Գլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...
Վերլուծություն
Չնայած ներհայաստանյան բուռն դժգոհություններին, սահմանազատում կոչված գործընթացը, որը, չմոռանանք, ամենաուղիղ կերպով ոտնահարում է հայաստանյան գործող օրենսդրությունը, շարունակվում է: Ավելին, Ալիեւը որոշակի հատվածների համար այն համարում է ավարտված: Ու ասել, թե մասնավորապես Կիրանցում համեմատաբար փոքր թվով ճանապարհ փակելն այդ գործընթացն ի զորու կլինի կասեցնել, սխալ կլիներ: Ճիշտ է, սկսել են փակվել նաեւ այլ ճանապարհներ Հայաստանի մյուս հատվածներում, սակայն բոլորն են հասկանում, որ կարեւորը մայրաքաղաքն է, որտեղ գոնե երեկվա դրությամբ դեռ հարաբերական հանդարտ վիճակ էր:
ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԵՂԵԼ ԵՎ ՄՆՈՒՄ Է ԱՌԱՋՆԱՅԻՆ
Բայց ահա, շարունակվող սահմանազատում կոչվածը որոշ էական հարցեր է առաջ քաշում: Այսինքն, պաշտոնապես հայտարարվեց, թե համաձայնեցված է այն բանաձեւը, որի շուրջ այս գործընթացն իրականացվում է: Եվ այստեղ պետք է հիշել Միրզոյան Արոյի վերջերս արած հայտարարություններից մեկը, որտեղ նա առանձնացրել էր հիմնական երկու կետ, որի շուրջ հայ-ադրբեջանական հակադիր կարծիք կա, եւ դա էլ կասեցնում է «խաղաղության պայմանագրի» շարժը: Այն է՝ սահմանազատումը եւ կոմունիկացիաների վերագործարկման հարցը: Ու եթե հիմա սահմանազատման շուրջ կա պայմանավորվածություն, ապա կարող ենք ֆիքսել, որ, ըստ Արոյի այդ թեզի, հիմա «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը խոչընդոտող մեկ էական հարց է մնացել՝ կոմունիկացիաների թեման: Մինչդեռ, «բանակցություններ» ասվածն ունի մեկ հիմնական կանոն՝ եթե թեկուզեւ մեկ կետ համաձայնեցված չէ, նշանակում է, որ համաձայնեցված չէ ողջ բանակցային օրակարգը: Ու կոնկրետ դեպքում, ինչպես քանիցս ենք ներկայացնելու առիթ ունեցել, կա մեկ գլխավոր կետ՝ կոմունիկացիաների հարցը, այսինքն, թե ինչ սկզբունքով են դրանք վերագործարկվելու: Այդ հարցը կա 2020թ. նոյեմբերի 10-ից ի վեր, եւ այդ հարցը լուծված չէ առ այսօր: Մնացած ամեն ինչը դրա ածանցյալներն են, ինչքան էլ որ փորձեն ածանցյալը գլխավորից առաջ դնել: Այսինքն, երբ հիմա Նիկոլը հողեր է հանձնում, եւ պարզվի, որ կոմունիկացիաների մասով չկա կուլուարային պայմանավորվածություն, այդ հողատվությունը դավաճանությունից զատ, նաեւ անիմաստ է՝ տալիս է հանուն ոչ մի բանի, անգամ ինքը ոչինչ չի ստանում: Այն իմաստով, որ հենց կոմունիկացիաների թեման է, որ բերեց Արցախի հայաթափման, Հայաստանին հասցրեց այս վիճակին, եւ քանի դեռ լուծված չէ, հողատվությունն ընդամենը կդառնա հետագայի համար հավելյալ ճնշում, այդ թվում՝ Նիկոլի վրա:
Ինչ վերաբերում է կոմունիկացիաների մասով լուծումներին, ապա հիշեցնենք, որ այստեղ նոյեմբերի 10-ից ի վեր երկու սխեմա է օրակարգում: Առաջինը` նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետն է, որը ենթադրում է անվտանգության հարցերով ռուսական վերահսկողություն Մեղրիի հատվածում: Եվ երկրորդն արեւմտյան սխեման է, որը Նիկոլից պահանջում է որեւէ դեպքում ռուսական վերահսկողությունը թույլ չտալ, ապահովել Հայաստանի նկատմամբ արեւմտյան աշխարհաքաղաքական վերահսկողություն, որը մեխանիկորեն կդառնա նաեւ Մեղրիի գծի նկատմամբ վերահսկողություն: Կա երրորդ տարբերակը եւս՝ Մեղրիում թուրքական վերահսկողություն: Սակայն այս դեպքում առաջ է գալիս դրան հակադիր ուղղվածության իրանական գործոնը:
Այսպիսով, եթե սկսվել է սահմանազատման գործընթացը, դա նշանակո՞ւմ է, որ գոնե նախնական պայմանավորվածություններ կան նաեւ կոմունիկացիաների այս խնդրի հետ կապված: Այս պահին, թերեւս, հենց այդ հարցն է, որ Հայաստանի համար շատ ավելի բախտորոշ է, քան անգամ ներկայիս դավաճանական տեսքով սահմանազատումը: Փորձենք հասկանալ:
ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՊՈՒՏԻՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Օրերս Մոսկվայում կայացած Պուտին-Ալիեւ հանդիպումը նաեւ հայ-ադրբեջանական կոմունիկացիաների հետ կապված որոշակի նյուանսներ պարունակում էր: Նախ, Ալիեւը մեծագույն գոհունակություն հայտնեց ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա մակարդակից եւ զարգացման ընթացքից, նաեւ նման միտք հնչեցնելով. «Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման եւ ավելի լայն աշխարհագրության տեսանկյունից»: Սա առնվազն մեկ բանի մասին պարզ ակնարկ է՝ Ալիեւը ոչ մի դեպքում «խաղաղության պայմանագրի» արեւմտյան հարթակ չի պատրաստվում վերադառնալ, ինչքան էլ որ Արեւմուտքից մեկը մյուսին հերթ չտալով, ողջունում էին սահմանազատման գործընթացը: Առավել եւս, որ այդ գործընթացը այդքան «պատահականորեն» համընկավ Ալիեւի մոսկովյան այցին: Ու այս ամենը պարզ ակնարկ է այն մասին, որ մասնավորապես կոմունիկացիաների խնդրի հետ կապված Բաքուն ինչպես որ անցած սեպտեմբերից ի վեր կտրուկ դեմ գնաց արեւմտյան տարբերակին, այդպես էլ շարունակում է դեմ գնալ:
Հաջորդը, Հեյդարովիչը Պուտինի հետ հանդիպման ֆոնին նաեւ նման միտք հնչեցրեց՝ Ադրբեջանը եւ Ռուսաստանի Դաշնությունը ձեռնամուխ կլինեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի «մեկ այլ խոշոր նախագծի», քանի որ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ երկաթուղու նոր հատվածներ են անհրաժեշտ: «Վստահ եմ, որ մոտ ապագայում բոլոր հարցերը կհամաձայնեցվեն, եւ մենք կսկսենք իրականացնել մեկ այլ մեծ նախագիծ»,- ամփոփեց նա: Ասվածը նշանակում է՝ «մեկ այլ խոշոր նախագծը» վերաբերում է Ռուսաստանից Իրան տանող երկաթուղուն: Ինչո՞ւ «մեկ այլ». որովհետեւ մեկն այս պահին կառուցման ընթացքի մեջ է՝ Աստարայով Իրանի ուղղությունը: Այսինքն, «մեկ այլ» երկաթուղային կապ կարող է լինել կա´մ Զանգելանի հատվածից Իրան տանող նախագիծը, որի մասին հայտարարվել է: Կա´մ Նախիջեւանից Իրան տանող հին երկաթուղին, որի համար պետք է Մեղրիի հատվածը գործարկել, այսինքն՝ գործարկել նոյեմբերի 9-ի համաձայնագրի հիման վրա:
Ընդ որում, նախօրեին Ալիեւը ուղիղ տեքստով էլ ցույց տվեց, որ նոյեմբերի 9-ի թեման դեռ օրակարգում է: «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցը հստակ արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ, ասաց Ալիեւը՝ մանրամասնելով. «Այո, այդ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» բառերը նշված չեն: Այնուհանդերձ, ասվում է, որ Ադրբեջանի արեւելյան հատվածի եւ Նախիջեւանի միջեւ պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։ Այս հայտարարությունը ստորագրել ենք նախագահ Պուտինը, վարչապետ Փաշինյանը եւ ես։ Եվ արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը»,- ասել է նա։ Այսինքն, ավելի նման է նրան, որ «մեկ այլ խոշոր նախագիծը» Մեղրիի տարբերակն է:
Այսպիսով, Ալիեւը հայ-ադրբեջանական ողջ գործընթացը շարունակելով տեսնել նույն կոմպլեքսի մեջ, միաժամանակ նորից առաջ է տանում այն տեսլականը, որ ամբողջական լուծումը պետք է ոչ թե միայն չլինի արեւմտյան առաջարկների շրջանակներում, այլ՝ ավարտին կարող է հասնել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակներում վերջին՝ կոմունիկացիաների հարցը լուծելու միջոցով: Ու ստանում ենք նման իրավիճակ: Եթե այս պահին Նիկոլը գնում է այդ կոմպլեքսի միջանկյալ քայլի՝ սահմանազատման հարցի լուծմանը, ապա կարող ենք ենթադրել, որ ավելի հակված է նաեւ կոմունիկացիոն հարցերը Ալիեւի նշած ուղղությամբ լուծելուն: Եթե ոչ, եւ Ալիեւը շարունակում է պնդել արեւմտյան հարթակից հրաժարվելու թեզը, ապա կնշանակի, որ Նիկոլն այս պահին հենց այնպես հողերը, դրանով՝ մասնավորապես Տավուշում մեր լավագույն կահավորված դիրքերը հենց այնպես հանձնում է թշնամուն: Այն դեպքում, որ եթե չի լինելու ամբողջական լուծում, ըստ այդմ, կապված կոմունիկացիաների հետ, պատերազմի ռիսկը պահպանվելու է:
ՈՒ ՆՈՐԻՑ ՏՈԿԱԵՎԻ ՄԱՍԻՆ
Կարճ ասած, հայ-ադրբեջանական խնդրի լուծման (մեզ համար արդեն մի քիչ այս կամ մի քիչ այն կողմ տարբերակով, քանի որ հիմնական զիջումներն արդեն արված են) հեռանկարներն այս պահին կախված են Նիկոլից, թե կոմունիկացիաների հարցով ո՞ւր ուղղությամբ է առաջ գնալու: Սրա հետ կապված եւս հետաքրքիր ակնարկ եկավ Ալիեւից:
Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, օրերս հայտարարեց Հեյդարովիչը՝ մանրամասնելով. «Ղազախստանը մեզ դիմեց Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկով, մենք համաձայնվեցինք դրան եւ պայմանավորվեցինք, որ եթե Հայաստանը նույնպես համաձայնի, ապա հանդիպումը կկայանա Ղազախստանում»:
Ու այստեղ հիշենք, որ օրերս Ղազախստանի նախագահ Տոկաեւը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարեց, թե Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն ու իր հարթակը տրամադրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների համար: Ի դեպ, Նիկոլն այնքան լավ ընդունեց Տոկաեւին, որ կարելի է մտածել, թե նման հանդիպմանը համաձայն է: Եվ այն, որ հենց դրան էլ հաջորդեց սահմանազատման այս փուլը, դա էլ, թերեւս, պատահական չէր:
Այսինքն, առաջնային է մնում հարցը, որն արդեն հնչեցնելու առիթ ունեցել ենք՝ այդ ինչո՞ւ հանկարծ Տոկաեւը մտածեց, որ կարող է հայ-ադրբեջանական միջնորդության հայտ ներկայացնել, երբ մինչ այս ո´չ նա, ո´չ էլ Նազարբաեւը երբեւէ չէին մտածում բանակցային հարթակ դառնալու մասին: Պատասխանը, թերեւս, պետք է որ շատ պարզ լինի՝ Տոկաեւին հորդորել են նման միջնորդություն ներկայացնել, այսինքն, այդ առաջարկը գալիս է կա´մ Մոսկվայից, կա´մ՝ Անկարայից: Ռուսաստանի հետ Տոկաեւը դաշնակից է ԵԱՏՄ, ՀԱՊԿ գծով, Թուրքիայի հետ՝ Թյուրքալեզու պետությունների դաշինքի: Երկու տարբերակի օգտին էլ կարելի է տարբեր կողմ կամ դեմ փաստարկներ բերել, հիմնականում հավասարազոր: Թե որն է իրական հիմքը, թերեւս շատ ավելի հստակ կդառնա մայիսի 7-9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումների ընթացքում: