Մոսկվան հենց այնպես չէ, որ ի ցույց դրեց միջուկային զինանոցը
Վերլուծություն
Եվ ահա Հայաստանի շուրջ ընթացող ներկա զարգացումների ֆոնին ՌԴ-ից ստացվեց տեղեկատվություն, որը հերթական անգամ է հաստատում, թե ինչ առանցքային նշանակություն է Մոսկվան տալիս ռուսական հարավային ռազմավարական ուղղությանը: Եվ չմոռանանք, որ կովկասյան հատվածը եղել եւ մնում է այդ ռազմավարության մասնիկ:
Այսպես, ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբը, նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ, սկսել է առաջիկայում Հարավային ռազմական օկրուգի եւ ռազմածովային ուժերի հրթիռային կազմավորումների զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները: Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է, ի թիվս այլնի, մշակել «ոչ ստրատեգիական միջուկային զենքի կիրառման հարցեր»:
Իմաստը սա է: Այս օրերին Արեւմուտքից սկսել է Ռուսաստանին ուղղված սպառնալիքների մակարդակը նկատելիորեն աճել: Մի կողմից, կան խոսակցություններ, որ Մակրոնն արդեն իսկ ֆրանսիական զորքեր է տեղակայել Ուկրաինայում, ավելին, որ նրանք ներառվել են մարտական գործողություննրի մեջ եւ սկսել կորուստներ կրել: Բայց նաեւ, շատ ավելի լուրջ է ՆԱՏՕ-ից եկած մեսիջը: Այն է՝ դեռ հայտարարությունների մակարդակով սկսել են օրակարգ բերել թեզեր, թե կան ՆԱՏՕ-ի որոշակի «կարմիր գծեր», որոնց հատման դեպքում Դաշինքը ուղիղ հակամարտության մեջ կմտնի ՌԴ-ի հետ: Այդ թվում՝ «եթե ռուսական բանակը ճեղքի Կիեւի պաշտպանական շրջանը», «Բելառուսը մտնի պատերազմի մեջ» եւ այլն: Սրանք նախնական տարբերակներն են, եւ ենթադրելի է, որ ժամանակի ընթացքում այդ «կարմիր գծերը» կարող են ավելի ու ավելի «մոտենալ» ներկա ռազմական գործողությունների գոտուն:
Կմտնի՞ ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ պատերազմի մեջ այդ «կարմիր գծերի» հատման դեպքում, չի՞ մտնի, խնդիրն այստեղ դա չէ: Եթե ուզենան մտնել, առանց այդ «կարմիր գծերի» էլ ամեն պահ կմտնեն, որը, բնական է, միանգամից կվերածվի Երրորդ աշխարհամարտի: Շատ ավելի նման է, որ այս կերպ՝ հետագա սրացումների ապառնալիքներով Արեւմուտքում մտածում են ռուսներին մղել ինչ-որ պայմանագրի՝ ռուսական ներկա ակտիվ հարձակումների թափը կոտրելու համար: Խոշոր հաշվով, այս պահին ուկրաինական ռազմաճակատներում ստեղծված է մի իրավիճակ, երբ ռուսները որոշակի հատվածներում ռազմավարական իմաստով ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը: Դրան գումարած, Արեւմուտքում ակտիվորեն խոսում են ռուսների` սպասվող նոր հարձակումների մասին, այդ թվում՝ Խարկովի ուղղությամբ: Եվ եթե դա եւս իրականություն դառնա եւ գումարվի մյուս ռազմաճակատների իրողություններին, ապա միանգամայն ռեալ կդառնա այն հեռանկարը, որ ուկրաինական բանակը կարող է այնպիսի արագությամբ փլուզվել, որ այլեւս այն վերականգնելու որեւէ հնարավորություն չմնա: Այս դեպքում Արեւմուտքին կմնա երկու տարբերակ. սեփական ուժերով Ուկրաինայում կռվել ռուսների դեմ, այն է՝ գնալ Երրորդ աշխարհամարտի: Կամ հաշտվել իրողության հետ, որ ռուսական ուժերը վերադառնալու են Ուկրաինայի արեւմտյան սահմաններ: Ու կարծես թե այլ տարբերակ չեն գտել, քան ՆԱՏՕ-ի «կարմիր գծեր» օրակարգ բերելով՝ ռուսներին մղել բանակցությունների:
Բայց ահա Մոսկվայի պատասխանը այս տեսքով էր: Նախ, հետախուզում հայտարարվեց Ուկրաինայի գործող եւ նախկին նախագահի, ապա ներկա եւ նախկին մի շարք պաշտոնյաների հանդեպ՝ քրեական մեղադրանքների շրջանակներում: Իսկ քրեական գործով մեղադրյալների հետ, հասկանալի է, ոչ մեկը չի բանակցի: Գումարած, մայիսի 20-ին սպառվում է Զելենսկու պաշտոնավարման ժամկետը, եւ ինչքան էլ որ նա չի հրաժարվում իշխանությունից, իսկ Արեւմուտքն աչք է փակում նման իրողության վրա, Մոսկվան նրան էս գլխից է համարել ոչ լեգիտիմ: Այսինքն, ոչ լեգիտիմ պաշտոնյայի հետ բանակցեն, որ ի՞նչ:
Թերեւս, միջուկային զենքի մասին Պուտինի հիշատակած հրամանագիրն էլ այս ամենի գագաթնակետն էր: Երբ ռուսական բանակը սկսում է զորավարժանքներ՝ տակտիկական միջուկային զենքի պրակտիկ կիրառման պլաններ մշակել, ավելին, այդ պլանները տեղափոխել զորավարժանքների մակարդակ, ապա սա ոչ թե Ուկրաինային, այլ՝ ՆԱՏՕ-ին, այն է՝ ԱՄՆ-ին եւ նրա «կարմիր գծերին» ուղղված պարզագույն մեսիջ է՝ եթե ուզում եք, փորձեք:
Եվ մյուս կողմից, չմոռանանք. նույն Հարավային ռազմական օկրուգի եւ ռազմածովային ուժերի պատասխանատվության գոտում է ինչպես կովկասյան, այնպես էլ սեւծովյան-թուրքական ուղղությունը: Մնացածն արդեն Արեւմուտքի որոշելիքն է՝ պահպանե՞լ ներկա դինամիկան, որը, կրկնենք, շատ լուրջ է Ուկրաինայի համար: Հակամարտության մակարդակը մեծացնե՞լ՝ հաշվի առնելով, որ բանը հասել է տակտիկական միջուկային զենքի աստիճանի: Թե՞, այնուամենայնիվ, նստել ռուսների հետ բանակցելու, բայց ուղիղ եւ ոչ թե ներկա Կիեւի մակարդակով: