Ժամանցի միջոցով փորձում են այլասերել երեխաներին. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑ
Մշակութային
«Իրավունքը» զրուցել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ հետ:
— Հայկական հեռուստաալիքներից մեկում, մանուկների համար նախատեսված մուլտֆիլմում, ցուցադրվել է, թե ինչպես է տղամարդը համբուրվում մեկ այլ տղամարդու հետ: Նման ժամանցը այսօր չի՞ աղավաղի մեր երեխաների գիտակցական աշխարհը:
— Հեռուստաընկերությունները պետք է պարտադիր հետեւեն իրենց քաղաքականությանը եւ ստուգված ֆիլմեր, մուլտֆիլմեր ցուցադրեն: Դա պարտադիր է: Եթե դու հեռուստաալիք ես, իրավունք չունես այն ամեն ինչը, որ այսօր աշխարհում նկարահանվում է, ցուցադրես: Դու պետք է պատասխանատվություն կրես քո ցուցադրվող նյութերի համար: Իսկ մեր երկրում այսօր ընդհանրապես ոչ ոք պատասխանատվություն չի ուզում կրի որեւէ բանի համար: Դրա համար հեռուստաալիքները նույն քաղաքականությունն են վարում, որ նույնիսկ չստուգելով՝ ցուցադրում են նման ֆիլմեր, ինչն իմ կարծիքով ցանկացած նորմալ մարդու համար անընդունելի է: Ցավալի է, որ այսօր աշխարհում տարվող ԼԳԲՏ քարոզը ներթափանցել է նաեւ Հայաստան, հայկական որոշ հեռուստաալիքներ:
— Պարոն Սահակյանց, Ձեզ առաջարկ եղե՞լ է ԼԳԲՏ քարոզ պարունակող ֆիլմ, մուլտֆիլմ նկարահանել:
— Այո, առաջարկ եղել է, ես հրաժարվել եմ: 2019 թվականին, երբ փսեւդոազատություն եկավ Հայաստան, հայտնվեց մի պրոդյուսեր, ով ինձ առաջարկեց, որ փառատոնային ֆիլմ նկարահանեմ, որտեղ կար հոմոսեքսուալիստների պատմություն, ինչից ես հրաժարվեցի: Երբեք նման ֆիլմ չեմ նկարահանել եւ երբեք չեմ դավաճանի իմ սկզբունքներին:
— Ընդհանրապես, այսօր հեռուստաընկերություններում մանուկների համար ցուցադրվող ֆիլմերն ու մուլտֆիլմերը որքանո՞վ են կրթադաստիարակչական բնույթի:
— Որոշ հեռուստաալիքներ այսօր նպատակ էլ չեն հետապնդում իրենց հաղորդումներով, ֆիլմերով ու մուլտֆիլմերով կրթել, դաստիարակել մեր երեխաներին: Ուղղակի ժամանց են ապահովում: Իսկ ժամանցի կանոնները գլոբալիստական աշխարհում ակնհայտորեն որոշ ուղղվածության են վերածվել, որի արտահայտություններն այսօր մենք տեսնում ենք: Մաքսիմալ փորձում են կատարել այն օրակարգը, որով կայլասերեն մեր երեխաների մտածողությունը:
— Ներկա իրավիճակում ի՞նչ ստեղծագործական պրոցեսների մեջ եք:
— Ընկերներիս հետ հայ երեխաների համար մի նախագիծ ենք պատրաստում, որի մասին շուտով կիմանաք: Առաջին փակ ցուցադրությունը եղել է մի քանի դպրոցներում, եւ երեխաներից լսել ենք իրենց կարծիքները, որոնք էլ հաշվի առնելով՝ երկրորդ մասն ենք պատրաստում: Այս մասին ավելի մանրամասն կխոսեմ որոշ ժամանակ անց:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ