Ովքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողները
Մշակութային
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ 23-րդ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը՝ նվիրված Արմեն Ջիգարխանյանի հիշատակին:
Այսպիսով՝ հայտնի են «Արտավազդ-2024»մրցանակաբաշխության հաղթողները.
Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար՝ «Արտավազդ»-ի արժանացան ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը եւ Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը:
Արմեն Ջիգարխանյանի անվան Մեծ «Արտավազդ»-ը հանձնվեց Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանին («Թագավորների խաղերը» (Հենրի Երկրորդ)):
Լավագույն տղամարդ դերակատար ճանաչվեց Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Տիգրան Գաբոյանը` Քեսունի Վասիլ Իշխանի դերի համար («Ինկած բերդի իշխանուհին»):
Լավագույն կին դերակատար ճանաչվեց Հայաստանի Երգի պետական թատրոնում բեմադրված «Շղթա» ներկայացման մեջ Աննա Մակրոսյանի դերը կերտած Արաքսյա Մելիքյանը:
Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատարը Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան Վարդան Կուղիանոսյանն է («Գիշատիչների խնջույքը» (Կաուբախ)), իսկ Երկրորդ պլանի լավագույն կին դերակատարը՝ Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նառա Սանթոյանը («Ինկած բերդի իշխանուհին» (Սաբեթ)):
Լավագույն սցենոգրաֆիա անվանակարգում մրցանակը Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոնին էր: Մրցանակը հանձնվեց Կարեն Գրիգորյանին՝ «Փոքրիկ ողբերգություններ» ներկայացման համար: Լավագույն զգեստների նկարիչ մրցանակը եւս նույն թատրոնինն էր եւ տրվեց նույն ներկայացման համար, որին արժանացավ Մերի Սարգսյանը եւ Իզաբելլա Սոֆրոնովան:
Լավագույն լուսային նկարիչ ճանաչվեց Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնից Հակոբ Պողոսյանը՝ «Ինկած բերդի իշխանուհին» ներկայացման համար: Իսկ Լավագույն երաժշտության հեղինակը Վաչե Շարաֆյանն էր, ում մրցանակը տրվեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրված «Կոլոմբինա» ներկայացման համար գրված երաժշտության համար:
Լավագույն պիես ճանաչվեց «Պատերազմի ցեցը» (հեղինակներ՝ Արմինե Բոյաջյան, Նարեկ Մանուչարյան): Լավագույն թատերախոսականը՝ «Գերագույն» երկրպագուն» (հեղինակ՝ Սուսաննա Բրիկյան):
Լավագույն երիտասարդ դերասան անվանակարգում մրցանակը տրվեց Բաբելոն թատրոնի դերասան Անդրանիկ Միքայելյանին (Բաբելոն շոու (Ժամանում) մաս 1 (Մոցարտ)): Իսկ Լավագույն երիտասարդ դերասանուհի անվանակարգը բաժին հասավ Գեղարքունիքի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Անուշ Զանգիզորյանին («Ֆարենհայթ 451» (Քլարիս Մաքլելն)):
Լավագույն երիտասարդ բեմադրիչ ճանաչվեց Երեւանի Կամերային թատրոնից Ժորա Մարտիրոսյանը («B 1427»): Լավագույն մանկական ներկայացումը «Փայլոու»-ն է («Ֆակտորի փրոդաքշն», Ազատ թատերախումբ):
Լավագույն երիտասարդական ներկայացում ճանաչվեց Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Տունը սահմանին» ներկայացումը (բեմ․՝ Արտուշ Միքայելյանի): Իսկ Լավագույն պլաստիկական ներկայացում ճանաչվեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի «Սիրո պատմություն Նյու-Յորքում»-ը (բալետմայստեր՝ Արտյոմ Գեւորգյան):
Լավագույն կամերային ներկայացում ճանաչվեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի «Գիշատիչների խնջույքը» (բեմ․՝ Աշոտ Հակոբյանի):
Լավագույն ռեժիսուրա անվանակարգում մրցանակը հանձնվեց Լյուդվիգ Հարությունյանին՝ Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Ինկած բերդի իշխանուհին» ներկայացման համար: Լավագույն ներկայացում անվանակարգում մրցանակը եւս Լյուդվիգ Հարությունյանինն է՝ նույն ներկայացման համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ









