ԶԱՐՄԱՆՔ
Պատմական
ՆԻԿՈԼԸ Նիկոլ չի լինի, եթե ամեն օր չզարմացնի իր տարօրինակ մտքերով: Վերջերս նա որոշեց, որ բուհերի շենքերը, որոնք նա անվանեց «նախկին շենքեր», պետք է հանձնել վարձակալության, իսկ դրանից ստացած «ամբողջ եկամուտն ուղղել Ակադեմիական քաղաքի ֆինանսավորմանը»: Ստացվում է, որ բուհերի շենքերը վարձակալության տալու պահից մինչեւ Երեւանի ծայրամասում «Ակադեմիական քաղաք» կառուցելը, մի քանի տարի հայ ուսանողությունը դասերը անցկացնելու է անհայտ վայրերում կամ էլ ընդհանրապես դասի չի գնալու: Զարմանալի է, Նիկոլին ի՞նչն էր ավելի շատ անհրաժեշտ` բուհերի շենքերի վաճառքը եւ դրանից գոյացած փողերը, թե՞ Հայաստանում բարձրագույն կրթությունը վերջապես ոչնչացնելը: Թեեւ, Նիկոլի տեսակետից բարձրագույն կրթությունը ավելորդ է, չէ՞ որ նա առանց բարձրագույն կրթության զարմանալիորեն դարձավ վարչապետ:
Զարմանալի է ՔՊ-ականների անվերջ սերն ու նվիրումը Թուրքիայի հանդեպ: Այսպես, ՔՊ-շկա պատգամավոր ԱՐՈՒՍ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԸ հայտարարել է, որ լավ կլինի, որ Թուրքիան ավելացնի իր ներկայությունը Անդրկովկասում ու մասնակցությունը հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին: Այսինքն` սույն Արուսը երազում է, որպեսզի Հայաստանը դառնա Թուրքիայի վիլայեթ, ինքն էլ հույս ունի այդ վիլայեթում լինել վեզիր-նազիր: Սակայն զարմանալիորեն զուր են նման երազանքները: Թուրքերը նույնպես արհամարհանքով են վերաբերվում իրենց ազգին դավաճանածներին, առավել եւս, եթե դրանք հայ են:
Մենք մնացել ենք զարմացած ԷՄԱՆՈՒԵԼ ՄԱԿՐՈՆԻՑ, որը որոշել է Ֆրանսիայի ազգային հերոս, հակաֆաշիստ Միսաք Մանուշյանին վերահուղարկավորել «Պեր Լաշեզ» պանթեոնում: Իհարկե, ողջունելի նախաձեռնություն է, սակայն, այնուամենայնիվ, զարմանալի, որ աշխարհի այս խառը իրավիճակում Մակրոնի մտքով անցավ այդպիսի արարողություն անցկացնել: Առավել եւս, որ Արցախում օկուպացիայի տակ են մնացել եւ պղծվում են գերմանական նացիզմի դեմ պայքարած մարտիկների հարյուրավոր հուշարձաններ, իսկ Մակրոնը մատը մատին չի խփում, որպեսզի կանխի այդ ընթացքը: Այստեղ զարմանալի է նաեւ, որ հակահիտլերյան շարժման մարտիկի վերահուղարկավորման արարողությանը հրավիրվել է Նիկոլը, որի պապի մասնակցությունը Մեծ հայրենականին այդպես էլ վերջնական պարզ չդարձավ: Ըստ որոշ տեղեկությունների` Նիկոլի պապը գերեվարվելուց հետո անցել էր գերմանացիների կողմը: Նիկոլի շրջապատից դա փորձում էին հերքել, սակայն ոչ համոզիչ: Մի խոսքով, զարմանալի է, ինչ զգացումով է Նիկոլը մասնացել այդ արարողությանը:
Մեզ զարմացրեց նաեւ Գերմանիայի կանցլեր ՕԼԱՖ ՇՈԼՑԸ, որը Ալիեւի ու Նիկոլի հանդիպման արդյունքներով գրեց . «Լավ է, որ երկու կողմերն էլ պայմանավորվեցին հարցերը լուծել առանց նոր բռնությունների»: Զարմանալի է, իսկ ի՞նչ է արել Շոլցը «հին» բռնությունների պարագայում, ի՞նչ է արել Գերմանիան, որպեսզի կանխի Արցախի օկուպացիան եւ արցախցիների բռնագաղթը: Կամ էլ արդյո՞ք Շոլցը տեղյակ չէ, որ 25 տարի շարունակ Ադրբեջանը Մինսկի խմբին խոստանում էր արցախյան հարցին մոտենալ «առանց նոր բռնությունների»: Սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում իր այդ խոստումները դրժեց: Մի խոսքով, Շոլցի երկերեսանիությունը ոչ միայն զարմացնում է, այլեւ` ապշեցնում: