Ալիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքը
Վերլուծություն
Նախօրեին Կիրանցում տեղի ունեցած աննախադեպ ագրեսիան, երբ պետությունը, ըստ լուրերի, ճանապարհը փակող բնակչության դեմ մի ամբողջ ոստիկանական բանակ հանեց, երկու բանի մասին է խոսում: Նախ, որ գործող իշխանությունը ոչ մի բանի առաջ կանգ չի առնի հայաստանյան հողերը թուրքին տալու հարցում: Երկրորդը, որ դրա դեմ պայքարի նման մեթոդը առնվազն արդյունավետ չէ. պարզապես բողոքողներին հավաքում-տանում են, եւ վերջ:
ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՆՈՒՄ Է ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ
Սակայն այս ամենով հանդերձ, նախօրեին Հ1-ին տված Նիկոլի հարցազրույցը եւս հուշեց, որ անկախ նման վայրագ մեթոդներից, մեկ է, այս հողատվությունը մնալու է նրա կոկորդին: Բանն այն է, որ ինչ բացատրություն էլ որ նա դնի դրա տակ, ինչքան էլ որ Արդարադատության նախարարությունը փորձի իրավական «հիմնավորումներ» մոգոնել, մեկ է, իրողությունն այն է, որ Հայաստանի պաշտոնական տարածքներ են տալիս թշնամուն, որի իրավունքը որեւէ մեկը չունի: Նիկոլն անգամ ստիպված էր այդ փաստը խոստովանել՝ հաստատելով, որ որ Ադրբեջանին տրվող տարածքներում մեր գյուղացիներն ունեն սեփականության վկայականներ: «Դա փաստ է եւ փաստարկ, որի հետ մենք պետք է առնչվենք, պետք է հասկանանք, պետք է ինքներս այդ ինֆորմացիան, ընդ որում՝ ոչ նոր, վերլուծենք, եւ այդ թեմայի հետ պետք է առնչվենք: Ընդ որում, ես մեր սիրելի ժողովրդի ներկայացուցիչներին ասել եմ, չգիտեմ հետո սա ոնց կհնչի, ինչ կմեկնաբանվի, ոնց կօգտագործվի, ոնց կշահարկվի իմ դեմ, բայց դա կարեւոր է, որ ես ասել եմ: Այն ինչ-որ մենք խոսում ենք, խոսում ենք տեսական, մենք խոսում ենք քարտեզի վրա, գծի վրա, մոտավորապես, մենք չգիտենք տեղում որտեղ է լինելու, ոնց է արտահայտվելու…»: Ընդ որում, ինչ արդարացում էլ որ դրա տակ դրվի, ինչ «միջազգային իրավունքներից» էլ որ խոսեն, այդ փաստը չի փոխվում. կան տարածքներ, որոնց նկատմամբ Հայաստան պետությունը, որպես իր մասնիկ, սեփականության իրավունք է տվել քաղաքացուն, ու հիմա այդ նույն տարածքը հանձնում են ազերիներին: Մեծ տարածքներ են դրանք, թե՝ փոքր, Նիկոլը կամ ցանկացած այլ պաշտոնյա կամ պետական կառույց ինչ կարծիք ունի այդ տարածքների նկատմամբ, Ալմա-Աթայի համաձայնագիրն ինչ է ասում, Արեւմուտքն ինչ է պարտադրում եւ այդպես շարունակ, նշված իրողության հետ կապված բան չի փոխում: Եթե տրվել է սեփականության վկայական, ապա այդ տարածքը հայաստանյան գործող օրենքներով ՀՀ պաշտոնական տարածք է: Իսկ Հայաստանի տարածքներն ինչ-որ մեկին տալու իրավունք ոչ մեկը չունի: Այսինքն, երբ Նիկոլը պնդում է, թե՝ մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, ապա հենց նշված սեփականության վկայականն է հաստատում, որ ամեն մի նման կոնկրետ հատված մեր ինքնիշխան տարածքի մասնիկ է, որը չի կարղ զիջվել, բայց տալիս են:
Այս փաստը չեն կարող փոխել անգամ նիկոլյան այն հոխորտանքները, որ եթե չտանք, պատերազմ կլինի. հայաստանյան օրենսդրությունը պարտադրում է պետական պաշտոնյաներին՝ հող չտալ, եթե անգամ դա պատերազմի է տանելու, եւ հենց դրա համար էլ կան պատերազմին վերաբերող օրենսդրական դրույթներ: Վերջապես, եթե անգամ ընդունենք, որ իրոք պետք է ինչ-որ տարածքներ տալ, հետագայում դա երկրի համար կարող է օգտակար լինել, անգամ այդ իրավիճակում որեւէ պաշտոնյա իր որոշածով տալու իրավունք չունի. նման դեպքերը կարող են լուծում ստանալ ասենք՝ հանրաքվեի միջոցով: Կարճ ասած, սա Արցախի դեպքը չէ, որ հետո արդարանա, թե ես ինչ անեմ, Արցախը Հայաստանի տարածք չէր:
Ու էլ ավելի մեծ է ապօրինությունը, քանի որ Նիկոլը նույնիսկ չի կարողանում հիմնավորել, թե այն ամենը, ինչ հիմա տալիս է, իրոք ԽՍՀՄ-ի ժամանակներում Ադրբեջանի ենթակայության տակ է եղել: «Այո, սեփականության վկայականներ կան, փաստաթղթեր կան: Մենք չենք կարող դրանց հետ չառնչվել, չենք կարող չնկատել, չենք կարող ասել՝ չէ, չկա այդպիսի բան: Պետք է առնչվենք, պետք է խոսենք մարդկանց հետ, պետք է հասկանանք, պետք է հիմքերը պարզենք»,- ասում է Փաշինյանը: Ու ի՞նչ է ստացվում, առանց «առնչվելու», «խոսելու», «պարզելու» սահմանազատո՞ւմ են անում: «Եվ Ոսկեպարի, Բերքաբերի փորձը մեզ դա է ցույց տվել: Մենք մտածել ենք տեղ, օրինակ, որ սա երեւի մեր ինչ-որ մի կետից կլինի 50 մետր հեռավորության վրա, հետո սարքը ցույց է տվել, որ 100 մետր հեռավորության վրա է: Տեղ կա՝ մենք մտածել ենք, որ 150 մետր հեռավորության վրա կլինի, սարքը ցույց է տվել, որ 30 մետր հեռավորության վրա է…»,- ասում է Նիկոլը: Բայց անգամ բաց է մնում, թե այդ ինչն են ինչի հետ համեմատում, որ սարքն էլ սխալվում է: Այսինքն, եթե անգամ ներկայիս Հայաստանի պաշտոնական տարածքները տալը մի կողմ թողնենք եւ անցնենք ԽՍՀՄ-ի ժամանակների սահմաններին, ապա այդ ի՞նչ քարտեզներով են հիմա սահմանազատում անում: Քանիցս է ասվել, որ բացառիկ քարտեզները Մոսկվայում են՝ ՌԴ Գլխավոր շտաբում: Այդ քարտեզներո՞վ են հիմա սահմանազատում անում. որեւէ հաստատում չկա: Իսկ եթե ոչ, ապա ո՞րն է երաշխիքը, որ հիշատակած «մեր ինքնիշխան տարածքից մի միլիմետրը» կամ մի կիլոմետրն արդեն չեն տվել թուրքին:
ՄԱՏԻ ԵՎ ՄԱՏԱՆՈՒ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Իսկ ահա Ալիեւի հայտարարությունը եկավ ակնարկելու, որ նա ոչ միայն լավ էլ գոհ է նման «սահմանազատումից», այլ նաեւ, որ դա արվում է ամենեւին էլ ոչ ԽՍՀՄ ժամանակների միակ պաշտոնական քարտեզներով, այլ՝ քեֆները տվածների պես: Ըստ Հեյդարովիչի. «Սկսվել է սահմանների սահմանազատումը, անգամ սահմանագծման աշխատանքներ են կատարվում … Մեր երկու երկրներին հաջողվել է հասնել դրան առանց որեւէ միջնորդի։ Դա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ մեզ միջնորդներ պետք չեն…»: Այսպիսով, Ալիեւը պահանջում է՝ չմտնեք մատի եւ մատանու արանքը, բայց նաեւ հաստատելով, որ սահմանազատում կոչվածն իրականացվում է «առանց որեւէ միջնորդի», այսինքն, առանց ՌԴ-ում պահվող քարտեզների:
Բայց իրո՞ք այս գործընթացում միջնորդներ չկան: Եթե այդպես է, ապա կնշանակի, որ այս անգամ եւս Նիկոլն առաջ է գնացել Հայաստանի համար վատթարագույն տարբերակով: Հաշվի առնելով այն պարզ փաստը, որ եթե անգամ ընդունենք, որ Թուրքիան պաշտոնապես այս գործընթացում չկա, իրականում դա այդպես չէ. Անկարան եւ Բաքուն քանիցս ցույց են տվել, որ գործում են համատեղ, իսկ դա նշանակում է, որ Հայաստան-Ադրբեջան «առանց միջնորդների» «բանակցություններն» իրականում «բանակցություններ» են թուրք-ազերիական տանդեմի հետ: Առավել եւս, որ գործընթացի պաշտոնական շարունակությունը, ինչպես արդեն հաստատվեց, շարունակվելու է Ղազախստանում: Ընդ որում, թեեւ Տոկաեւը շտապեց հայտարարել, թե Ղազախստանը, հրավիրելով հայ-ադրբեջանական բանակցություններն իր մոտ, որպես միջնորդ հանդես չի գալու, այսինքն՝ կողմերն ինքնուրույն են բանակցելու, սակայն այդ դեպքում շատ պարզ հարց կա՝ բա էլ ինչո՞ւ են գնում-հասնում Ղազախստան: Այսինքն, եթե իրականում ընթանար առանց միջնորդների հայ-ադրբեջանական բանակցություններ՝ սահմանազատումից զատ, նաեւ «խաղաղության պայմանագիրը» առաջ տանելու համար, ապա ինչպես որ սահմանազատման հանձնաժողովի՝ փոխվարչապետների պարագայում է, հայ-ադրբեջանական սահմանին կարող էին նաեւ արտգործնախարարները հանդիպել եւ բանակցել: Փոխարենը, երբ գնում են, ինչքան էլ ՀԱՊԿ եւ ԵՏՄ անդամ, բայց թյուրքական պետություն, ավելին՝ թյուրքական աշխարհի առանցքային մասնիկ հանդիսացող Ղազախստան, դա ամենեւին էլ նման չէ «մատի եւ մատանու արանք չմտնելու» տեսլականին:
ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻ ՇԵՄԻՆ
Մյուս կողմից, անկախ այն բանից, որ Նիկոլը, դատելով տեսանելի ազդակներից, դեմ առ դեմ «բանակցում» է թուրք-ազերիական տանդեմի հետ, մեկ է, շարունակում է դեռ ոչ լիովին հստակ մնալ հարցը, թե Ղազախստանը որպես թյուրքական աշխարհի մասնի՞կ է հայ-ադրբեջանական բանակցություններն իր մոտ հրավիրում, թե՞ որպես ՀԱՊԿ եւ ԵՏՄ անդամ, կամ միգուցե համատեղե՞լ է այդ ամենը: Այնպես, ինչպես շարունակում է ոչ հստակ մնալ ՌԴ-ի դիրքորոշումը՝ ներկա սահմանազատման եւ Ղազախստանում սպասվող հանդիպման հետ կապված: Վերջապես, անորոշ է մնում նաեւ հարցը, թե իրականում արդյոք ՌԴ-ում գտնվող քարտեզները չե՞ն դրված սահմանազատման ներկա գործընթացի տակ:
Այս բոլոր հարցերի հստակեցումը կարող էր դառնալ մայիսի 7-9-ին ակնկալվող Նիկոլի այցը Մոսկվա: Բայց անգամ այստեղ է ինտրիգը դեռ պահպանվում: Այսինքն, դատելով տարածված լուրերից, Նիկոլը մայիսի 7-ին եւ 9-ին, այսինքն՝ Պուտինի երդմնակալությանը եւ Կարմիր հրապարակում շքերթին չի մասնակցի, դրանով ի ցույց դնելով, որ շարունակում է դեմ գնալ Մոսկվային: Բայց կա մեդալի մյուս կողմը. ըստ նույն լուրերի, Նիկոլը կմասնակցի մայիսի 8-ին նախատեսված ԵՏՄ-ի նիստին: Բայց բոլորն են հասկանում, որ եթե անգամ մոսկովյան այս այցը շատ կարեւոր է, դրա ժամանակ հնարավոր է, որ առանցքային հարցեր լուծվեն (կամ չլուծվեն, դա էլ է արդյունք), ապա հենց մայիսի 8-ի միջոցառման շրջանակներում է, որ դա կարող է տեղի ունենալ: Իսկ մայիսի 7-ին եւ 9-ին արարողակարգային միջոցառումներ են, եւ այդ օրերին Պուտինը հազիվ թե ժամանակ գտնի հայ-ադրբեջանական ծանր թեմայով զբաղվելու համար: Սա լավ հասկանում են նաեւ մեր տեղական արեւմտամոլները, եւ պատահական չէ, որ Բլինքենին վկայակոչելով, նրանք բացահայտ սպառնում եւ պահանջում են Նիկոլից՝ մայիսի 8-ին չգնալ:
Մյուս կողմից, թերեւս Նիկոլն էլ է քաջ գիտակցում, որ նաեւ մայիսի 8-ին Մոսկվա չգնալը կնշանակի Ռուսաստանի հետ բոլոր, այդ թվում՝ տնտեսական հարաբերությունների խզում: Ասենք, գնալու եւ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չբերելու դեպքում եւս այդ խզումը, միգուցե մի փոքր ուշ, բայց անխուսափելի է: Թերեւս հասկանում է նաեւ, որ այդ դեպքում, հաշվի առնելով, որ Արեւմուտքը փոխարինող ոչինչ չի տալու, ապա այս ֆոնին կառաջանա եւս մեկ գերշիկացման օջախ, որը կգա գումարվելու հողատվության շուրջ ծավալվող ալիքին: Իսկ այս դեպքում մեծ հարց է, թե անգամ ոստիկանական նման բռնաճնշումներով կկարողանա՞ իշխանություն պահել:
Կարճ ասած, ամեն ինչ խոսում է այն մասին, որ Հայաստանն իրոք կանգնած է հանգուցալուծման շեմին: Ընդ որում, ոչ միայն կապված նրա հետ՝ Նիկոլը կմնա՞, թե՝ ոչ, այլ՝ Հայաստան կլինի՞, թե՝ ոչ:
