած արդեն հայտնի նախորդ Ֆելիքսին:
— Սա նոր Ֆելիքս է, բայց երկրորդն է իմ կյանքում: Առաջինը «Քայլ ձիով» ֆիլմի Ֆելիքսն էր, բայց երկու ֆելիքսներն իրար հետ կապ չունեն: Նոր Ֆելիքսը շատ հետաքրքիր կերպար է` մի քիչ իր մասին ավելի շատ մտածող, մի քիչ էգոցենտրիկ անձնավորություն: Բայց, միեւնույնն է, վերջում հանձնվում է, որովհետեւ կյանքում կան երեւույթներ, որոնց դիմաց, պարզապես, չես կարող դիմակայել:
— Իսկ ի՞նչ էր կատարվում մինչեւ առաջնախաղը, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանների հետ հե՞շտ մերվեցիք:
— Հրաշալի դերասանների եւ հրաշալի ռեժիսորի հետ եմ աշխատել: Իռա Հարությունյանի հետ առաջին անգամ ենք համագործակցում: Պարզապես, յուրաքանչյուր օրը մեզ համար իսկապես տոն է եղել: Ինչ-որ ամպագոռգոռ բառեր չեմ հնչեցնում, բայց, իսկապես, չէինք ուզում, որ փորձերն ավարտվեն: Վերջին փորձի օրը մեզ համար շատ ծանր էր: Մի քանի անգամ խաղացինք ներկայացումը, բայց երեկոյան, երբ հավաքվել էինք գրիմանոցում, ասում էինք` ո՞նց, առաջնախաղին մի՞ անգամ ենք խաղալու (ծիծաղում է, – հեղինակ): Միմյանց խաղի յուրաքանչյուր վայրկյանից հաճույք ենք ստանում, որովհետեւ հավաքվել են մարդիկ, որոնց համար շատ կարեւոր աշխատանք է սա, եւ որոնք հարգում են իրենց աշխատանքը:
— Փաստորեն, Ձեզ ինչքան փորձեցին ներքաշել քաղաքականության մեջ, Դուք ավելի մոտեցաք պրոֆեսիոնալ թատրոնին: Թատրոնում Ձեզ կոմֆո՞րտ եք զգում, թե՞ Դուք էլ կանցնեք stend-up-ների:
— Այստեղ է իմ տեղը: Ինչ վերաբերում է stend up-ներին` դժվար թե, մաքսիմում կլինի մոնոներկայացում, որի վրա հիմա աշխատում եմ: Հուսամ մոտ ապագայում կներկայացնենք արդեն: Իսկ stend up-ների ձեւաչափում, ցավոք, այս տարիների ընթացքում այդպես էլ չտեսա ինձ: Կան մասնագետներ, ովքեր լավ են դա անում, բայց ես ինձ մի քիչ ավելի շատ թատրոնին եմ մոտ զգում ու ամեն ինչ անում եմ, որպեսզի առիթները շատ լինեն` թատրոնին մոտ լինելու:
«ԱՐԴԵՆ «ՊԱՊ ՋԱՆ» ԵՄ ԱՍՈՒՄ ՄԿՈՅԻՆ»
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի ՀԱՅԱՐՓԻ ԶՈՒՌՆԱՉՅԱՆԸ ներկայացման մեջ հանդես է գալիս Մկրտիչ Արզումանյանի հերոսի` Ֆելիքսի դստեր կերպարում: Իր կերտած հերոսուհու մասին նա անկեղծացավ մեզ հետ:
— Ինչ խոսք, կերպարը մոտ է ինձ, չեմ թաքցնի: Ես արդեն բավականին երկար ժամանակ է խնդրում էի, որ մի լավ կոմեդիա բեմադրեն, խաղանք, որովհետեւ վերջին ժամանակաշրջանում դրամաները գերակշռում են իմ խաղացանկում: Եվ վերջապես կոմեդիա ենք խաղում, որը լրիվ ուրիշ աշխարհ է, ուրիշ ձեւով ես ներկայանում հանդիսատեսին, ավելի ազատ ես, գուցե ինչ-որ տեղեր էլ իմպրովիզիացիաներն են ավելի շատ լինում` ընդհուպ ներկայացման ժամանակ կամ փորձերին: Անընդհատ ինչ-որ նոր գաղափարներ են ծնվում, ինչն, իհարկե, ոգեւորիչ եւ հաճելի է: Ներկայացումը երկու ընտանիքի մասին է` մայր եւ տղա ու հայր եւ աղջիկ: Արդեն «պապ ջան» եմ ասում Մկոյին, որովհետեւ ներկայացման մեջ իր դուստրն եմ: Սա իրավիճակային կոմեդիա է, որն ունի սիրային մի քանի գիծ, եւ ինձ թվում է` այն հաջողված է:
— Իսկ Մկրտիչ Արզումանյանը բացի «պապ ջան» լինելուց` ինչպիսի՞ խաղընկեր է թատրոնում:
— Շատ լավ: Առաջին անգամ եմ աշխատում իր հետ, բայց շատ տպավորված եմ: Կինոյում չեմ կասկածում, թե ինչպես է աշխատում, բայց թատրոնի շրջանակներում իր հետ չէի աշխատել: Շատ պարտաճանաչ է, դրական, խաղընկերոջը հասկացող, ընկալող, ինչ-որ տեղ զիջող: Մի խոսքով՝ շատ լավ խաղընկեր է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ







