ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Զարմանալի բաներ են կատարվում Երևանի ավագանիում` Անի Խաչատրյանը նեղացել է ԿԱՐԳԻՆ ՀԱՅԿՈՅԻՑ, իսկ թե ինչու` խոսքը տանք քաղաքագետ Գագիկ Համբարյանին. «Դավաճան Նիկոլին սպասարկող Արամի կուսակից Անին վիրավորվել է, որ իրենց համեմատել են ՕԵԿ–ի հետ և մի «դույլ» մաղձ է թափել Հայկոյի հասցեին, թե բա «թող ընտրի` ինչ սեռի շոր հագնի»: Նախ, դուք «ՕԵԿ»–ից էլ վատն եք, քանի որ դուք, ի տարբերություն ՕԵԿ–ի, համագործակցում եք դավաճան, Հայաստանին կապիտուլյացիայի տարած, թուրքի առաջ նվաստացրած և նսեմացրած Նիկոլ Անհողի հետ: Բնավ ցանկություն չունենալով պաշտպանել Հայկոյին` նշեմ, որ միայն անգրագետը կարող է դերասան–քաղաքական գործչին երեսով տալ իր անցյալը: ԱՄՆ–ում ժամանակին որևէ մեկի մտքով չի անցել նախագահ Ռոնալդ Ռեյգանին հիշեցնել իր «կրկեսի դերասան» անցյալը ու երեսով տալ բեմի վրա նրա հագած շորերը»: Այ դա արդեն չեղավ, պարոն Համբարյան, 2018–ին ազգը սևի ու սպիտակի բաժանած Հայկոյից ի՞նչ Ռեյգան: Բայց որ սպարապետի անարժան եղբայր Արամի կուսակցությունն ՕԵԿ–ի հետ համեմատելը վիրավորանք է ՕԵԿ–ի հասցեին, դա հաստատ: Բայց նաև հաստատ է, որ Հայկոն քաղաքականության մեջ էլ մնաց ծաղրածու:
Պաշտպանության նախկին նախարար ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ էլ ի ցույց է դնում, որ իրավապահ կոչեցյալները կրկեսի ծաղրածուից հեռու չեն, և Հայաստանի իրավական համակարգի պերճանքն ու թշվառությունը զարմանալիորեն ամփոփված են մեկ մեղադրանքում. «Պաշտպանության նախարարը չարամտորեն, նեղ խմբային շահերից ելնելով, առաջնահերթ բնակարաններ է հատկացրել առնվազն 5 տարի առաջնագծում ծառայած զինվորականներին»: Նա փաստում է. «Մամուլը զբաղեցնելու և հանրության համար նոր զվարճանք բեմադրելու համար դատախազությունը իմ դեմ «նոր քրեական վարույթ» սկսելու մասին ամպագոռգոռ հայտարարություն է տարածել: Իրականում խոսքը վերաբերում է այն նույն գործին, որ Հայաստանի բոլոր քննչական ատյաններով կարում էին դեռ 2019–ից: Գործը նույնն է. հայ քննիչն ու դատախազը Հայաստանի պաշտպանության նախկին նախարարին մեղադրում են առ այն, որ ՊՆ բնակելի շենքից բնակարաններն առաջնահերթ հատկացվել են առնվազն հինգ տարի առաջնագծում մարտական հերթապահություն իրականացրած զինծառայողներին: Նրանք պնդում են, որ ես դա արել եմ` «խմբային շահերից ելնելով», չարամիտ դիտավորությամբ: Նորությունն էլ հետևյալն է. գործով բացի ինձանից անցնող բոլոր «մեղադրյալների» մասով վարույթը կարճվել է»:
Իսկ քաղբանտարկյալ ՏԱԹԵՎԻԿ ՎԻՐԱԲՅԱՆՆ էլ (Տաթև Արցախը) որոշել է դատի տալ նիկոլազոմբի զրպարտիչներին: Իրավապաշտպան Արսեն Բաբայանի խոսքով` կալանավորումից հետո զարմանալիորեն իշխանական զրպարտիչների մեծ քանակով ծանր հարձակում սկսվեց նրա նկատմամբ. «Իշխանության հարյուրավոր ֆեյքեր մեկ հրամանով ծանրագույն վիրավորանքներն ու զրպարտությունները տարածեցին Տաթևի հասցեին։ Պատճառը պարզ էր, Տաթևը պայքարում է, որից սարսափում են իշխանության ներկայացուցիչները։ Այդ ծանր հարձակումների մեջ առանձնահատուկ դեր էին ստանձնել Դիանա Մարտիրոսյան (Կոտայքի մարզ) և Անիտա Հարությունյան (Արարատի մարզ) անուններով իշխանական քարոզիչները, որոնք բազմաթիվ վիրավորանքներ ու զրպարտություններ հրապարակեցին Տաթևի վերաբերյալ։ Տաթևի որոշմամբ և փաստաբան Իրմա Ճաղարյանի աջակցությամբ ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի և Անիտա Հարությունյանի ներկայացվել են դատական հայցեր՝ պատվին և արժանապատվությանը հասցված վնասների հատուցման համար»։ Դե ինչ, հաղթանակ մաղթենք Տաթևին:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ