Թունել, որի կառուցման համար գրանցվեցին նույնիսկ մարդկային կորուստներ
Պատմական
1981 թվականի մարտի 21-ին շահագործման է հանձնվել հայրենական թունելաշինության պատմության մեջ աննախադեպ կառույցը՝ Արփա-Սևան թունելը (48,3 կմ)։ Բնապահպանական ի՞նչ կարեւորություն ունեցող թունել է այն եւ ի՞նչ նշանակություն ունի այն մինչ օրս հարցի պատասխանը փորձել ենք ստանալ հայտնի բնապահպան Հակոբ Սանասարյանից, ով նկատեց.
-Արփա-Սևան թունելը ունեցել եւ ունի բացառիկ կարևոր նշանակություն Սևանա լճի պահպանության և պաշարների արդյունավետ օգտագործման համար։ Համալիրը նախատեսված է Որոտանի, Արփայի և Եղեգիսի հոսքերի մի մասը (տարեկան գումարային ծավալը՝ 415 միլիոն մ³) Սևանա լիճ տեղափոխելու՝ վերջինիս մակարդակը բնականին մոտ պահելու համար։
Արփա-Սևանի թունելները եզակի են հայրենական թունելաշինության պատմության մեջ. դրանք կառուցված են մեծ խորություններում՝ տեղագրական, երկրաբանական և ջրաերկրաբանական բարդ պայմաններում. 11 հանքախորշից 7-ը փորվել են 191-663 մ խորությամբ 4 ուղղաձիգ հորանների միջոցով, առաջին անգամ 1 հանքախորշի փորվածքի երկարությունը կազմել է 6250 մ։ Լուծվել են ստորգետնյա շինության բարդ խնդիրներ՝ մեծ գազակուտակման և բարձր ջերմաստիճանների պայմաններում փակուղային երկար փորվածքների օդափոխումը, ջրի անսպասելի արտանետումների պայմաններում խոր հորաններից ջրհանումը։
Որոտան-Արփա-Սևանի շահագործմամբ ապահովվել է ոչ միայն Սևանա լճի մակարդակի կայունացումը, այլև աստիճանական բարձրացումը։
Բնապահպանի խոսքերով.
-Միակ թունելն է, որը չունի իր նմանը, այն բնապահապանական մեծ դերակատարում ունի այսօր, ցավոք, մենք այն պահպաննելու խնդիր ունենք, որովհետեւ երկրորդ Արփա-Սեւան թունելի նմանը վախենամ այլեւս չունենանք մեր պատմության մեջ: Նախագծի ընձեռած կարևորագույն հնարավորություններից էր նաև այն, որ դրա օգնությամբ հնարավոր էր դառնում Սևանա լճում կուտակվող ջրից Էներգետիկ ու ոռոգման նպատակներով տարեկան օգտագործել 420 մլն․ մ³ և լճի մակարդակը պահպանել ծովի մակերևույթից 1899 մ բարձրության վրա։
2010 թ. մարտի 25-ին ՀՀ կառավարության որոշմամբ թունելն անվանակոչվել է «Յակով Զարոբյանի անվան Արփա-Սևան» ջրատար թունել։ Բացառիկ երկարությամբ և կարևոր նշանակությամբ այս հիդրոտեխնիկական թունելի կառուցման համար ահռելի ջանքեր պահանջվեցին։ Գրանցվեցին նույնիսկ մարդկային կորուստներ։
Բաղկացած է Որոտան-Արփա (բացումը՝ 2004 թվականին, 21,6 կմ) և Արփա-Սևան (1981 թվականին, 48,3 կմ) թունելային ջրատար համակարգերից։ Որոտան-Արփան թունելային համակարգի սկզբնական հատվածն է, սկիզբ է առնում Սպանդարյանի ջրամբարից և պետք է ապահովի տարեկան 165 միլիոն մ³ ջրի տեղափոխումը Կեչուտի ջրամբար, այնտեղից՝ Սևանա լիճ՝ Արփա-Սևան թունելով։
Որոտան-Արփա թունելի աշխատանքային ռեժիմը տարվա ընթացքում կարգավորվում է՝ Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների ջրապահովվածության և Արփա-Սևան թունելի ջրատարության պայմաններից ելնելով։ Թունելի շինարարությունն իրականացնելու նպատակով լրացուցիչ կառուցվել են 4 հորան և 2 հանքուղի։