ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Ո՛չ, դիակներով այս պարկերը 44–օրյա պատերազմի կադրերից չեն, դրանք թարմ կադրեր են ԻՍՐԱՅԵԼԻՑ: Այն երկրից որը մշտապես և էապես օգնել է Ադրբեջանին ցեղասպանել հայերին: Բումերանգի օրենքն է, պարզապես այս անգամ զարմանալիորեն արագ գործեց: Եվ գործելու է` հերթով, կարգով, հասնելու է բոլոր մեծ և փոքր տերություններին, որոնք Սուրբ երկիրը` Արցախը, բռնագաղթի ենթակելու քստմնելի ոճրին մասնակցել են: Ինչպես իրավացիորեն նկատում է նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը. «Այն, ինչ կարելի է մեկին, կարելի է բոլորին: Իսկ գիտեք, թե ինչու են թեժանում աշխարհի տարբեր կոնֆլիկտները: Աշխարհը լռեց, երբ Ադրբեջանն ուժի կիրառմամբ՝ պատերազմով և բազում ռազմական հանցագործություններով կարողացավ հասնել իր ուզածին, աշխարհը չդատապարտեց, ավելին՝ ձեռք սեղմեց: Աշխարհը թույլ տվեց, որ այսուհետ գործի ուժը, և ոչ՝ դիվանագիտությունը: Ուկրաինա, Սերբիա, Կոսովո, Իսրայել, Պաղեստին… Եվ սա դեռ շարունակվելու է, նոր օջախներ են բռնկվելու, քանի դեռ Ադրբեջանը չի կանչվել պատասխանատվության»: Այո՛, նույնիսկ հարաբերական խաղաղություն այս մոլորակում չի լինելու ու չպետք է լինի, մինչև ցեղասպանները չպատժվեն:
Վո՛ւյ... զարմանալիորեն հայտնվեց ոչ բարով պետության գլուխ, իսկ իրականում` չգիտենք ինչի գլուխ, չնախագահ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ, որպեսզի հայտարարի. «Խորապես անհանգստացած եմ Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության ներկայիս սրմամբ, որը հարյուրավոր անմեղ կյանքեր խլեց և բազմաթիվ մարդկանց վիրավոր թողեց։ Ցավակցում եմ զոհվածների հարազատներին, մաղթում տոկունություն ու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»։ Մի հարցնող լինի` այդ անիմաստ կերպարանքն ո՞ւր էր անհետացել, երբ Արցախի ողբերգական բռնագաղթն էր տեղի ունենում: Թե՞ հիմա հարմար պահ է, երկու լրիվ հեռու երկրների/ժողովուրդների առնչությամբ դատարկ, ստանդարտ, ոչինչ չպարտավորեցնող բան ասելը: Հիմա դրանից ի՜նչ, հակամարտող կողմերը, գերտերություններն էլ վրադիր, շունչները պահած, Վահագն Խաչատուրյանի հեղինակավոր խոսքի՞ն էին սպասում: Թե՞ որոշեց ծպտուն հանի, որպեսզի իրեն վերջնական չմոռանան, որ կա այդպիսի մեկը, հարկատուի հաշվին վարձատրվում է, հարկատուի հաշվին նստավայր և աշխատակազմ ունի, դաշնամուր նվագել գիտի, սելֆի անել է կարողանում...
Իսկ հիմա մի մեջբերում. «Ներկայումս Ղարաբաղը Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածք է։ Ադրբեջանի Հանրապետությունը, օգտագործելով արտատարածաշրջանային երկրների և Սիոնիստական ռեժիմի կարողությունները, ձեռք է բերել ռազմական գերակայություն Հայաստանի նկատմամբ, սակայն դա նրան թույլ չի տալիս գրավել որտեղ որ ցանկանում է։ Ղարաբաղն ավանդաբար պատկանում է Հայաստանին, մարդկանց փախուստը դեպի Հայաստան պայմանավորված է ադրբեջանական բանակի գնդակոծությամբ և հարձակմամբ, և դա չի նշանակում, որ հայերը Ղարաբաղում կորցրել են իրենց էությունն ու ինքնությունը, քանի որ ավանդաբար Ղարաբաղը միշտ էլ պատկանել է ու պատկանում է Հայաստանին»։ Ի՞նչ եք կարծում, ո՞վ է այդ խոսքի հեղինակը` մեր մշտական ռուս, ամերիկացի կամ եվրոպացի հատուկենտ բարեկամներից մե՞կը: Ինչքան էլ զարմանալի լինի` ո՛չ: Դա Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ ՇԱՀՐԻԱՐ ՀԵՅԴԱՐԻՆ է, և այդպես է ասել Երիտասարդ լրագրողների ակումբին տված հարցազրույցում: Այսինքն` հարկ է համարել Արցախի հարցում երիտասարդ լրագրողներին ճիշտ հիմքեր տալ:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ