Նոր խաղեր Հայաստանի գլխին
Վերլուծություն
Չնայած նրան, որ տեւական ժամանակ է՝ փակ է մնում Կիրանցի ճանապարհը, Հայաստանի տարբեր հատվածներում պարբերաբար փակվում-բացվում են այլ ճանապարհներ, բայց ասել, թե դա մեծ զանգվածայնություն ունի իր տակ, սխալ կլիներ: Եվ դրա տակ օբյեկտիվ հիմքեր, իհարկե, կան:
ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՆԻԿՈԼԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԵՐՈՂ ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Այն, որ Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունն արդեն հասկանում է Նիկոլի եւ նրա թիմի ինչ լինելը եւ դեմ է նրանց հետագա պաշտոնավարմանը, դա միանշանակ է: Առավել եւս, երբ հիմա փորձում են իրենց այս սահմանազատում կոչվածն արդարացնել, թե՝ պետք է օրինական քարտեզային հիմքով անել, դրանով, ըստ էության, պնդելով, թե Հայաստանի ներկա պաշտոնական քարտեզն օրինական չէ: Մինչդեռ, ինչ էլ լինի, հենց ներկա քարտեզն է դրված հայաստանյան գործող օրենսդրության հիմքում, այդ քարտեզի հիման վրա է մասնավորապես Նիկոլը վարչապետ դարձել եւ այդ քարտեզը կասկածի տակ դնելը նշանակում է Նիկոլի իշխանության ոչ լեգիտիմացում: Ինչեւէ, օրենսդրական խեղկատակություն են ուզում սարքել, շատ լավ հասկանալով, որ ապօրինաբար են հանձնում հայաստանյան գործող օրենսդրությամբ սահմանված տարածքները, որի հաամր հաստատ պատասխանատվությունից չեն խուսափի:
Բայց մյուս կողմից, երկրում ընթացող ներկա գործընթացներն այս պահին դեռ ունեն թույլ մասսայականությունը սխալ կլիներ բացատրել ժողովրդի հակաիշխանական տրամադրությունների պակասով: Պարզապես մարդիկ այդպես էլ չեն հասկանում, ասենք, ճանապարհ փակելու նպատակային իմաստը: Մի կողմից, թեեւ այդ գործընթացի առաջին պլանում տեսանելի է բարձրաստիճան հոգեւորականությունը, բայց նաեւ՝ երկրորդ-երրորդ պլանում նկատվում են այն ուժերը, որոնք մինչ այս աշխատել են նույն նիկոլյան խունտայի արեւմտյան տերերի օգտին, շատերն ակտիվ դեր են ունեցել նիկոլյան հեղաշրջման ժամանակներում եւ այլն: Պատկերացրեք, այսօր ընդդիմադիր է «դարձել», ասենք, Նիկոլի երբեմնի ԱԳ նախարար Արա Այվազյանը, ով քարոզում է. «Երեւանի միակողմանի զիջումները եւ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը անհամատեղելի են»: Լավ է անում, բայց նաեւ «մոռանալով», որ այս վիճակի եւ 44-օրյա պատերազմի խայտառակության հարցում նա անձնական պատասխանատվություն ունի, որի համար դեռ պետք է դատարանի առաջ կանգնի: Կամ, շատ ակտիվ է նիկոլյան երբեմնի ՊԵԿ Անանյանը. գնացել, հասել է Կիրանց: Բայց նախ պետք է բացատրի՝ ի՞նչ էր ժամանակին անում Նիկոլի կողքին, այն ժամանակ չէ՞ր հասկանում, թե ում հետ է, եւ եթե այդքան «միամիտ» է, հիմա նրա խոսքին ինչպե՞ս մարդիկ վստահեն: Սրանք բազում օրինակներից մի քանիսն են միայն: Եվ սա, իհարկե, հանրության մոտ տարակուսանքների տեղիք չի կարող չտալ: Եվ մյուս կողմից, անհասկանալի է մնում, թե ներկա շարժման հիմնական նպատակը ո՞րն է: Խոսվում է, թե նման սահմանազատում չի կարելի թույլ տալ: Բայց չէ՞ որ այդ դեպքում խնդիրը Տավուշի մի փոքր հատվածի հետ չէ, որ կապված է: Նման սահմանազատման հիմք է հանդիսանում Ալմա-Աթայի համաձայնագրի հիմքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը, այն է՝ ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակաշրջանին համապատասխան, ինչը Հայաստանին պարտադրվել է Արեւմուտքի կողմից Պրահայում՝ Նիկոլի սիրահոժար համաձայնությամբ: Եթե բողոքողների նպատակը դա թույլ չտալն է, ապա շատերի համար անհասկանալի է՝ Կիրանցում ճանապարհ փակելով, ինչպե՞ս են դրան հասնելու: Նիկոլն է առաջ գնում Ալմա-Աթայի համաձայնագրով, եւ դա կանգնեցնելու համար կա´մ նրան պետք է հանրային ճնշումը պարտադրի՝ հրաժարվել այդ ընթացքից, կա´մ հանրությունը պետք է ազատվի նիկոլյան ամբողջ թիմից, որը, չմոռանանք, մեկ մարդու նման Ալմա- Աթայի համաձայնագրի հարցում կանգնել է իր առաջնորդի կողքը: Երկու դեպքում էլ խնդիրը Կիրանցում ճանապարհ փակելով` չի կարող լուծվել. լուծումը մայրաքաղաքում է:
Վերջապես, անհասկանալի է մնում նաեւ շարժման հետագա քաղաքական տեսլականը: Եթե անգամ այս շարժումը հասնի Նիկոլի հրաժարականին, ապա չմոռանանք, որ նա նման խոստումներ աշխարհի առաջ տվել է Հայաստանի անունից: Այսինքն, այս գործընթացի դեռեւս քիչ տեսանելի ղեկավարները պատրա՞ստ են իշխանության գալու դեպքում հրաժարվել նիկոլյան կուրսից՝ Ալմա-Աթայի հռչակագրով հանդերձ: Եթե այո, դրա փոխարեն ի՞նչ լուծումներ են առաջարկում, ռեալ հաշվի առնելով այն իրողությունները, որոնք նիկոլյան թիմը ստեղծել է Հայաստանում: Կամ, այդ դեպքում, ի՞նչ է նշանակում` այս շարժման մեջ մտած ակնհայտ արեւմտամոլները սեփական տերերի քաղաքական կուրսի՞ն են դեմ դուրս եկել, թե՞ դրա տակ այլ իմաստ կա, կփորձեն այդ խառը իրավիճակից օգտվելով, առաջ բերել Ադրբեջանի հետ նոր սրացումներ՝ ողջ կովկասյան տարածաշրջանում նոր պայթյուն առաջացնելու ակնկալիքով: Կամ, եթե մտածում են Նիկոլի փոխարեն իշխանության գալու դեպքում չգնալ նման սրացումների եւ շարունակել ներկա կուրսը, ապա չէ՞ որ դա կտրուկ կտարբերվի այն տրամաբանությունից, որը դրված է Կիրանցում ճանապարհ փակելու գործողության հետ՝ ոչ մի թիզ հող չենք տա:
Ամեն դեպքում, պատասխանի կարոտ այս բոլոր հարցերը գալիս են ակնարկելու, որ հերթական խաղն է սարքվում հայ ժողովրդի գլխին, ինչն ավելի է հիմնավորում այն լուրերը, որ վերջին ժամանակներս ականների տեսքով ընդդիմադիր դաշտում ներդրված արեւմտյան որոշակի ուժեր զգալի նոր ֆինանսավորում են ստացել արեւմտյան տերերից:
ԷՐԴՈՂԱՆԸ ԴԵՐԻ ՄԵՋ Է
Ու ստանում ենք նման «տարօրինակ» պատկեր. մի կողմից, արեւմտյան փողն ու, ըստ այդմ, հրամանները տեսանելի են ընդդիմության մի որոշ հատվածի մոտ: Մյուս կողմից, նույն Արեւմուտքը պաշտոնապես ողջունում է Նիկոլի քաղաքականությունը, թե ինչ լավ ես անում, որ կտոր-կտոր հողեր ես տալիս Ալիեւին: Չէ, այստեղ երկերեսանիություն պետք չէ տեսնել: Պարզապես, երբ մի ձեռքով այնպիսի իրավիճակ ես սարքում, որը մյուս ձեռքով կարող ես շիկացնել, ապա դա ընդամենը քաոս եւ ծայրահեղ լարումներ առաջ բերող այն սովորական մեխանիզմին է շատ նման, որը այդքան սիրում են տարբեր հատվածներում կիրառել անգլոսաքսերը: Ու ներկա իրողությունները գալիս են հուշելու, որ նման խաղի համար, որը հայության համար կարող է դառնալ վերջնական հարված, պարարտ հող մեր երկրում իրոք կա:
Բայց մյուս կողմից, թեեւ նախօրեին Բլինքենը հերթական անգամ խոսեց Նիկոլի եւ Ալիեւի հետ՝ փորձելով վերահաստատել տպավորությունը, որ «գործի գլխին» Վաշինգտոնն է կանգնած, մեկ է, այդ հարցում տարակուսանքների պակաս չկա: Եվ ամենամեծ հարցը՝ արդյո՞ք Ալիեւը հակված է ամերիկյան ծրագրերով առաջ շարժվել, որը մի կողմից, նրա համար իրոք շատ հրապուրիչ է, առավել եւս, եթե Սյունիքով կարողանան «Զանգեզուրի միջանցք» կառուցել: Բայց մյուս կողմից, հիշեցնենք, դա չափազանց վտանգավոր խաղ կլիներ ՌԴ-ի եւ Իրանի հանդեպ: Այս հարցի վերջնական, հստակ պատասխանն է, որ այս պահին տեսանելի չէ:
Այսպես, Ալիեւը նախօրեին հաստատեց, որ Հայաստանի հետ պաշտոնական բանակցային գործընթացը համաձայն է շարունակել: Ըստ նրա, մոտ ժամանակներս ղազախական կողմի առաջարկով Ալմա -Աթայում կհանդիպեն Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները: Ընդ որում, հայտարարությունը հնչել է Բլինքենի հետ հեռախոսազրույցի ֆոնին, ինչը եւս կարող է ակնարկ լինել, թե գործընթացը տակից առաջ է տանում Վաշինգտոնը: Ընդ որում, սա սպասելի էր. վերջերս, Ղազախստանի նախագահ Տոկաեւի հայաստանյան այցի ժամանակ, երբ նա պաշտոնապես հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդության հայտ ներկայացրեց, արդեն իսկ հասկանալ կարելի էր, որ այդ մասին պայմանավորվածություններ ձեռքբերված են: Ի դեպ, չմոռանանք, որ դրանից հետո Ղազախստանը հասցրեց Բրիտանիայի հետ ռազմավարական համագործակցության մասին ինչ-որ պայմանագիր կնքել, որը կարող է ստեղծել տպավորություն, որ Տոկաեւը սկսել է բացահայտորեն խաղալ անգլոսաքսերի օգտին, այն է՝ Ռուսաստանի դեմ: Բայց անգամ դրանով, դեռ ռեալ չէ ասել, որ հայ-ադրբեջանական գործընթացում միջնորդ դառնալու առաջարկը Տոկաեւն անում է անգլոսաքսերի կողմից:
Այսպես, մի կողմից՝ «Միջին միջանցքի» կամ «Թյուրքական միջանցքի» սցենարը, որը փորձում են առաջ տանել Թուրքիան եւ Արեւմուտքը, բայց նաեւ «իրար տակ փորելով», իրոք Ղազախստանի համար կարող է միանգամայն շահավետ լինել: Բայց նախ՝ Էրդողանը հրաժարվեց Վաշինգտոն ծրագրված այցից, եւ դա կարող է վերջնականապես ձախողվել ժամանակի սղության պատճառով. Վաշինգտոնին համեմատաբար «ազատ մանեւրելու» ժամանակ մնում է մոտ երկու-երեք ամիս: Դրանից հետո ԱՄՆ-ում սկսվելու է բուն ընտրական փուլը, եւ ինչ իմանաս, թե դա ինչի կտանի: Այսինքն, եթե այս կարճ ժամանակահատվածում Էրդողանը չհասցնի Բայդենի թիմի հետ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել, պետք է սպասի ընտրությունների ավարտին: Ասենք, եթե անգամ ինչ-որ բան պայմանավորվի, ապա էլի պետք է սպասի, թե ով է ընտրվելու: Ընդ որում, չմոռանանք, խաղաթղթին է դրված ռուսների (նաեւ պարսիկների, չինացիների) հետ թշնամանալ-չթշնամանալու հարցը, եւ այնպիսի ծեր աղվեսը, ինչպիսին Էրդողանն է, հազիվ թե այս պահին կտրուկ քայլերի գնա:
ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ԱՇԽԱՏՈՒՄ ՏՈԿԱԵՎԸ
Նույնը կարելի է ասել նաեւ Տոկաեւի մասին, որը, բացի սեփական կուրսից, մասնավորապես «Թյուրքական միջանցքի» հարցով պետք է նայի Էրդողանի քայլերին: Գումարած դրան, Տոկաեւն իրականում «մի փոքր» ավելի լայն շահեր ունի, քան ընդամենը անգլոսաքսերի քարոզած «Միջին միջանցքն» է: Ղազախստանը, ակնհայտորեն, իրեն տեսնում է չինական «Մետաքսի ուղի» առանցքային մասնակիցներից մեկի դերում, որի մեջ նույն «Միջին միջանցքը» այլ աշխարհաքաղաքական իմաստով տեղավորվում է, գումարած մի շարք այլ խոշորագույն ծրագրեր: Իսկ դրա համար Տոկաեւը չի կարող խորքային իմաստով շեղվել այն պայմանավորվածություններից, որոնք գործում են Ռուսաստան-Չինաստան-Իրան աշխարհաքաղաքական դաշտում: Ընդ որում, թեեւ Վաշինգտոնը հերթական անգամ փորձեց Բլինքենի այցի միջոցով վերակողմնորոշել Պեկինին, սակայն այդ այցը դարձավ, այսպես ասենք, աննախադեպ ձախողված: Պատկերացրեք, բանը հասավ նրան, որ եթե Բլինքենին դիմավորելիս Պեկինը ինչ-որ փոքր տրամաչափի պաշտոնյայի ուղարկել էր օդանավակայան, ապա ճանապարհելիս միայն ԱՄՆ դեսպանն էր: Արարողակարգային հարցերին խորհրդանշական ուշադրությամբ վերաբերվող Պեկինի «լեզվով» սա նշանակում է, որ պետքարտուղարին պարզապես դուրս են վռնդել Չինաստանից: Այսինքն, Չինաստանը շարունակում է իր գիծը, եւ քիչ հավանական է թվում, որ այս թեժ պահին Ղազախստանը կփորձի մտնել անգլոսաքսոնական ինչ-որ խաղերի մեջ, որոնք ունեն անթաքույց հակառուսական (հակաիրանական եւ, վերջնարդյունքում, հակաչինական) ուղղվածություն:
Ընդ որում, Հայաստանով անցնող Մեղրիի փոքրիկ հատվածն այդ գլոբալ ծրագրերի առանցքային դետալներից մեկն է մնում, եւ այս ֆոնին ասել, թե Տոկաեւը հանուն անգլոսաքսերի շահերի է Ալիեւին եւ Նիկոլին Ղազախստան հրավիրել, մնում է քիչ հավանական տարբերակը:
Ամեն դեպքում, այն, որ հայ-ադրբեջանական սահմաններին ընթանում է ակտիվ սահմանազատման գործընթաց, արդեն իսկ հուշում է, որ օրակարգ է մտնում գլխավոր հարցը՝ կոմունիկացիաների թեման: Իսկ թե ում սցենարով, դա, կրկնենք, շատ ավելի հստակ կդառնա Նիկոլին սպասվող մոսկովյան այցից, դրա չկայանալուց կամ, միգուցե, մինչ այդ նրա հրաժարականից: Չնայած, խեսում են, թե միջոցառումներից մեկին չի գնա, մյուսին` կգնա: Սակայն աշխարհում այն սուր վիճակն է, որև «կիսահղի» խաղալով ոչ թե երկու կողմերի հետ էլ լավ կլինես, այլ կմնաս երկուսի ճնշման տակ: