ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Մեզ շարունակում է ապշեցնել ՆԻԿՈԼԸ եւ նրա շրջապատը, որոնք ջանք չեն խնայում Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար: Զարմանալի է, աշխարհում ոչ մի նորմալ իշխանություն, ոչ մի նորմալ պետություն այսքան ջանադրաբար երբեք չի փչացրել իր հարաբերությունները իր միակ դաշնակցի եւ պատմականորեն իր միակ փրկչի հետ: Այստեղից զարմանալիորեն մի եզրակացություն. Նիկոլի համար Հայաստանը իր երկիրը չէ, եւ նա գործում է ոչ թե ինքնուրույն, այլ դրսի թելադրանքի ներքո: Մնում է զարմանալի մի հարց տալ, իսկ հայ ժողովրդի համար Հայաստանը ի՞ր երկիրն է:
Զարմանալի ցնորաբանություն դուրս տվեց ՀՀ ԱԺ նախագահ (մեղա քեզ, տեր Աստված) ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ: Սա հայտարարեց, որ`«Մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, բայց ես վստահ չեմ, որ նրանք (ՀԱՊԿ-ը-խմբ.) կպաշտպանեն»: Զարմանալի է, եթե իրոք մենք կարող ենք պաշտպանել մեր սահմանները, ապա ինչո՞ւ չենք պաշտպանում, չէ՞ որ ո՛չ Արցախը Նիկոլը պաշտպանեց, ո՛չ էլ Հայաստանի 31 գյուղերի կից տարածքները: Ավելին, ադրբեջանցիների առաջխաղացումը Գեղարքունիքում ու Սյունիքում կանգնեցրին ռուսները: Այսպիսով, ստացվում է, որ Ալենը զարմանալիորեն խոստովանեց, որ իրենք կարող են պաշտպանել Հայաստանի սահմանները, բայց չեն պաշտպանում: Էլ դավաճանությունը հո պոզով-պոչով չի լինում:
Մեզ զարմացրեց ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ երջանկությունը, որը նա արտացոլում էր Թուրքիայում, թուրքերի հետ մոտալուտ քիրվայությունը ակնկալելով: Նա նմանվում էր այն սոված կատվին, որի լոզերը թափվում են տիրոջ ձեռքում լափով լի կերակրատաշտը տեսնելիս: Զարմանալի է, որ այդ կերակրատաշտին տիրանալու համար Արարատ Միրզոյանը նույնիսկ գնաց բանակցությունների Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ Սումգայիթի ցեղասպանության օրը, փոխանակ այդ օրը ծաղկեպսակ դներ այդ ցեղասպանության հուշաքարին:
Մեր որոշ եկեղեցական գործիչները փոխանակ զբաղվեն մեր ժողովրդի հոգեւոր զարգացմամբ սկսել են ակտիվորեն մխրճվել քաղաքականություն: Վերջին շրջանում այս ուղղությամբ նկատվում է Հայ Առաքեռլական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՃԱՊԱՀՅԱՆԸ: Նա ակտիվորեն մեղադրանքներ է շռայլում աջ ու ձախ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, զարմանալիորեն չնկատելով, որ նա պակաս մեղավորը չէ եւ իր քարոզները պակաս վտանգավոր չեն: Օրերս նա զարմանալի միտք արտահայտեց, թե «հայ ժողովրդի ներդրումը Մեծ հայրենականի հաղթանակին համարժեք չէ Արցախի կորստի հետ: Գերադասելի էր, որ մենք քոչարի չպարեինք Բեռլինում, բայց Արցախը չկորցնեինք»: Սույն նորօրյա քաղաքական գործիչը այդպես էլ չհասկացավ, որ այն, որ մինչեւ 2023 թվականի սեպտեմբերը կար հայկական Արցախ եւ մինչեւ այժմ կա հայկական Հայաստան դա շնորհիվ է այն բանի, որ մենք պարում էինք քոչարի Բեռլինում: Իսկ այն, որ Արցախը կորցրեցինք դա նրա հետեւանքն էր, որ նման տարօրինակ ու զարմանալի քարոզչությամբ, որը իր հիմքում ոչնչով չի տարբերվում Նիկոլի ասածներից, քայքաեցինք մեր բարոյականությունը:
Մեզ զարմացնում են այս ու այն թփերի տակ բուսնող իբր հայ ժողովուրդի բարեկամները, որոնք իրականում թքած ունեն Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագրի վրա եւ մի լումայի օգնություն կամ փամփուշտի աջակցություն մեր նեղ օրվան մեզ չեն հասցրել: Օրերս Բուլղարիան ներկայացնող Եվրախորհրդարանի պատգամավոր ԿՈՎԱՉԵՎԸ հայտարարեց, որ «Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի դաշնակից: Հայաստանի ապագան սերտ կապակցված է ԵՄ-ի հետ»: Իր այս ապուշ, անգրագետ ու սադրիչ ելույթը սույն սուտասանը ավարտեց հայրենով` «Աստված պահի Հայաստանը»: Գուցե այս տխմարը ցույց տա, թե ե՞րբ է եղել ԵՄ-ն Հայաստանի դաշնակից: Կամ էլ ո՞ւր էր հենց այս սադրիչը 44-օրյա պատերազմի կամ էլ Արցախի բռնագաղթի ժամանակ: Ինչպես ասում են այսպիսի «բարեկամներ» ունեցողին այլեւս թշնամիներ պետք չեն: