Նոր նախագահն Իրանը կդարձնի համաշխարհային նշանակության գերտերություն
Վերլուծություն
Իրանում այսօր ընտրում են երկրի նախագահին: Թե ով կարող է փոխարինել երկրի ներսում եւ դրսում հսկայական հեղինակություն վայելող Սեյյեդ Իբրահիմ Ռաիսիին, այս պահին արդեն կանխատեսելն իմաստ չունի. մեկ-երկու օր, եւ ամեն բան պարզ կդառնա:
Իրանի պարագայում իմաստ չունի նաեւ կանխատեսել, թե նոր նախագահից ինչ փոփոխություններ են պետք սպասել: Ներքին քաղաքականության, տնտեսության մեջ, միգուցե, որոշակի այլ կուրս նոր նախագահի մոտ կարող է լինել: Ասենք, արտաքին քաղաքականության հարցում միգուցե որոշակի տակտիկական տեղաշարժեր հնարավոր են: Բայց ռազմավարական առումով, ով էլ ընտրվի հինգ թեկնածուներից (վեցերորդ թեկնածուն՝ Ամիրհոսեյն Ղազիզադե Հաշեմին վերջին պահին դուրս եկավ մրցապայքարից), գործնականում անհնար է, որ Իրանի ներկա կուրսը փոխվի: Ու որ էական փոփոխություններ չեն լինելու, քանիցս ֆիքսվեց նաեւ այս միջանկյալ փուլում, երբ երկիրն ուներ ժամանակավոր նախագահ, սակայն որեւէ գլոբալ գործընթացի շարունակականություն այդպես էլ չխաթարվեց:
Իրանի ներկայիս քաղաքական կուրսը, ընդհանրական իմաստով, թերեւս հասկանալի է: Առաջին պլանում է ՌԴ-ի, Չինաստանի, Հնդկաստանի հետ հարաբերությունների հարցը, որի արդյունքում Իրանն էապես ամրապնդում է իր տարածաշրջանային դիրքերը: Բայց միաժամանակ այդ դիրքերը չարաշահելու միտում եւս տեսանելի է. Թեհրանը վերջին մեկ-երկու տարվա ընթացքում գնում է նաեւ իր տարածաշրջանային երբեմնի մրցակիցների, անգամ կարելի է ասել՝ թշնամիների հետ հարաբերությունների կայունացման ուղղությամբ:
Եվ ահա ընդհուպ՝ նախընտրական վերջին օրերին ի հայտ եկան նյուանսներ, որոնք ցույց են տալիս, որ նախ՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կանխատեսվող ընթացքը ոչ թե պարզապես պահպանում է նույն դինամիկան, այլ նաեւ կտրուկ զարգացումների հեռանկարներն աչքի առաջ են: Խոսքը նախ Իրան-ՌԴ «Համապարփակ համաձայնագրի» մասին է, որի առնչությամբ նախօրեին ՌԴ-ում Իրանի դեսպանը հերթական անգամ փաստեց. «Անցյալ շաբաթ լավ բանակցություններ եղան Իրանի եւ Ռուսաստանի միջեւ համապարփակ համագործակցության համաձայնագրի շուրջ, եւ մենք վերջնական փուլում ենք։ «Համապարփակ համաձայնագրի» վերջնական ստորագրումը կիրականացնի Իրանի հաջորդ կառավարությունը»: Ռուսաստանը եւս հաստատել է, որ պայմանագրի տեքստը պատրաստ է, եւ սպասում են նախագահական ընտրություններին եւ նոր կառավարության ձեւավորմանը՝ այն ստորագրելու համար: Իսկ ահա իրանական հարթակներում ակտիվ են խոսակցությունները, որ նոր նախագահը չի հապաղի իր առաջին արտաքին այցերի հարցում, ընտրված են Մոսկվան եւ Պեկինը: Եվ մեծ հավանականությամբ հենց մոսկովյան այցի շրջանակներում էլ կստորագրվի այդ համաձայնագիրը, որը ենթադրում է մասշտաբային գործակցություն բոլոր ուղղություններում եւ հատկապես՝ ռազմական:
Իսկ ահա ընտրությունների շեմին ստորագրվեց ռուս-իրանական եւս մեկ համաձայնագիր, որը, գումարվելով կոմունիկացիոն հսկա պոտենցիալին, միանգամայն հետաքրքիր իրավիճակ է խոստանում Իրանին: Այսպես, գնահատելով նախօրեին Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ հուշագրի ստորագրումը, որով դեպի Իրան ռուսական գազի մեծ արտահանումներ են սպասվում, իրանցի փորձագետն այն կարծիքն է հայտնել, որ դա. «Կարեւորագույն քայլ է Իրանը համաշխարհային նշանակության գազային հանգույց դարձնելու համար»: Փորձագետի ներկայացմամբ. «Ընդամենը պետք է, որ այս համաձայնագիրը կյանքի կոչվի, եւ դուք կտեսնեք, որ Իրանը կդառնա ինքնաբավ գազային արդյունաբերության շատ ոլորտներում, կհասնի գիտական բարձր մակարդակի եւ, ամենակարեւորը, աշխարհաքաղաքական նշանակալի կշիռ կստանա»: Այսինքն, եթե մինչ այս Թուրքիան իրեն պատկերացնում էր տարածաշրջանային հիմնական գազային հաբի դերում, տեւական եւ ծայրահեղ տատանողական քաղաքականության արդյունքում հիմա կարող է հավակնել երկրորդական հաբի դերին: Այն է՝ իրանական հիմնական հաբի եւ ռուսական ուղիղ մատակարարումների հաշվին դառնալ Եվրոպային սնուցող օղակ: Ընդ որում, եթե շտապի պայմանավորվել, հաշվի առնելով, որ Իրանի համար, որպես գազային հաբի, կարող է շատ ավելի նախընտրելի դառնալ ասիա-հնդկական եւ աֆրիկյան ուղղությունները, որտեղ տնտեսական բուռն զարգացումներ են: Ու սա պատճառներից մեկն էր, որ Անկարան խոսեց դեպի ԲՐԻՔՍ թեքվելու տրամադրությունների մասին, թեեւ մի փոքր արդեն ուշացած: ԲՐԻՔՍ-ը, որտեղ արդեն Իրանը եւ Սաուդյան Արաբիան՝ Թուրքիայի հիմնական մրցակիցները, կայուն դիրք ունեն, անցնում է նոր անդամների ընդունելության (այս պահին կա 30-ից ավել հայտ) ավելի բարդ մեխանիզմների` թերեւս մտածելով նախ լուծել մի քանի հարցեր: Այդ թվում՝ միասնական արժույթի, որ նոր անդամները կարողանան ընդամենը միանալ դրան, այլ ոչ թե ստանձնեն «հարց լուծողի» ֆունկցիա:
Եթե սրան էլ ավելացնում ենք Թեհրանի առկա ռազմական պոտենցիալը, դրա աճի հեռանկարները ՌԴ-ի հետ համագործակցության արդյունքում, ապա Իրանի մոտ ապագան պատկերվում է համաշխարհային նշանակության տարածաշրջանային գերտերության տեսքով: Հենց դա էլ նոր նախագահն իրականություն է դարձնելու: