Պատահական չէ, որ Սրբազանի երեւանյան հավաքը կհաջորդի Նիկոլի Մոսկվայից վերադարձին
Վերլուծություն
Բագրատ սրբազանի շարժը Տավուշից դեպի Երեւան վերջապես անորոշ, անհասկանալի վիճակից հանեց այն գործընթացը, որը ձեւավորվել էր Կիրանցում: Հասարակության մեջ այդ փուլում կար անորոշություն՝ ո՞րն է Կիրանցում ճանապարհ փակելու իմաստը, երբ բոլորի համար է հասկանալի, որ հարցերը պետք է լուծել Երեւանում:
Ի՞ՆՉ ԱՐՏԱՔԻՆ ԿՈՒՐՍ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՇԱՐԺՈՒՄԸ
Ու, թեեւ, Սրբազանի շարժը դեպի Երեւան նախ կոտրեց այդ անորոշությունը, հետո՝ ոգեւորեց եւ շարունակում է էլ ավելի ակտիվացնել հանրությանը, սակայն որոշակի հարցեր, դրանով հանդերձ, մնում են, թեեւ մի շարք հարցերի պատասխաններ էլ տրվեցին: Ամենակարեւոր պատասխաններից մեկը, իհարկե, Բագրատ սրբազանի այն միտքն էր, որ այս շարժումն ունի Վեհափառի օրհնությունը: Այսինքն, գործընթացն առաջ է տանում ոչ թե պարզապես առանձին, թեկուզեւ՝ բարձրաստիճան հոգեւորական, այլ՝ Եկեղեցին: Սակայն դեռ չկա հստակ պատասխան, թե ո՞րն է այս ամենի վերջնանպատակը: Սրբազանը որոշ հայտարարություններ արեց՝ Նիկոլին սահմանազատման ներկա գործընթացից հետ պահելու մասին՝ անորոշ թողնելով նրա հրաժարականի պահանջի թեման: Բայց դա միայն նոր հարցեր է առաջ քաշում: Մի կողմից, եթե ասենք Նիկոլը դադարեցնի ներկա գործընթացը, դրա փոխարեն ի՞նչ պետք է անի, ի՞նչ է առաջարկում շարժումը: Հաշվի առնելով, որ այս հարցին՝ սահմանազատման խնդրին, բացի ներքին թեմատիկայից, ակտիվ ներգրավված է նաեւ արտաքին գործոնը: Վերջին հաշվով, Նիկոլը, ուզենք թե չուզենք, դեռ երկու տարի առաջ Պրահայում է Հայաստանի անունից համաձայնություն տվել սահմանազատում իրականացնել ԽՍՀՄ-ի փլուզման պահին առկա իրողություններին համաձայն, այն է՝ Ալմա-Աթայի իրավական ուժ չունեցող համաձայնագրի հիման վրա: Ինչքան էլ որ դա Արեւմուտքի կողմից պարտադրված էր, մեկ է, այս պահին սա ընկալվում է, որպես Հայաստանի կողմից ընդունված պարտավորություն, որի դեմ, չմոռանանք, հանրային էական ընդվզում ժամանակին չի եղել: Ու հիմա հենց դա է, մի փոքր պլյուս-մինուսով, տեղի ունենում մասնավորապես Տավուշում, ընդ որում, դեռ անգամ բանը չի հասել այդ հատվածում ԽՍՀՄ-ի ժամանակներում եղած ադրբեջանական անկլավներին (մասնավորապես՝ Ոսկեպարից դեպի արեւմուտք ընկած հատվածում): Հայաստանի անունից Նիկոլի տված նման խոստումից հրաժարվելը կարող է առնվազն լուրջ նոր քաղաքական լծակներ տալ Ալիեւին, իսկ առավելագույնը, նա կարող է փորձել ռազմական միջոցներով լուծել «իր տարածքների» հարցը: Այսինքն, եթե կա Նիկոլին ուղղված պահանջ՝ հրաժարվել նման սահմանազատումից, ապա պետք է լինի նաեւ պահանջ, թե դրա փոխարեն ի՞նչ է պետք անել՝ նման բարդություններից խուսափելու համար: Թե՞ պետք է բոլորս հավաքվենք եւ գնանք ներկա տեսքով սահմանները պաշտպանելու. դա էլ է տարբերակ, սակայն եղած բոլոր տարբերակները պետք է հանրությանը հստակ բացատրել:
Ու գալիս ենք հետեւյալին: Եթե Եկեղեցին, Վեհափառի օրհնությամբ, սկսում է համազգային շարժում՝ Նիկոլին հեռացնելու կամ նրան այլ քաղաքական կուրս պարտադրելու համար, ապա պետք է շատ արագ հստակեցում մտցնի նման առանցքային հարցերի հետ կապված:
1. Հույսներս միայն մեզ վրա՞ ենք դնում՝ առանց որեւէ արտաքին գործոն հաշվի առնելով, բոլորով կանգնելով սահմաններին: Այս դեպքում միանգամից առաջ են գալիս տասնյակ հասկանալի նոր հարցադրումներ, որոնց պատասխաններն արդեն իսկ հուշում են նման սցենարի ոչ հեռանկարային լինելը:
2. Թե՞, այնուամենայնիվ, պետք է հաշվարկել աշխարհաքաղաքական եւ արտաքին քաղաքական բոլոր ազդող գործոնները եւ փորձել առաջ շարժվել դաշնակցի (դաշնակիցների) հետ սերտ գործակցության շրջանակներում: Ու այստեղ հասկանալու հարց է՝ ի՞նչ կուրս է առաջարկում շարժումը:
ՆԻԿՈԼԸ ՄՈՍԿՎԱ ԿԳՆԱ
Խոշոր հաշվով, կապված շարժման աշխարհաքաղաքական կուրսի հետ, մեկ նյուանս չի կարող հաշվի չառնվել: Այն բոլոր գործոնները, որոնք այս պահին կան Նիկոլի առաջ, կլինի նաեւ ցանկացած մեկի առաջ, ով կփոխարինի նրան, լինի դա, ասենք, Բագրատ սրբազանը, թե հայաստանյան ընդդիմության մեկ այլ թեւ կամ թիմ: Այն է, կա Արեւմուտքի հայտնի պահանջը՝ Հայաստանից դուրս մղել Ռուսաստանին: Ու զուգահեռաբար, կա նաեւ ռուսական գործոնը՝ հայաստանյան ռազմաբազայի, ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի եւ հայ-ռուսական մի շարք երկկողմ պայմանավորվածությունների տեսքով:
Թե ինչ խնդիրների առաջ է այս երկու ճնշումների ներքո ներկա փուլում Նիկոլը, դրա մասին շատ է խոսվել, չկրկնենք: Բայց նաեւ ունենք այն իրողությունը, որ ներկա պահին այդ երկու ուղղությունների մեջ վերջնական կողմնորոշման յուրօրինակ ինդիկատոր է դարձել հարցը, թե, վերջապես, մոտակա օրերին Նիկոլը պատրաստվո՞ւմ է մեկնել Մոսկվա, թե՝ ոչ: Երեկ Ալենը հաստատեց, որ Նիկոլը, այնուամենայնիվ, Պուտինի երդմնակալությանը չի մասնակցի (իսկ հրավեր ստացե՞լ է, մեծ հարց է), բայց. «Կարծում եմ, որպես նախագահող, ԵԱՏՄ նիստին պետք է մասնակցենք»:
Այսինքն, ինչպես եւ սպասվում էր, այց Մոսկվա լինելու է: Կլինի նաեւ Պուտինի հետ առանձին հանդիպում, կքննարկվեն հայտնի հարցերը, ինչը երեկ հաստատեց ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Թե ինչ արդյունավետությամբ, դեռ կտեսնենք: Բայց նաեւ պետք է աչքի առաջ ունենալ հետեւյալ նյուանսը: Այս պահին Նիկոլը մի կողմից Արեւմուտքից որեւէ ֆինանսական ռեալ օգնություն ստանալու մասին չի էլ կարող մտածել: Եվ մյուս կողմից, թեեւ ողջ ֆինանսատնտեսական համակարգը, տարեկան մի քանի միլիարդ դոլար ծավալով, մնում է կախված ռուսական ուղղությունից, սակայն Արեւմուտքը ոչինչ չտալով, պահանջում է քաղաքական իմաստով հրաժարվել ռուսական ուղղությունից, որը նաեւ կնշանակի այդ միլիարդներից հրաժարվել: Եվ այն դեպքում, երբ Բագրատ սրբազանի արշավը դեպի Երեւան արդեն իսկ պարզ ցուցիչ էր, թե նիկոլյան ռեժիմի հանդեպ Հայաստանում ինչ ներքին անհանդուրժողականություն կա: Գումարենք այս ամենին Ալիեւի ճնշումները, եւ պատկերն ամբողջական կդառնա:
Իսկ ահա ռուսները, կարծես թե, Նիկոլի հետ այլեւս խոսելիք այս պահին չունեն, նրանից սպասում են կոնկրետ քայլեր: Այդ թվում, ինչպես ժամանակին ենթադրելու կարծիք ունեցել ենք, Նիկոլը պետք է հրաժարվի մի քանի ընդգծված ծայրահեղ արեւմտամետ պաշտոնյաներից եւ հստակ վերադառնա ռուսական վեկտոր: Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դը Վաալն էլ, որը վերջին ժամանակներս սկսել է հաճախակի արեւմտյան ցանկությունները հրապարակավ ներկայացնել, ռուսական վեկտորի վերադարձ ասվածը բացատրում է այսկերպ. «Ռուսներն իսկապես ցանկանում են մաս կազմել հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին: Արտաքին գործերի նախարար Լավրովն ասել է՝ «Գիտեք, մենք ունենք լավագույն քարտեզները։ Այսպիսով, դուք պետք է գաք մեզ մոտ՝ որոշելու, թե որտեղով է անցնում սահմանը»: Եվ այստեղ օրակարգն այն է, որ ուզում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Դուք, իհարկե, ունեք ռուս սահմանապահներ Թուրքիայի սահմանին, Իրանի սահմանին։ Նրանք շատ են ուզում, որ այդ սահմանապահները լինեն նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանին»:
Ու թեեւ, ըստ Վաալի, Նիկոլն արագորեն չորս գյուղերը հանձնեց, որը «պետք է դիտարկել որպես Ռուսաստանին հետ մղելու փորձի մի մաս», սակայն դրանով էլ ավելի բարդ վիճակի մեջ ինքն իրեն դրեց: Նախ, նման միակողմանի զիջումով, առավել եւս, երբ այնտեղից հանում են ռուսական ռազմական հենակետը, Հայաստանի անվտանգությունն էլ ավելի վատթարացավ, եւ դա ստիպեց տավուշցիներին՝ ոտքի ելնել, որն էլ դարձավ հիմք դեպի Երեւան նման շարժի համար: Գումարած, դա, Վաալի խոսքով, չի լուծում հիմնական խնդիրը. «Միեւնույն ժամանակ, կա մի կարեւոր բան, որի մասին մենք պետք է խոսենք, մենք ամեն անգամ խոսում ենք դրա մասին, բայց դա դեռեւս աներեւակայելի կարեւոր է: Սա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է՝ Մեղրիով Նախիջեւան տանող երթուղին։ Ես բավականին անհանգստացած եմ, որ այս հարցում Ռուսաստանն ու Ադրբեջանը համագործակցում են»: Իսկ այդ «համագործակցությունն» այն է, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ադրբեջանը պահանջում են, որ այդ գերխնդիրը լուծվի նոյեմբերի 9-ի համաձայնագրի շրջանակներում: Ու թեեւ երեկ հայտնի դարձավ, որ մայիսի 10-ին Ալմա-Աթայում տեղի կունենա Բայրամով-Միրզոյան հերթական հանդիպումը, բայց ասել, թե այս պահին կան հիմքեր, որ «խաղաղության պայմանագրի» անլուծելի հիմնական՝ կոմունիկացիաներին վերաբերող կետը առաջ կշարժվի, ռեալ չէ:
Չնայած, ամեն ինչ կարող է կախված լինել Նիկոլի մոսկովյան այցից: Եթե որոշի՝ համաձայնվել կոմունիկացիաների վերագործարկման առաջարկը իր իսկ ստորագրած տարբերակով՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրով առաջ տանել, ապա դա կարող է միանգամից տեղաշարժ առաջացնել նաեւ «խաղաղության պայմանագրի» հետ կապված: Իսկ դա արդեն հնարավորություն է տալիս, որ սահմանազատումը եւս առաջ գնա ՌԴ ԳՇ-ում գտնվող խորհրդային քարտեզների համաձայն, որի դեպքում ռուսական սահմանապահ ուժերը կմնան հայ-ադրբեջանական սահմաններին՝ որպես անվտանգության հավելյալ երաշխավոր:
ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱԲԱԹ
Ի դեպ, այստեղ չմոռանանք, որ Բագրատ սրբազանի հայտարարություններից մեկում եւս հնչեց միտք, որ նախ պետք է լուծել «խաղաղության պայմանագրի» հարցը, ապա նոր անցնել սահմանազատման՝ վստահելի, ռեալ քարտեզներով: Իսկ առավել ռեալ քարտեզներ, քան ՌԴ ԳՇ-ում գտնվողները, պարզապես գոյություն չունեն. հենց այդ քարտեզներն են հաստատում, թե ԽՍՀՄ-ի ժամանակներում որտեղով է անցել հայ-ադրբեջանական սահմանը: Ընդ որում` չմոռանանք, որ ռուսական առաջարկների մեջ կա նաեւ սահմանազատումը տարածքների փոխանակման սկզբունքներով իրականացնել, որ նախ՝ չմնան անկլավներ, եւ այս կամ այն կողմին պատկանող կենսական կոմունիկացիաները չտուժեն: Ու այս ֆոնին կա նաեւ այն հարցը, թե պատահակա՞ն է, որ շարժումը հայտարարել է մայիսի 9-ին Երեւանում հավաք անցկացնելու մասին: Այսինքն, երբ կավարտվի Նիկոլի մոսկովյան այցը, եւ արդյունքները հասկանալի կդառնան: Կամ, պատահակա՞ն է, որ այս ամենի հաջորդ օրը՝ մայիսի 10-ին նշանակվեց Բայրամով-Միրզոյան հանդիպումը, եւ դա կարող է նաեւ ակնարկ լինել այն մասին, թե իրականում ո՞ւմ առաջարկով Տոկաեւն առաջարկեց այդ հանդիպումն անցկացնել Ղազախստանում:
Նման համընկնումների պատահականությունը, որպես կանոն, չնչին է լինում: Այսինքն, ամեն բան խոսում է այն մասին, որ արդեն այս շաբաթվա ընթացքում կլինեն լրջագույն բացահայտումներ, այդ թվում՝ Հայաստանի ապագայի մասով: