Մարզերից մեկում տնօրենը կնոջը բռնել է մեկ այլ տնօրենի առանձնատանը, երկաթե ձողով ծեծել է ու սպառնացել
Քրեական
Հունվարի 26-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել մարզերից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տվյալ մարզի ոստիկանության տարածքային բաժնի պրոֆիլակտիկայի ավագ տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ իր կողմից սպասարկվող վարչական տարածքի բնակիչներ ոմն Մ․ Տ․-ի և Վ․ Մ․-ի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Մ․ Տ․-ն ծեծի է ենթարկել Վ․ Մ․-ին։
Հանդիպումը տեղի է ունեցել ժամը 23։00-ի սահմաններում և Վ․ Մ․-ն այցելել է նշված վայր, որտեղ էլ Մ․ Տ․-ն ձեռքին եղած երկաթե ձողով հարվածներ է հասցրել Վ․ Մ․-ի գլխին ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, ինչից վերջինս ուշագնաց է եղել ապա Մ․ Տ․- ն կապել է Վ․ Մ․-ի ձեռքերը, այդ վիճակում նորից ծեծի ենթարկել իսկ հետո բացահայտ հափշտակել նրան պատկանող բջջային հեռախոսը, իսկ որոշ ժամանակ անց մեկ այլ անձի միջոցով հեռախոսը հետ է վերադարձրել։
Պարզվել է նաև, որ Մ․ Տ․-ն հրազենի փողը ուղղել է Վ․ Մ․-ի սեռական օրգանի ուղղությամբ և սպառնացել է, որ կսպանի։
Ոստիկանության մարզային վարչության և ոստիկանության տարածքային բաժնի ծառայողների կողմից Մ․ Տ․-ն հայտնաբերվել է և տեղափոխվել ոստիկանություն, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի տվյալ մարզային քննչական վարչության տարածքային քննչական բաժին, որտեղ կողոպուտ կատարելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մ․ Տ․-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հայտնում։