ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
«Բուհերում արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին մտահոգիչ ահազանգեր եմ ստանում բռնի տեղահանված մեր երիտասարդ հայրենակիցներից»,– ահա այսպիսի զարմանալի և նողկալի երևույթի մասին ահազանգում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ։ Պատգամավորը նաև զգուշացնում է. «Այս առնչությամբ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ խոսեցի առանց այդ էլ զգայուն մեր հայրենակիցների նկատմամբ ավելորդ հոգեբանական ճնշում չգործադրելու և հանրության մեջ չմեկուսացնելու հրամայականի մասին։ Պայմանավորվեցինք, որ վերջինս խստորեն պահանջի դասախոսական կազմից արցախցի երիտասարդների հանդեպ լինել հարգալից, ընդգծել, որ նրանք արժանի են իրենց հայրենակիցների կողմից հավասար վերաբերմունքի։ Ամենօրյա ռեժիմով հետևողական եմ լինելու ոչ միայն ԵՊՀ–ում, այլև ՀՀ բոլոր բուհերում նմանատիպ խնդիրների բարձրաձայնմանը և կարգավորմանը։ Կրթական հաստատությանն անհարիր այս դրևորման կրկնության դեպքում հանրայնացնելու եմ անթույլատրելի վարքագիծ ցուցաբերած դասախոսների անուն–ազգանունները»։ Իսկ միգուցե ճիշտ կլիներ հենց այդ տականքների անունները հրապարակելո՞ւց:
Իսկ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ խոսել է հասարակական–քաղաքական գործիչների, արցախցի երիտասարդների ձերբակալություններին ու կալանավորման դեպքերի մասին` արձանագրելով զարմանալի և ամոթալի իրողություն. «Այդ շղթան իր մեջ ներառում է 50 քաղբանտարկյալ, այդպիսի թիվ երբեք չի եղել։ Ընդ որում` միջազգային կառույցները՝ ԵԺԿ–ն և այլն, հստակ ֆիքսում են, որ ՀՀ–ում կան քաղբանտարկյալներ։ Սա միայն մեր խոսույթը չէ, սա աշխարհի խոսույթն է»,– ասել է նա։ Մամիջանյանի խոսքով՝ այս իրավիճակը կավարտվի, երբ հեռացվի Փաշինյանի իշխանությունը։ «Իշխանություններին թվում է՝ իրենք ավելի ուժեղ են, իսկ հայրենասերները՝ ավելի թույլ։ Իրենք չարաչար սխալվում են, ու այդ գիտակցումը իշխանության համար շատ ծանր ու թանկ է լինելու»,– ասել է պատգամավորը։ Եվ իրոք, «մեր դեմ խաղ չկա» ասողները սովորաբար շատ վատ վերջաբան են ունենում, կյանքի օրենքն է այդպիսին, որ մի օր «խիյարը թարս է բուսնում»:
Իսկ քաղբանտարկյալների թեման եզրափակենք մեծն ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ խոսքով, որ գրվել է 1907 թվականին, սակայն զարմանալիորեն կարծես հենց այսօր ասված լինի. «...Բանտարկեալնե՜րը… Ովքե՞ր են այդ բանտուած ոգիները: Եթէ այդ հարցը առաջարկենք Ճերմակ Ցարին կամ Կարմիր Սուլթանին, նրանք «աւազակ» եւ «մարդասպան» անուններով կը մկրտեն նրանց: Այո՛, նրանք, բանտարկեալները, Ազատութեան աւազակներն են, որոնք ուզեցին Ազատութիւն եւ Արդարութիւն գողանալ իրենց հրատանջ Ազգի համար: Նրանք յանդգնեցան փշրել Հայու ձեռքն ու ոտքը կաշկանդող բռնութեան շղթաները: Նրանք, Հայու ազատութեան ասպետները, ցոյց տուեցին բռնակալներին, թէ Հայը այլեւս արցունքի գետեր չէ թափում, այլ՝ բողոքում է, որի ձայնից դողում են տիրանները իրանց շիրիմների խորքերում, ցոյց տուեցին, թէ Հայը այլեւս չէ բախում, այլ՝ փշրում է Ազատութեան դարպասները»: Հենց նրանք իրավունք ունեն երկրորդելու մեծն զորավարին. «Թող հետևի ինձ նա, ով դեռ չի մեռել բարոյապես...»: Իսկ ավաղ, բարոյապես մեռածների պակաս այսօր չկա:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ