Տիկին Քրիստինայի ինչի՞ն էր պետք Ալենին իր «մայրական գիրկն առնելը»
Վերլուծություն
Թե Ալեն Սիմոնյանի հետ նախօրեին ԱԺ այցելած ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ինչ է քննարկել, անկեղծ ասած, հետաքրքիր չէ: ԱԺ-ից պաշտոնապես հայտնում են, թե՝ «Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացը, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը» եւ այլն: Բայց բոլորն են հասկանում, որ Ալենն ամենեւին էլ այն անձը չէ, որ նրա հետ «վերակացուն»՝ ամերիկյան դեսպանն իրականում ինչ-որ լուրջ հարցեր կքննարկեր:
ԴԵՍՊԱՆԻ ԻՆՉԻ՞Ն ԷՐ ՊԵՏՔ ԱԼԵՆԻՆ ԱՅՑԵԼԵԼԸ
Ամերիկյան դեսպանը, ի վերջո, սրանց համար հրահանգներ իջեցնող է, ոչ թե ինչ-որ բաներ քննարկող: Իսկ դրա համար հանդիպելու կարիք էլ չկա. ասում են, կան դեսպանի համապատասխան աշխատողներ, որոնց զանգում, ծայրահեղ դեպքում՝ գնում-փոխանցում են «վերին կամքը»: Այսինքն, ԱԺ նրա այցին պետք է մոտենալ այլ հարցադրմամբ՝ դեսպանի ինչի՞ն էր պետք Ալենին ցուցադրաբար հանդիպելը, հետը նկարվելը ու, միգուցե, մի բաժակ «կոֆե« խմելը: Չէ, սխալ չհասկանաք, ամենեւին էլ այն մտքին չենք, որ Բագրատ սրբազանի կողմից ԱԺ-ի դիմաց միտինգ անելն էր իրական պատճառը, թե դեսպանը եկել էր Ալենին «դուխ տալու» կամ հրահանգելու, որ իր դեպուտատներին լավ տիրությւն անի, որ հանկարծ մեկը չմտածի «Սրբազան շարժում» թռնելու մասին: Այն միտինգն ու ներկայացվող պահանջները Նիկոլի դեմ են, եթե «դուխ տալու» խնդիր լիներ, դեսպանը Նիկոլի մոտ պետք է գնար:
Շատ ավելի նման չէ՞, որ ԱԺ այցելելու բուն իմաստը հենց այդ փաստն էր՝ Ալենին ցուցադրաբար տեսնելը, «մայրական հոգատարությամբ» տեսախցիկի առաջ ձեռքը սեղմելը՝ դրանով ի ցույց դնելով, թե՝ «Ալենը մեր տղան է»: Ու եթե այս տարբերակն է, ապա դրանով ո՞ւմ եւ ի՞նչ մեսիջ հղեց տիկին Քրիստինան: Ուզում է ի ցույց դնել, թե ՔՊ-ն իր հովանավորյալ ո՞ւժն է. բայց դրա կարիքը չկա, բոլորն են հասկանում: Թե՞ ցույց է տալիս, որ անձամբ Ալենին են բարձր գնահատում. այս տարբերակի դեպքում միակ մարդը, ում իմաստ կունենար նման մեսիջ հղելը, թող տարօրինակ չթվա՝ Նիկոլն է, թե՝ «Նիկոլ, միակ մարդը, ում ձեռքը սեղմում ենք, դու չես, տե´ս, Ալենն էլ է մեր տղան»:
Ամբողջ հարցն այստեղ մի փոքր այլ է՝ իսկ ամերիկյան դեսպանը Նիկոլին նման մեսիջ հղելու առիթ ունի՞, փորձենք հասկանալ:
ԻՐԱՆԸ ՍՈՒՊԵՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՇԵՄԻՆ Է
Այն, որ իշխանության գալուց սկսած Նիկոլը փորձել է միաժամանակ խաղալ երկու՝ ռուսական եւ ամերիկյան ուղղության վրա, էլ չասած թուրքական, բրիտանական թեւերի մասին, հին պատմություն է: Երկիրը, իհարկե, դրանից հասավ ոչնչացման եզրին, բայց որ այդ խաղի արդյունքում նա կարողացավ, չնայած բոլոր արածներին, պահել իշխանությունը, դա էլ է փաստ: Միայն թե ներկա փուլում այստեղից այնտեղ թռնելու հնարավորությունն արդեն սեղմվել է մինչեւ «մեկ քայլի» աստիճան. նրա առաջ շատ կոնկրետ պահանջներ է դրված ինչպես Մոսկվայի, այնպես էլ՝ Վաշինգտոնի կողմից. վերջնականապես ֆիքսել, թե որ դիրքում ես, այլապես մենք վերջնականապես կֆիքսենք, որ հակադիր դաշտում ես՝ հեռանկարներով հանդերձ:
Թե ինչու է այս իրավիճակը, դա էլ է հասկանալի, թեեւ թարմ օրինակն ավելորդ անգամ շատ պարզ ցույց է տալիս, թե գլոբալ իմաստով ինչ է տեղի ունենում մեր տարածաշրջանում: Այսպես, նախօրեին իրանական միանգամայն տեղեկացված եւ վստահելի աղբյուրը գրեց. «Ռուսաստանը հայտնել է, որ 73,2 միլիոն տոննա ռուսական ածուխ կարտահանվի Հնդկաստան` Իրանի նավահանգիստների միջոցով: Իրանական IRISL նավափոխադրող ընկերությունը պատրաստել է 300 նավ այս առեւտուրը հեշտացնելու համար, եւ ռուսական ապրանքների առաքման ժամկետը Հնդկաստան 45-ից կնվազի մինչեւ 15 օր։ Իրանը մի քանի միլիարդ դոլար կվաստակի տարանցման վճարներից»:
Վերջերս նույն աղբյուրը հայտնել էր նաեւ, որ իրանական նավահանգիստների հետ կապվող երկաթուղային համակարգը շահագործման է հանձնվել, եւ այս մասշտաբային գործարքի մասին տեղեկությունն էլ եկավ հաստատելու, որ «Հյուսիս-Հարավ» մեգանախագիծը մտնում է ակտիվ գործարկման փուլ, ինչքան էլ որ Արեւմուտքը փորձում է այն խաթարել: Այդ թվում` Հայաստանի միջոցով արգելափակել հյուսիսից դեպի հարավ եւ հակառակ ուղղությամբ ամեն մի հնարավոր շարժ: Արդյունքում, Իրանն արդեն իսկ խոսում է միլիարդավոր դոլարներ (ոչ դոլարային տեսքով) վաստակելու մասին, իր շահույթներին է սպասում նաեւ Ադրբեջանը: Իսկ Հայաստանը դեռ միայն պատմական մասշտաբի կորուստներ է կրում:
Սակայն դեռ ֆինանսական շահն էլ մի կողմ թողնենք: Սա առաջին մասշտաբային գործարքն է, դրան կհետեւեն բազում այլ գործարքներ ու ոչ միայն Հնդկաստանի, այլ նաեւ` Չինաստանի ուղղությամբ: Այս ընդհանրական գործընթացի մեջ ներառվում են նաեւ Մերձավոր Արեւելքի հզոր երկրները, եւ պատահական չէր մասնավորապես Սաուդյան Արաբիայի անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին: Պատահական չէ, որ այդ ուղղությամբ սկսել է շատ ավելի լուրջ նայել նաեւ Թուրքիան, ինչի հերթական հիմնավորումը դարձավ թուրքական արտգործնախարարի ռուսաստանյան այցը՝ Նիժնի Նովգորոդում կայացած ԲՐԻԿՍ-ի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար: Պատահական չէ ՌԴ-ի գերակտիվ գործունեությունն Աֆրիկայում, եւ այլն:
Այս համամոլորակային մասշտաբի գործընթացներում ՌԴ-Իրան կապը, իհարկե, առանցքային դեր ունի: Տնտեսական դաշտում դա «Հյուսիս-Հարավ» միջանցքի տեսքով է, որը բաղդատվում է բազում համեմատաբար մանր ծրագրերի: Եվ, հասկանալի է, որ հաշվի առնելով արեւմտյան մասշտաբային եւ չդադարող գրոհները, նման մասշտաբային ծրագիրն ունի նաեւ անվտանգության ապահովման խնդիր:
Եվ ահա, իրանական աղբյուրը նախօրեին նաեւ այդ անվտանգության ապահովման հետ կապված ուշագրավ տեղեկություն հայտնեց.
«Ռուս-իրանական լայնածավալ գործարքը պաշտոնապես ավարտվեց...
20-ամյա պայմանագիրն այժմ պատրաստ է ստորագրման Պուտինի եւ Իրանի ապագա նախագահի կողմից։
Այս պատմական գործարքը զգալիորեն կամրապնդի Իրանի եւ Ռուսաստանի համագործակցությունը ռազմական, տնտեսական եւ քաղաքական ոլորտներում։ Այս գործարքի շրջանակներում Ռուսաստանը Իրանին կտրամադրի ռուսական ամենաառաջադեմ ռազմական տեխնոլոգիաներից.
Միջուկային սուզանավեր,
Սու-35 արտադրական գծեր Իրանում,
Տ-14 «Արմատա» տանկեր,
Ատոմային ուժային ագրեգատների հավաքում,
Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հրթիռային տեխնոլոգիաներ», եւ այլն:
Իրանն էլ, հասկանալի է, պարտքի տակ չի մնալու, սակայն դա հարցի մյուս կողմն է: Այս պահին կենտրոնանաք ասվածի վրա: Այս տեխնոլոգիաները ստանալու դեպքում, գումարած սեփական հսկայական պոտենցիալը, նաեւ տնտեսական մեգանախագծերից սպասելիքները, Իրանը շատ կարճ ժամանակում վերածվելու է սուպերպետության, տարածաշրջանային անառարկելի լիդերի: Իսկ գլոբալ իմաստով, ռուսականին եթե գումարվի իրանական նման պոտենցիալը, դա նշանակում է Հյուսիսայինից Հնդկական օվկիանոս հասնող գծի նկատմամբ կայուն վերահսկողություն: Թե Թուրքիան այդ գծի որ կողմում կմնա՝ արեւելյան թե՝ արեւմտյան, կարեւոր, բայց ոչ որոշիչ դրվագ է, թեեւ, եթե դրական ավարտ ունենա ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի անդամակցության թեման, այդ հարցի պատասխանը կլինի:
Այդ գծի ո՞ր հատվածում կմնա հարավկովկասյան տարածաշրջանը. սա արդեն որոշիչ գործոն է, քանի որ մեր տարածաշրջանը կա´մ կարող է լինել «Հյուսիս-Հարավի» մասնիկ, կա´մ դրան ուղղված լուրջ սպառնալիք: Ըստ այդմ, Իրանից եկած բազում հայտարարությունները, այդ թվում՝ նախագահ Ռաիսիի ողբերգական մահից հետո, իհարկե, ցույց են տալիս այն կարեւորությունը, որը Թեհրանը տալիս է այս գործընթացներին: Նաեւ Ռուսաստանից եկած բազում հորդորները, որ հայ-ադրբեջանական գործընթացը պետք է լուծում ստանա նոյեմբերի 9-ի համաձայնագրի հիման վրա՝ Մեղրիում ռուսական անվտանգային (ոչ թե տարածքային, ինքնիշխան կամ նման մի բան) վերահսկողությամբ, իր հերթին է իմաստ ստանում «Հյուսիս-Հարավի» այս ընդհանրական համատեքստում: Ու այն, որ Հայաստանում ամերիկյան դեսպանն այցելում է Ալենին՝ «Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը» քննարկելու համար, բնականաբար, թվարկված ամենին արեւմտյան հակազդեցության դիրքերում գտնվող շատ փոքր դետալներից մեկն է:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Նիկոլը, թերեւս, պետք է որ ավելի լավ տեղեկացված լինի, թե ինչ է իր հիմքում ենթադրում ռուս-իրանական հիշատակված «պատմական գործարքը», այն ինչ լրջագույն պոտենցիալ է պարունակում: Նաեւ, որ այս ամենը ամենամոտ ապագայի խնդիր է, փաստաթուղթը համաձայնեցված է Իրանի բարձրագույն ղեկավարության հետ, եւ նոր նախագահին կմնա միայն ստորագրել այն: Վերջապես, թե այս ուղղությամբ հետագա խաղերի ինչ վտանգներ կարող են պարունակել: Այսինքն, Վաշինգտոնը կարո՞ղ է վստահ լինել, որ Նիկոլը վերջնականապես չի թեքվի այդ ուղղությամբ. երեւի՝ ոչ: Թերեւս, Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերի գծով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը կփորձի հավելյալ անգամ երաշխիքներ ստանալ, որ Նիկոլն իրենց «գլխից չի թռնելու»: Ուստիեւ, թերեւս պետք էր նաեւ ի ցույց դնել, թե տես, Ալեն ունենք, ով պատրաստ է օրվա ցանկացած ժամի «ռուս քրֆել»…
Ինչեւէ, սպասենք Օ՛Բրայենի այցի արդյունքներին: Բայց մինչ այդ նկատելով, որ նախօրեին Բագրատ սրբազանը եւս որոշեց միաժամանակ ռուսերեն եւ անգլերեն ուղերձներ հղել: Իսկ սա լուրջ սխալ է. անգամ «երկու աթոռի վրա խաղալու» մեծագույն մասնագետ Էրդողանն է արդեն ստիպված մեկն ընտրել, էլ ուր մնաց, թե քաղաքականության մեջ քիչ փորձ ունեցող Սրբազանին դա հաջողվի: Թե՞ «Ամերիկայեն եգաձ» Օսկանյանն է համոզել, թե «կոմպլոմենտարիզմը» ճիշտ մոտեցում է:
