Պուտինի այցը Փհենյան շատ բան փոխեց աշխարհում
Վերլուծություն
Այն, որ իրոք աշխարհում գերակտիվ տեմպերով փոփոխություններ են ընթանում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=286581&l=am), հերթական ցուցիչը դարձավ ՌԴ նախագահի այցը Հյուսիսային Կորեա: Եվ թող չթվա, թե Հս. Կորեան մեզանից հեռու-հեռավոր ինչ-որ բան է. այս այցի էֆեկտները կզգան շատերը, երեւի նաեւ մեր տարածաշրջանը:
Նախ, սպասելիքները, որոնք այս այցի շեմին հայտնել էինք մեր հրապարակման մեջ, արդարացան: Առանցքային բաղադրիչ դարձավ ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը, որով կողմերն ընդհուպ` պատրաստակամություն հայտնեցին անհրաժեշտության դեպքում միմյանց մինչեւ իսկ ռազմական օգնության հասնել: Այս պահը դեռ վերաբերում է Մոսկվային եւ Փհենյանին: Բայց այն, ինչ կա սրա տակ, վերաբերում է շատ-շատերին: Ինչպես ենթադրել էինք, սա Հս. Կորեայի համար նշանակում է տասնամյակներ բլոկադայի պաշտոնական ճեղքում: Բայց ահա Ռուսաստանի դիրքերից պատկերը մի փոքր այլ է: Այսպես, այդ պայմանագրով Ռուսաստանը, փաստացի, հայտարարեց, որ այլեւս մտադիր չէ հետեւել Արեւմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին թե՛ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով, թե՛ առանց դրա, որոնք խիստ սահմանափակում են Հս. Կորեայի հետ փոխգործակցությունը։ Այս քայլից հետո երկկողմ ասպեկտում բացվում են հորիզոններ՝ անսահման եւ փոխշահավետ կապեր՝ օրինական աշխատանքային միգրացիայից մինչեւ երկու երկրներում առեւտրի եւ արդյունաբերության զարգացում: Ռուսաստանին պակասող ռազմամթերքի մատակարարում` արկեր, համազարկային կայանքներ եւ հրթիռներ: Վերջապես, ինչպես ակնարկեց ռուսական աղբյուրներից մեկը` Հյուսիսային Կորեայի կորպուսը կարո՞ղ է հայտնվել (կամ արդեն հայտնվե՞լ է) Խարկովի մատույցներում, պարզ կդառնա մոտ ապագայում: Ու այն, որ հետեւեց Կիեւի նյարդային ռեակցիան, թե այս ի՞նչ բան է. «Արգելող գործիքներն ընդհանրապես չեն աշխատում։ Սա նշանակում է, որ գործնականում այլեւս կանոններ չկան», նշանակում է, որ հետեւանքները լավ են պատկերացնում: Չնայած, Պուտինի վերջին առաջարկը դեռ ուժի մեջ է:
Բայց էլ ավելի էական է այս «մեդալի երկրորդ երեսը»: Այսպիսով, Ռուսաստանը, ըստ էության, հրաժարվեց իր քայլերը ՄԱԿ-ի կամ արեւմտյան ինչ-ինչ պատժամիջոցների հետ կապելու ռազմավարությունից, այսինքն, նաեւ, իրեն պատրաստ է համարում այդ կտրուկ քայլին գնալ: Իհարկե, ներկա աշխարհում ՄԱԿ-ը եւ նրա ԱԽ-ն դարձել են Արեւմուտքի ձեռքին երկիմաստ գործիք. պետք եղավ` խոսում են ՄԱԿ-ի կանոնակարգերից, պետք եղավ` հանգիստ հրաժարվում են դրանից, ապա հիմա Մոսկվան պարզ ցույց տվեց, որ ինքը եւս անցնում է այդ կուրսին. կանի այն, ինչը բացառապես իրեն է ձեռնտու: Իսկ դա արդեն միայն հյուսիսկորեական ուղղությանը չի վերաբերում, սա վերաբերում է բոլոր ուղղություններին:
Երկրորդը: Պուտինը հայտարարեց, որ Հյուսիսային Կորեան կարող է դառնալ առաջին երկրներից մեկը, որը կստանա ժամանակակից սպառազինության համակարգեր՝ ի պատասխան Ուկրաինային Արեւմուտքի մատակարարումների։ Դա կփոխի ուժերի հարաբերակցությունը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ` աշխարհում։ Եթե նախկինում Փհենյանի հայտարարությունները հրթիռով Վաշինգտոն հասնելու մտադրության մասին զուտ տեսական էին, ապա այժմ դա միայն քաղաքական կամքի խնդիր է։ Կարիք չկա ասելու, թե ինչ են զգում հիմա Սեուլում եւ Տոկիոյում, ասենք նաեւ Վաշինգտոնում, եւ հիմա ստիպված են լինելու խաղաղօվկիանոսյան ճակատն ուժեղացնել` ի հաշիվ եվրոպականի: Էլ չասած, որ Նեթանյահուն իրենն է պնդում` հարձակվում եմ Հեզբոլլահի վրա. եւս մեկ ծանր գլխացավանք:
Իսկ ահա Պեկինի համար դա հրաշալի լուր է. նաեւ իր կողքին է կանգնելու տարածաշրջանային հզոր խաղացողներից մեկը, ընդ որում` հզորության պաշարն էապես մեծացնելու պոտենցիալով: Եվ այսքանից հետո ՌԴ նախագահի հայտարարությունը, թե` կփոխեն միջուկային դոկտրինը` թույլատրելով սովորական պատերազմներում տակտիկական եւ մինի հզորության միջուկային լիցկերի կիրառում, վերջին նախազգուշացումն է Արեւմուտքին: