Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքը
Տնտեսություն
Պաշտոնական վիճակագրությունը երեկ ներկայացրեց այս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով հայաստանյան տնտեսությյան վիճակը: Երեւի մնացածը հասկանալի է` սա իսկական ձոն է նիկոլյան «տնտեսական հրաշքին»:
Այսպես, ըստ վիճակագիրների, այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է կատաղած տեմպերով` 14,3 տոկոսով: Այդ թվում` արդյունաբերությունը` 30,4 տոկոսով, ու պատկերացրեք, թե ինչքան կլիներ, եթե այդ համակարգը ղեկավարող նախարարությունում կոռուպցիոն սկանդալ չլիներ, եւ նախկին նախարարին չբռնեին: Նույն նախարարությանը վերաբերող գյուղատնտեսությունում վիճակն ավելի համեստ է` ընդամենը 3,7 տոկոս աճ: Շինարարությունն աճել է 11,7 տոկոսով, առեւտուրը` 26,5, ծառայությունները` 5,0: Արտահանումը, պատկերացրեք, աճել է 2,7 անգամ, ներմուծումը` 75,8 տոկոսով:
Միայն թե այս ճոխ թվերն իրենք իրենց են կասկածի տակ դնում: Ընդունեք, չի կարող այնպես լինել, որ արդյունաբերությունն աճի 30.4, գյուղատնտեսությունը` 3,7 տոկոսով, ու հիմնականում այդ ուղղությունների հանրագումար հանդիսացող արտահանումը` 2,7 անգամ. բա այդ ի՞նչ են արտահանել, որտեղի՞ց: Նույնը ներմուծման մասով. եթե ներքին վաճառքը` առեւտուրն ավելացել է 26,5 տոկոսով, ո՞ւր է գնացել մնացած ներկրվածը: Վերջապես, արտահանում կամ տնտեսություն կոչվածը դանդաղ պրոցեսներ են, երբեք չեն կարող ունենալ նման կտրուկ, առավել եւս` անգամներով թռիչքներ: Բայց եթե ընդունենք, որ այս դեպքում ունեն, դրա տակ պետք է ոչ օբյեկտիվ գործոններ լինեն:
Եվ ահա այս ֆոնին նկատենք, որ երեկ նաեւ ՊԵԿ-ը որոշակի ցուցանիշներ ներկայացրեց` այս տարվա առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի տվյալները: Ու երբ դա համադրում ես տնտեսական ցուցանիշների հետ, շատ հետաքրքիր պատկեր է սկսում ի հայտ գալ: Այսպես, ըստ ՊԵԿ-ի. «1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար- մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ 864 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 57 միլիարդ 244 միլիոն դրամ»: Իսկ ահա անցած տարվա առաջին եռամսյակին 1000 խոշոր հարկատուները վճարել էին 381 միլիարդ 104 միլիոն դրամ: «Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 277 միլիարդ 942 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 103 միլիարդ 161 միլիոն դրամ»։
Մի կողմ թողնենք, թե ինչու է հարկային եւ մաքսային մուտքերի համաչափությունը մեկ տարում այդպես փոխվել` կենտրոնանալով վերջնական ցուցանիշների վրա: Մուտքերը 381 միլիարդից հասել են 387 միլիարդի: Աճ կա` 6 միլիարդ, որն այս ծավալների մեջ չնչին է` զրոյական: Ու հիմա պատկերացրեք հետեւյալը. որպես կանոն, հիմնական արտահանում-ներմուծումը վերաբերում է ամենախոշոր ընկերություններին: Եվ ահա, արտահանման 2,7 անգամանոց եւ ներմուծման` 75,8 տոկոսանոց աճի պարագայում այդ խոշորների վճարած հարկերը գրեթե չեն փոխվել:
Այս կողմից եւս նայենք հարցին. կարելի է ասել, որ 1000 հարկատուների վճարած հարկերի այդ 6 միլիարդանոց աճն ապահովել է «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը, որի հարկերն անցած տարվա առաջին եռամսյակի մոտ 5,3 միլիարդ դրամից այս տարի հասել են 19,5 միլիարդի: Ընկերության նման հարկային թռիչքին դեռ կհասնենք: Մինչ այդ, արձանագրենք. 1000 խոշոր հարկատուների 6 միլիարդանոց աճն ապահովելուց զատ, «Մոբայլ սենթր արթը» եւս հավելյալ 13,5 միլիարդ է վճարել: Կամ այսպես. առանց այս ընկերության աճի, խոշոր հարկատուների մոտ կունենայինք 13,5 միլիարդի անկում: Ցանկն էլ է դա հուշում: Օրինակ, եթե անցած տարի ցանկի միջնամասում գտնվող ընկերությունները վճարում էին 155-156 միլիոնի կարգի հարկեր, ապա այս տարի` 145-146: Վերջին տեղերի ընկերությունները` անցած տարվա 75-76 միլիոնի փոխարեն` այս տարի` 69 միլիոնի կարգի: Մոտավորապես նույն տրամաբանությունն է ողջ ցանկում, որոշ բացառություններով: Սա նշանակո՞ւմ է, որ հայաստանյան արդյունաբերությունն աճել է 30 տոկոսով, արտահանումը` անգամներով: Թե՞ պետք է ընդունենք, որ այդ աճն ապահովվել է 1000 հարկատուներից ներքեւ ընկածների հաշվին: Երկրորդ տարբերակը աբսուրդ է, նման բան չի լինում: Կամ, եթե այնուամենայնիվ եղել է, ուրեմն նշանակում է, որ խոշոր հարկատուների համար շատ ավելի հաճելի հարկային պայմաններ են սահմանված, իսկ ներքեւում գտնվողներին պարզապես քերթում են: Իսկ ավելի իրատեսական է, որ կա´մ ներկայացված 30 տոկոսանոց եւ անգամներով արդյունաբերության ու արտահանման թվերն են հեքիաթի ժանրում, կամ ինչ-որ գաղտնիք կա:
Այդ «գաղտնիքի» մասին ինչ-որ բան կարող է հուշել «Մոբայլ սենթր արթ»-ի ներկայացված ճախրանքը: Շատ լավ է, որ այդքան աճ կա: Բայց դա նշանակում է, որ այդ ընկերության հայաստանյան շրջանառությունն այս մեկ տարում մոտավորապես քառապատկվե՞լ է, հարկային դրույքաչափե՞րն են քառապատկվել, թե՞ անցած տարի շատ խորը ստվերում էր ու հիմա վճարում է ճիշտ չափով: Այսինքն, ընկերությունը սկսել է 4 անգամ շատ հեռախո՞ս վաճառել, որ ավել է գազ եւ պղինձ վաճառողներից: Շատ ավելի իրատեսական չէ հրապարակային դաշտում շրջանառվող վարկածը, ըստ որի` «Mobile Centre-ի հարկերի կտրուկ աճին, ամենայն հավանականությամբ, նպաստել են Հայաստանից Ռուսաստան տեխնիկայի վերաարտահանումները։ 2022 թվականի փետրվարից՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո, Հայաստանը դարձել է տարանցիկ երկիր արևմտյան երկրների և Ռուսաստանի առևտրի համար»: Եվ եթե այսպես է, շատ հետաքրքիր պատկեր ենք ստանում. ընդամենը մեկի ապրանքախումբը դեպի Ռուսաստան վերարտահանելու միջոցով ոչ միայն կոնկրետ ընկերությունը կարող է դառնալ թիվ 1 հարկատու, այլ նաեւ դրա հաշվին փրկում է մյուս 1000 խոշորների հարկային անկումը: Ընդ որում, կարելի է մի քանի նման այլ ընկերությունների եւ ապրանքախմբերի ներկայացնել, որոնք դեպի Ռուսաստան կամ Ռուսաստանից որոշակի ապրանքատեսակներ են բերում-տանում, հիմնականում, հասկանալի է, տարանցման կամ ժամանակավոր ներմուծման տեսքով: Արդյունքում կա եկամտային նկատելի աճ: Բայց եթե այդ ընկերություններին հանենք, մնացած ողջ տնտեսության համար կարձանագրվի իրական պատկերը` կատաստրոֆիկ անկում: Ահա սա է նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական տեսքը, Ռուսաստանին հայհոյելով, Ռուսաստանի հաշվին, բայց վերջը հեռու չէ:
Ս.ԱԲՐԱՄՅԱՆ