ԱՄՆ-ն «վիզ դրած» «Զանգեզուրի միջանցք» է սարքում
Վերլուծություն
Տպավորությունն այն է, որ մինչ Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի Ադրբեջան գնալը, ԱՄՆ-ն որոշել է մինչեւ վերջ բացել խաղաթղթերը, թերեւս դրանով փորձելով հավելյալ ճնշումներ գործարկել Ալիեւի վրա: Բայց նաեւ, դրանով Օ'Բրայենը լիովին բացահայտել է, թե իրականում որն է Հարավային Կովկասին այսպես համառորեն կառչած մնալու հիմքերի հիմքը:
Այսպես, Ջեյմս Օ'Բրայենի խոսքով, Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը հանդիսանում է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Կենտրոնական Ասիայի երկրների խնդիրը։ Այսինքն, Ալիեւը պարզապես պարտավոր է այդ ամենը հաշվի առնել: Իսկ ո՞րն է «Կենտրոնական Ասիայի երկրների խնդիրը», նա բացատրում է այսպես. «Նախագահ Ալիեւի հետ մենք շատ հստակ ենք. եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը։ Եվ դա ոչ միայն Ադրբեջանի խնդիրն է, որը հուսով է, որ իրեն կհարգեն որպես համաշխարհային առաջնորդ, երբ կհյուրընկալի COP29-ը, այլ նաեւ ողջ տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի խնդիրն է: Այս բոլոր երկրներն աշխարհի այլ վայրեր այժմ արտահանումներն իրականացնում են միայն Չինաստանի կամ Ռուսաստանի տարածքով, եւ որպեսզի ելք ունենան, պետք է աշխատեն արտահանում իրականացնել Ադրբեջանով։ Մի երթուղին անցնում է Վրաստանի տարածքով՝ դեպի Սեւ ծով, իսկ մյուսը՝ հավանական շատ ավելի մեծ երթուղի, կանցնի Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի տարածքով: Եվ այս առումով մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ՝ վերջ դնելու պատերազմին եւ սարսափելի հակամարտությանը, որը գոյություն ունի 90-ականներից։ Մեր ուղերձն այն է, որ եկել է խաղաղության ժամանակը»,- հայտարարել է Օ'Բրայենը՝ մանրամասնելով, որ այդ մասին Բլինքենը եւս խոսել է Ալիեւի հետ՝ վերջին օրերին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում»:
Մի կողմ թողնելով «խաղաղություն» ու նման գեղեցիկ փաթեթավորումը, ֆիքսենք, թե կոնկրետ որն է Օ'Բրայենի ուզածը: Չնայած, այստեղ ամեն բան պարզ է՝ Կենտրոնական Ասիայից Ադրբեջան, Հայաստան եւ Թուրքիա երթուղի, որը պետք է որեւէ կապ չունենա Ռուսաստանի հետ: Ընդ որում, դա պետք է լինի հիմնական երթուղի, Վրաստանով անցնող ուղին չահանջվող չափանիշներին չի բավարարում:
Ընդհանրացնենք. խոսքը ողջ թյուրքական աշխարհը կապող ճանապարհի մասին է, որը ծրագրված է անցկացնել Հայաստանով: Դրան սովորաբար փորձում են անվանել «Միջին միջանցք», սակայն, ըստ էության, դա նույն «Թյուրքական միջանցքն» է, որը Սյունիքի հատվածում ունի «Զանգեզուրի միջանցք» հայտնի անունը՝ դրա ողջ թյուրքական իմաստով հանդերձ: Ահա Օ'Բրայենի ողջ պահանջի էությունը՝ «Զանգեզուրի միջանցք», որին, ի դեպ, «Օմեգան» Տալլինից արձագանքեց, թե՝ «Հայաստանը պատրաստ է մեկ ամսում ավարտուն տեսքի բերել խաղաղության պայմանագրի տեքստը»: Բնականաբար, հետո կխոսեն Հայաստանի սուվերենությունից եւ նման բաներից, բայց էությունը դրանով չի փոխվում՝ բուն խնդիրը «Զանգեզուրի միջանցքը» բացելն է, եւ նիկոլյան խունտան դրան պատրաստ է:
Այլ հարց է, թե դրան կգնա՞ Ալիեւը: Արոն նվնվում է. «Չեմ կարող ասել, որ մեր ադրբեջանցի գործընկերներից դրական արձագանք ենք տեսել այս առաջարկին՝ խաղաղության պայմանագիրը մեկ ամսում ստորագրելուն»: Սակայն, բնական է, դա չէ Ալիեւի համար էականը, այլ հետեւյալ գործոնը:
Այն, ինչ ներկայացնում է Օ'Բրայենը, նոր բան համարել պետք չէ. այս ծրագիրը՝ Թուրքիայից Հայաստանով Ադրբեջան եւ Կենտրոնական Ասիա անգլոսաքսերը փորձում են իրականացնել 1990-ականներից սկսած՝ տարբեր անվանումներով: «Գոբլի պլան» ու նման բաներ: Ուստիեւ Հեյդարովիչը պարզ հասկանում է, որ սա ոչ թե պարզապես թյուրքական աշխարհը իրար կապող միջանցք է, այլ շատ հստակ բաժանարար գիծ, պատնեշ ՌԴ-ի եւ Իրանի միջեւ: Մինչ այժմ Մոսկվան եւ Թեհրանը միանգամայն հստակ բոլորին ազդարարել են՝ չանեք, դա մեզ համար մեծ վտանգ է: Իսկ դա նշանակում է, որ եթե այդ նախագիծը մտնի պրակտիկ իրականացման փուլ, ինչպես Մոսկվայի, այնպես էլ Թեհրանի պատասխանը լինելու է միանշանակ: Պետք եղավ՝ նաեւ ռազմական տարբերակով, ինչպես ցույց տվեց Ուկրաինայի պատմությունը: Կարճ ասած, ոչնչացման դատապարտված Բայդենի վարչախումբը հրահրում է մեծ պայթյուն այս տարածաշրջանում, իսկ նիկոլյան թիմակիցները պատրաստակամորեն խաղում են դրա օգտին:
Մնացածն էլ Ալիեւի որոշելիքն է, թե ինչ պատասխան կտա առաջին հայացքից իր համար Օ'Բրայենի այդքան հրապուրիչ առաջարկին, որի տակ իրականում կարող է անհատակ անդունդ լինել:
Ք.Ս.