Իրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրա
Վերլուծություն
Նիկոլի հայտարարությանը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=281533&l=am), թե Ալիեւի հետ ինչ-որ բաներ են սկսել պայմանավորվել, փորձենք նայել այս կողմից: Նա խոստացածից բավականին ուշ գնաց Ոսկեպար, այսինքն` ասելիք չուներ: Հիմա ունի, եւ դա ակնարկ է, որ այդ պայմանավորվածություններն այս մեկ-երկու օրվա բան են:
Ի՞նչ է ստացվում. մի կողմից ռուսներն են Ալիեւի հետ ինչ-որ բաներ պայմանավորվում եւ հանում են զորքերը: Պարզվում է, որ նույն ժամանակ նաեւ Նիկոլն է ինչ-ինչ «անհասկանալի» խողովակներով Ալիեւի հետ սկսել պայմանավորվածությունների գալ, որի արդյունքում Հեյդարովիչն արդեն չի պատրաստվում խլել դեպի Վրաստան տանող ճանապարհը: Ինչեւէ, թեեւ այդքան էլ հասկանալի չէ, թե Նիկոլն այդ ո՞ր «պապի բարի հիշատակն» է պատրաստվում զոհաբերել, բայց որոշ ենթադրությունների հնարավորություն կա:
Բայց այստեղ նախ, թերեւս հաշվի առնենք այն հայտարարությունները, որոնք այս օրերին լսվում են իրանական ուղղությունից: Նախ, Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին խոսեց Բրյուսելում Նիկոլի, ԱՄՆ պետքարտուղարի եւ Եվրամիության ներկայացուցիչների հանդիպումից`այն ուղղակիորեն որակելով որպես «Հարավային Կովկասի տարածաշրջան ապօրինի ներխուժման նոր ծրագիր»: Նա բացատրեց, թե ինչի մասին է խոսքը. «Կասպից ծովում եւ Կենտրոնական Ասիայում էներգառեսուրսներ ձեռք բերելու նպատակով, ՆԱՏՕ-ն պետք է տեղակայվեր Ռուսաստանի հարավում կամ Իրանի հյուսիսում… Նրանք ցանկանում էին եւ ցանկանում են անել նույն ծրագիրը, ինչ արեցին Բալթիկ ծովում եւ Ուկրաինայում, Իրանի հյուսիսի եւ Ռուսաստանի հարավի այս կարեւոր անցակետում, այսինքն՝ ավարտին հասցնել ՆԱՏՕ-ի հսկայական եւ համապարփակ ազդեցությունը դեպի արեւելք»:
Ու հետեւում է Վելայաթիի միանգամայն թափանցիկ ակնարկը. «Այս նոր ծրագիրը եւ նախապես ձեւավորված սույն պլանը հիմնված են ամերիկյան նախաձեռնության եւ տարածաշրջանում որոշ միջնորդների աջակցության վրա»: Թե ում է Իրանը համարում «տարածաշրջանում միջնորդներ», երեւի պարզ է բոլորին:
Նաեւ հետեւում է մի վերջին զգուշացում, որ, դատելով հայտարարության ընդհանուր համատեքստից, նաեւ Մոսկվայի անունից է. «Մենք հստակ զգուշացնում ենք այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Իրանը, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա որեւէ երկրի, կազմակերպության կամ միության, որը մտադիր է ոտնձգություն կատարել Իրանի անվտանգության գոտու դեմ եւ իրականացնել սադրիչ շարժումներ, մենք զգոնությամբ եւ ամբողջ հզորությամբ կպաշտպանենք երկրի տարածքային ամբողջականությունն ու նրա անվտանգության հետ կապված բոլոր հարցերը… Հարավային Կովկասը Իրանի անվտանգության գոտու կարեւոր մասն է, որը միշտ պաշտպանելու է այս տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, եւ Միացյալ Նահանգների, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի այս վերջին որոշումը Բրյուսելում ոչ մի կերպ չի իրականանալու»:
Նույնքան թափանցիկ էր գրեթե զուգահեռ Հայաստանում Իրանի դեսպան Սոբհանիի հայտարարությունը. «Հայաստանն Իրանի շնչուղին է դեպի հյուսիս եւ Սեւ ծով, իսկ Իրանը Հայաստանի համար Իրանի շնչուղին է դեպի հարավ, դեպի Պարսից եւ Օմանի ծոցեր, դեպի Հնդկաստան»: Եթե շնչուղի է, ապա վայ նրան, ով կփրձի այդ շնչուղին փակել: Լինի դա Ալիեւ, Նիկոլ, Թուրքիա թե Արեւմուտք: Ու մասնավորապես փաստը, որ Իսրայելին հարվածելով, Իրանը նաեւ հիպերձայնային հրթիռ կիրառեց, եւ այդ փաստը ֆիքսեցին բոլոր փորձագետները, իրանական այդ բոլոր զգուշացումներին շատ ավելի մեծ կշիռ են հաղորդում:
Այսպիսով, Նիկոլն ուզի, թե` ոչ, պետք է իր քայլերն այս իրողություններին համապատասխան կառուցեի: Մի կողմից, Արեւմուտքը պահանջում է անվերապահ հնազանդություն՝ առանց դրա համար որեւէ բան ոչ թե տալու, այլ նույնիսկ՝ խոստանալու: Մյուս կողմից, կա, ասենք, թյուրքական առաջարկների հետեւից գնալու տարբերակը: Բայց այս երկու դեպքն էլ Իրանի համար նշանակում են «շնչուղու փակում», եւ այն իրավիճակում, երբ լարվածությունը հասել է Իրան-Իսրայել ուղիղ բախումների մակարդակի, այդ «շնչուղու փակումը» հաստատ լրջագույն ռիսկեր է ենթադրում բոլոր «փակողների» համար: Այս պահին եղած վերջին սցենարը «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակն է, որը մինչ օրս Նիկոլը Արեւմուտքի պահանջով համառորեն տորպեդահարում էր: Նոր իրավիճակում այս հարցում բան կփոխվի, հստակ կդառնա առաջիկա երկու շաբաթներին: