Վրաստանը խառնեց հայաստանյան «շպիոնների» հաշվարկները
Վերլուծություն
«Քարնեգիի» հիմնադրամի ավագ գիտաշխատող, ուլտրալիբերալիզմի քարոզչամեքենայի մասնիկ, ոչ անհայտ Թոմաս դե Վաալը, ի ցույց դնելով Հարավային Կովկասում անգլոսաքսոնական նկրտումների իրական դրդապատճառները (Տե´ս https://iravunk.com/?p=285205&l=am), Արեւմուտքի համար այդքան անցանկալի «Հյուսիս-Հարավ» միջանցքի առանցքային դերակատարներից մեկին էլ տեսնում է Վրաստանին: «Ռուսական զորքերի դուրսբերումը Ղարաբաղից թուլության նշան է: Նույնը կարելի է ասել Հայաստանի՝ դեպի Արեւմուտք շրջվելու եւ վրաց հասարակության զանգվածային դիմադրության նրան, ինչն ընդդիմությունն անվանում է «ռուսական օրենք»»։
Սա, հասկանալի է, պարզ խոստովանություն է, թե իրականում ում ջանքերն են դրված հայաստանյան իշխանավորների արեւմտամոլության եւ վրացական ընդդիմության ներկա գործողությունների տակ: Այլ հարց, որ մասնավորապես Վրաստանում, որքան էլ Արեւմուտքը փորձեց առաջ տանել հեղաշրջման ծրագիրը, գոնե այս պահին դեռ ոչինչ չի ստացվում: Ավելին, Վրաստանը հաղթահարեց իրենց ֆրանսահպատակ նախագահի վետոն «ռուսական օրենքի» հետ կապված, ինչը Արեւմուտքի համար լուրջ ահազանգ է՝ Վրաստանին աչքի առաջ կորցնում են: Սրան, հասկանալի է, կհետեւեն պատժամիջոցներ, քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ, բայց ներկա դիրքերից քիչ հավանական տեսք ունի, որ նման փորձերով կկարողանան Վրաստանին հետ վերցնել:
Ու ահա այստեղ է, որ նաեւ Նիկոլն է շատ բարդ վիճակում հայտնվում: Այն, որ Ալիեւը նախընտրում է գործել ռուսական աշխարհաքաղաքական վեկտորին, մեղմ ասած, համահունչ: Այն կարգի, որ շատ փորձագետներ չեն բացառում, որ մոտ ժամանակներս Բաքուն ԵԱՏՄ-ին անդամակցության հայտ կներկայացնի: Վրաստանում զարգացումները կարծես թե պարզ են: Իրանը, ի լրումն ՌԴ-ի հետ բազում կապերի, նաեւ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակի հայտ է ներկայացրել: Թուրքիան կցանկանար միանալ ԲՐԻԿՍ-ին, երեկ հայտարարեց Հաքան Ֆիդանը:
Այսպիսով, ստացվում է նման վիճակ: Այս բոլոր երկրները, իհարկե, ունեն սեփական շահերն ու ծրագրերը: Բայց մեկ ընդհանրացնող բան կա՝ բոլորն էլ մաս են կամ պատրաստվում են մաս դառնալ կառույցների, որոնց անուններն անգամ Վաշինգտոնում եւ Լոնդոնում ատելությամբ են ընկալում: Ու Հայաստանը մնում է շրջապատված այդ երկրներով, ընդ որում, արդեն իսկ հանդիսանալով նույն կառույցների անդամ, անկախ դեպի Եվրոպա իշխանական կոչերի: Այս իրավիճակում, մեծ հարց է, որ եթե ինչ-որ գլոբալ փոփոխություն չլինի, ինչպե՞ս է Նիկոլը պատրաստվում հրաժարվել ռուսական ուղղվածության կառույցներում անդամակցությունից՝ արեւմտյան վեկտոր վերցնելով: Իհարկե, կարող ես քեզ տարածաշրջանի «սպիտակ ագռավ» հռչակել: Բայց այն իրավիճակում, երբ անգամ օդային ուղիները կարող են պետք եղած դեպքում փակվել, «ագռավ» լինելն էլ օգուտ չի տա:
Ի դեպ, նախօրեին ուկրաինական դեռ արժանահավատ աղբյուրներից մեկը հետաքրքիր փաստ մատնանշեց. «Մեր աղբյուրը խոսեց վերնախավի շրջանում հաստատված կարծիքի մասին, որը 2022 թվականից պատերազմի սրման մեղավոր է համարում Անդրեյ Երմակին, ով օգտագործել է կապերը բրիտանական հետախուզության հետ` հանուն իշխանության։ Նախագահի աշխատակազմի ղեկավարն օգտագործեց միջազգային կապերը` գլխավոր մրցակից Կիրիլ Տիմոշենկոյին Զելենսկու շրջապատից մաքրելու համար, ով մինչ պատերազմը ամենամեծ բյուջեն ու ազդեցությունն ուներ նախագահի վրա: Պատերազմը Երմակին թույլ տվեց զրկել Զելենսկուն ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ ցանկացած այլընտրանքային տեսակետից եւ կարծիք ներշնչել, որ նա ամբողջ աշխարհի առջեւ առաքելություն է իրականացնում Ռուսաստանի դեմ պայքարում»:
Կարճ ասած, MI6-ի ընդամենը մեկ շպիոնին հաջողվել է այդքան աղետներ բերել մեկ մեծ պետության գլխին: Եվ ահա չմոռանանք, որ Հայաստանում եւս նման շպիոն ունենք, եւ բախվում ենք մեր չափանիշներով ոչ պակաս աղետների: Այն տարբերությամբ, որ Ուկրաինան ուղիղ կապի մեջ է Արեւմուտքի հետ, եւ շպիոններն ազատ աշխատելու եւ դրսից մասշտաբային օգնություն ստանալու հնարավորություն ունեն: Իսկ ահա Հայաստանն Արեւմուտքի համար դարձավ շրջապատված տիրույթ, ու քանի դեռ չեն կարողացել լուծել Վրաստանի խնդիրը, Նիկոլը շատ լուրջ փակուղում է մնում: Եվ այն, որ Նիկոլն իր ծննդյան օրը անձամբ էր զանգահարել Պուտինին, ինչպես պնդում են լրատվամիջոցները, հետաքրքիր եւ շատ բան ասող դետալ է: