Մոսկվայի ամենածանր մեսիջն Արեւմուտքին
Վերլուծություն
Հայաստանի շուրջ ներկայումս ստեղծված իրողությունները, թերեւս, կարող են նաեւ կտրուկ փոխվել (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=287453&l=am): Նկատի ունենք մեծ տարածաշրջանի ներկա իրավիճակը, որը պայթյունավտանգ է, եւ թե ինչ կլինի պայթյունի դեպքում, դժվար է ենթադրել:
Խոսքը Իսրայելի եւ Հեզբոլլահի խիստ հավանական դարձած պատերազմի մասին է, որի բռնկման դեպքում ողջ տարածաշրջանով մեկ պայթյունից հազիվ թե հաջողվի խուսափել: Իսկ այդ դեպքում բոլոր հնարավոր տարբերակները դառնում են միանգամայն հավանական:
Այսպիսով, կլինի՞ այդ պատերազմը: Ակնհայտորեն, արեւմտյան ուլտրալիբերալ հատվածը, հրապարակավ խոսելով խաղաղության անհրաժեշտության մասին, «տակից» հրահրում է Նեթանյահուին՝ անցնել հարձակման: Նույնիսկ՝ հավանական ժամկետներից են սկսել խոսել, որը պատերազմ հրահրելու ամենագործուն մեխանիզմներից է: Օրինակ, Bild-ը պնդում է՝ հուլիսի երկրորդ կեսին Իսրայելը կարող է հարձակվել: Ինչից ելնելով. ոչ մի հիմնավորում: Պարզապես ամեն կողմից նույն բանն է՝ «կարող է հարձակվել», որը ենթադրում է հակառակ կողմի ռեակցիան, ու կամաց-կամաց պատերազմի հավանականությունը դառնում է ռեալ:
Ընդ որում, մեծ հարցական կա, թե իրականում ԱՄՆ-ն ցանկանո՞ւմ է նման պատերազմ, որը կարող է Բայդենի վարկանիշին հասցված ամենախոշոր եւ ամենավճռական հարվածը դառնալ: Հաշվի առնելով, որ եթե սկսվի պատերազմ, ապա ԱՄՆ-ին հազիվ թե հաջողվի դրան ներգրավելուց զերծ մնալ: Առավել եւս, որ Իրանն արդեն պաշտոնապես հաստատել է՝ Հեզբոլլահի դեմ պատերազմի դեպքում իրանական բոլոր ուժերը չեն հապաղի միջամտել:
Թերեւս, պատահական չէր, որ օրերս Իսրայելի եւ Հեզբոլլահի խիստ հավանական դարձած պատերազմի թեմային է անդրադարձել ոուս փիլիսոփա Ալեքսանդր Դուգին` ասելով. «Մերձավոր Արեւելքում հակամարտությունը սրվում է: Իսրայելը գտնվում է Լիբանանի հետ ուղիղ բախման շեմին։ Եկել է ժամանակը, որ Ռուսաստանը սկսի ռազմավարական զենք, ներառյալ մարտավարական միջուկային զենք մատակարարել Հեզբոլլահին եւ հուսիթներին: Ագրեսիվ իսրայելցիներն ու գլոբալիզմի գործակալներն ունեն այս տեսակի զենքեր, մինչդեռ նրանց հակառակորդներն ու բազմաբեւեռ աշխարհի կողմնակիցները չունեն: Սա անհավասարակշռություն է ստեղծում: Անհրաժեշտ է գործել մինչեւ Թրամփի հնարավոր միջոցները: Կուբան, Նիկարագուան, Վենեսուելան եւ Վիետնամը պետք է դառնան միջուկային տերություններ: Իրանը`իհարկե: Ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել նաեւ Մեքսիկային, որտեղ խոստումնալից նախագահ Կլաուդիա Շեյնբաումը վարում է արդյունավետ հակագլոբալիզացիոն քաղաքականություն։ Նրանք խախտել են մեր բոլոր կարմիր գծերը։ Մենք պետք է վճռականորեն անցնենք նրանց կարմիր գծերը։ Սա ողջամիտ է»:
Ամբողջ հարցն այն է, թե Դուգինը նման կտրուկ մտքեր է հնչեցնում սեփական նախաձեռնությա՞մբ, թե՞ սա ավելի նման է մասնավոր անձի միջոցով ուղղված շատ ավելի խորքային մեսիջի: Բայց, անկախ նման հարցադրման պատասխանից, մեկ բան այստեղից ենթադրելի է: Իրականում Մոսկվայի համար ձեւավորվել է մի այնպիսի գլոբալ իրավիճակ, որի պարագայում Դուգինի թվարկած քայլերին դիմելը դարձել է միանգամայն հավանական: Այսինքն, ասվածը կարելի է նաեւ ընկալել որպես մի վերջին նախազգուշացում. Ռուսաստանն ունի այս-այս կոնկրետ քայլերին գնալու մեծ մոտիվացիա, շատ մոտ է այդ սահմանագծին ու կանցնի՞ այդ գիծը, արդեն կախված է Արեւմուտքի քայլերից: Սա առաջին հերթին միանգամայն հասկանալի մեսիջ կարող է լինել Իսրայելի համար, որն օրերս խոսում էր իր միջուկային զենքից՝ որպես «համոզիչ փաստարկ»: Իսկ ի՞նչ կանի Թել Ավիվը, եթե հանկարծ պարզվի, որ այդ «համոզիչ փաստարկին» արդեն իսկ տիրապետում են նաեւ Հեզբոլլահը եւ հուսիթները, այսինքն, կարողացել են իրենց «տնայնագործական արհեստանոցներում» միջուկային զենք ստանալ: Էլ չասած Իրանի մասին, որը կարող է ոչ թե տակտիկական, այլ նաեւ ստրատեգիական միջուկային զենք «արտադրել»:
Սա մեսիջ է նաեւ ամերիկացիներին, ավելի ճիշտ՝ հիշեցում Կարիբյան ճգնաժամի մասին. բա ինչո՞ւ Կուբան ու Վենեսուելան չպետք է իրենց պաշտպանված զգան, իսկ ի՞նչ կասեք Մեքսիկայի մասին: Իսկ փաստը, որ Բելառուսն արդեն «միջուկային հովանոցի» տակ է, պետք է որ արեւմտյան հետախուզությունների համար համոզիչ դարձնի, որ այդ «հովանոցից» կարող են շատերն էլ ունենալ, պետք չէ սրան-նրան մի գլուխ վախեցնել:
Այն, որ իրական հասցեատերերը լավ էլ հասկացել են այս մեսիջի իրական իմաստը, թերեւս պարզ է: Եթե սա էլ չընկալեն, դե այդ դեպքում Երրորդ աշխարհամարտը կդառնա երաշխավորված: Բայց այն նախնական տպավորությունն է, որ սկսել են ընկալել: