Մոսկվայի մարզում ձերբակալվել են թմրադիլլեր ՀՀ քաղաքացիներ, ովքեր կազմակերպել են թմրամիջոցների արտադրություն ու վաճառք
Քրեական
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մերձմոսկվայում բերման են ենթարկել Հայաստանի քաղաքացիներից բաղկացած հանցախմբի անդամների, որոնք կազմակերպել են սինթետիկ թմրամիջոցների արտադրությունն ու վաճառքը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնից։
«Մոսկվայի մարզի Չեխովի քաղաքային շրջանի տարածքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերով սինթետիկ թմրամիջոցների արտադրության մեջ մասնագիտացած ՀՀ քաղաքացիներից ստեղծված հանցավոր խմբի գործունեությունը ճնշելու գործողություն»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ԱԴԾ-ն տեղեկություն էր ստացել, որ Մոսկվայի մարզում ստեղծվել է մի քանի անօրինական առցանց խանութների համար թմրանյութերի արտադրության գաղտնի լաբորատորիա։
Լաբորատորիայում բերման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացի, առգրավվել է առնվազն 86 կգ քաշով թմրամիջոց մեֆեդրոն, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներ և տարբեր քիմիական նյութեր։ Ռուսաստանի ԱԴԾ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել: