Առաջիկա չորս ամիսներն ԱՄՆ-ի եւ աշխարհի համար ծայրահեղ թեժ են լինելու
Վերլուծություն
Թրամփի դեմ մահափորձից շատ չանցած` սկսեցին պտտվել տարաբնույթ վարկածներ: Ամենակարեւորը Թրամփի դեմ կատարվածի հարցում սա է: Հրաձիգը սպանված է, ըստ ամենայնի, հետաքննության արդյունքում, ինչպես ցույց է տալիս դրա նախնական ընթացքը, կունենանք նույն բանը, ինչ Քենեդիի սպանության դեպքում՝ ինչ-որ միայնակ ծայրահեղական վերցրեց հրացանն ու կրակեց: Այսինքն, այս ամենին ավելի լավ է մոտենալ անվրեպ հարցադրման կողմից` «ում էր ձեռնտու»: Իսկ այս հարցի պատասխանը էական է մեկ այլ հարցադրման համար՝ ի՞նչ հետեւանքներ կունենա այս պատմությունը:
ՔԵՆԵԴՈՒ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-2
Նախ, որ սա իրոք սպանության փորձ էր, այլ ոչ թե ներկայացում (կա նաեւ վարկած, որ հենց Թրամփն էր կազմակերպել), ապացուցում է փաստը, որ գնդակն անցել է գլխից միլիմետրերով հեռու, եւ եթե այդ պահին Թրամփը չշրջվեր, սա կլիներ ոչ թե մահափորձ, այլ՝ սպանություն: Նման խաղ սարքելն անհնար է, եւ հարցադրումը, թե ում էր պետք Թրամփին սպանելը, միանշանակ տեղին է: Ուրեմն, ո՞ւմ էր ձեռնտու. շատերին, եւ տասնյակ վարկածներ այս պահին կան: Ու գալիս է երկրորդ հարցը. իսկ ո՞վ նման հնարավորություն ուներ եւ ծայրահեղ ռիսկի գնալու ցանկությու ուներ: Այստեղ վարկածներն էապես պակասում են: Համենայնդեպս, փորձագետներն այս պահին խոսում են երկու-երեք առանցքային վարկածից:
ԲԱՅԴԵՆ
Թրամփին լիկվիդացնելը, իհարկե, առաջնային կարեւոր է Բայդենի ու նրա մերձավոր թիմի համար: Այս մահափորձին նախորդած հարցումները Բայդենի համար մահացու պատկեր էին ֆիքսում: Այն է՝ Թրամփի վարկանիշն անցել է 60 տոկոսից: Բայդենինը՝ Թրամփի հետ բանավեճից հետո շեշտակի անկում է ունեցել եւ 20 տոկոսի շրջակայքում էր, մի շարք հարցումներով էլ՝ 15-ի: Կամալա Հարիսի վիճակը, եթե հանկարծ որոշեն նրանով Բայդենին փոխարինել, շատ ավելի վատ է՝ 10%-ի կարգի (ինֆոգրաֆիկայում վերջին հարցումներից մեկի արդյունքներն են): Սա նշանակում է պարտություն՝ դեռ անգամ քվեարկությանը չհասած: Իսկ իշխանափոխության դեպքում Թրամփը խոստանում է գնալ գլոբալ տեղաշարժերի, որը կարող է հասնել դոլարի մոնոպոլիայից հրաժարվելու եւ այն «պետականացնելու», ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու աստիճան եւ այլն:
Բայց, ըստ ամենայնի, Սպիտակ տանը նաեւ մեկ այլ պարզ ճշմարտություն են հասկացել. խնդիրն այն չէ, որ Թրամփն ունի անհաղթահարելի բարձր վարկանիշ, այլ այն, որ Բայդենի վարկանիշն է ծայրահեղ ցածր, ու այդ իրավիճակում նա թույլ չի տվել, որ այլ թեկնածու առաջ գա եւ կայանա քարոզչական դաշտում: Հիմա արդեն շատ ուշ է: Մինչդեռ Թրամփի պարագայում, եթե անգամ նրան սպանեն, ապա ողջ քաղաքական կապիտալը, այդ թվում՝ սպանության արդյունքում կուտակվող, կանցնի նրան փոխարինողին: Հաշվի առնելով, որ եթե անգամ իրավական հարթակում սպանությունը չբացահայտվի, ապա մեկ է, ընտրողների մոտ Բայդենի «սատանայացումը» եւ Թրամփի «նահատակացումը» չես կանգնեցնի:
Այսինքն, որքան էլ որ Բայդենի թիմին պետք է Թրամփի լիկվիդացիան, ունեն դրա հնարավորությունը, սակայն հավանական հետեւանքների հետ կապված հաշվարկները թուլացնում են այս վարկածը:
«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»
Եվս մեկ վարկած կա, որը մի փոքր դավադրությունների տեսության դաշտում է` բայց էլի միանգամայն ռեալ եւ առաջնային: Այս վարկածի կողմնակիցները հիշել են Քենեդու սպանությունը, այսինքն, այդ սպանությունը դոլարի հետ կապող վարկածը: Քենեդին եւս խոսում էր պատերազմը (այն ժամանակ՝ Վիետնամում) կանգնեցնելու, ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, եւ նույն մտքերը հիմա Թրամփն է առաջ տանում: Գլխավորը՝ Քենեդին դոլարը կապեց թանկարժեք մետաղների հետ, նաեւ 1963 թվականի հունիսի 14-ին ստորագրելով ԱՄՆ նախագահի թիվ 11110 հրամանագիրը, որով ԱՄՆ գանձապետարանի դեպարտամենտը իրավունք ստացավ թողարկել դոլար՝ ապահովագրված արծաթով։ Անգամ սկսվեց տպագրություն. դոլարների վրա «Ֆեդերալ ռեզերվային համակարգի» փոխարեն նշված էր «Ամերիկայի Միացյալ Նահանգներ», որը ամենալուրջ հարվածն էր Ֆեդերալ ռեզերվային համակարգի սեփականատերերին, որոնցից շատերը համարվում են «համաշխարհային գաղտնի կառավարության» կազմ: Իսկ ահա 1963 թվականի նոյեմբերի 22-ին Քենեդին հրապարակավ գնդակահարվեց։ Մինչ օրս, թեեւ ԱՄՆ նախագահի թիվ 11110 հրամանագիրը չեղարկված չէ, սակայն ԱՄՆ որեւէ նախագահ չի մտածել «Ամերիկայի Միացյալ Նահանգներ» նշմամբ դոլար տպագրելու մասին: Իսկ Թրամփը, մեծ է ռիսկը, որ այդպես կարող է վարվել:
Սակայն այս վարկածը եւս թերութուն ունի: Ընդունված է համարել, որ հենց հիշատակված «Համաշխարհային ստվերային կառավարությունն» է Բայդենի եւ այդ թիմի «տանիքը»: Եվ եթե որոշել էին Բայդենի վերընտրվելու համար Թրամփից ազատվել, ապա հիշատակված խնդիրը, կապված Բայդենի խիստ ցածր վարկանիշի հետ, նրանց առաջ էլ կա:
Բացի այդ, «Համաշխարհային ստվերային կառավարությունը» կամ նրա առանձին «շատ մեծ փողերի տոպրակ» անդամներ պետք է որ օգտվեն լավագույններից լավագույն պրոֆեսիոնալների ծառայությունից: Այնպիսի պրոֆեսիոնալների, որոնք չէին վրիպի, անկախ նրանից, թե այդ պահին Թրամփը գլուխը շարժե՞ց, թե՝ ոչ: Եվ միայն այն, որ հրաձիգը վրիպել է՝ դրանով Թրամփին հնարավորություն տալով արյունոտ դեմքով եւ բռունցքը վեր պահած, այն է՝ պատմական կերպարի հավակնող տեսքով կանգնել հանրության առաջ, արդեն իսկ հարցեր են առաջ քաշում այս գործում շատ մեծ փողերի ներդրման եւ ամենալուրջ պրոֆեսիոնալներին ներգրավելու կապակցությամբ: Իսկ «համաշխարհային կառավարությունը» հազիվ թե նման միամտություն աներ. եթե կրակել, ուրեմն պետք է երաշխավորված հաջողություն լիներ:
ԶԵԼԵՆՍԿԻ
Թող անհավանական չթվա, սակայն մի շարք հեղինակավոր վերլուծաբաններ չհապաղեցին առաջ մղել Զելենսկու հետ կապված վարկածը՝ այն կապելով «ում է ամենաշատը ձեռնտու» հարցի հետ:
Սույն փորձագետներն այն մտքին են, որ միգուցե Բայդենից էլ շատ Թրամփի մահը պետք էր Զելենսկուն: Ընդ որում, այս դեպքում անկախ նրանից, թե դա ԱՄՆ-ի համար ինչ հետեւանքներ կունենա՝ քաղաքացիական պատերազմ, թե՝ ինչ: Բացատրությունը սա է: Զելենսկու թիմում վստահ են, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո նոր նախագահը կնվազեցնի, նույնիսկ կզրոյացնի Ուկրաինայի ռազմական օգնության ծավալը եւ կփորձի բանակցել Ուկրաինայի հաշվին հակամարտության ավարտի մասին։ Դրա հետեւանքը, գրեթե միանշանակ, Զելենսկու եւ նրա կարկառուն թիմակիցների ֆիզիկական ոչնչացումն է լինելու:
Նաեւ այն հաշվարկով, որ Զելենսկին գործնականում չունի հույսեր, որ կկարողանա Թրամփի հետ պայմանավորվել: Նախորդ ընտրություններում նա ցուցադրաբար դավաճանեց Թրամփին: Բավական է մի քանի բառ հաստատել, թե ինչպես են Բայդենն ու նրա ընտանիքը Ուկրաինայում հարյուրավոր միլիոնավոր դոլարներ գրպանը դրել, ինչպես է նաեւ հանուն սեփական շահի թեժացրել այդ հակամարտությունը եւ դրանում ԱՄՆ-ի ներգրավվածությունը, ԱՄՆ-ի վերջին տարիների պատմությունը կարող էր այլ կերպ ընթանալ, Բայդենն էլ, միգուցե, կհայտնվեր բանտում: Բայց Զելենսկին դավաճանեց Թրամփին, եւ արդեն վերջինս հայտնվեց դատարանի եւ բանտի առաջ: Կների՞ դա Թրամփը. հաստատ ո´չ:
Ինչ ռազմավարություն կընտրի Թրամփն Ուկրաինայի հարցում, այստեղ հարցեր, իհարկե, կան: Բայց որ ցանկացած տարբերակի մեջ նախագահական լեգիտիմությունը կորցրած Զելենսկին չի տեղավորվում, այստեղ այս պահին արդեն հարցեր չկան. Թրամփի հաղթանակի պարագայում Զելենսկին կոչնչանա: Ըստ այդմ էլ՝ այս երկու առանցքային պատճառով Թրամփի չլինելը ցանկացող բազում ուժերի ցանկում Զելենսկին առաջին տեղում է:
Զելենսկին ԱՄՆ-ում մահափորձ կազմակերպելու տեխնիկական եւ քաղաքական բոլոր հնարավորություններն ուներ: Նաեւ այն, որ գործել է լավ, բայց ոչ երբեք լավագույն հրաձիգը, այս վարկածի մեջ տեղավորվում է:
Այսքանից զատ, Զելենսկու թիմը քանիցս ցուցաբերել է ամեն մի հարց առանց որեւէ սահմանափակման, ուժային մեթոդով լուծելու հակում՝ անկախ արյան քանակից: Ուկրաինական կողմը նաեւ ունի պետք եղած դեպքում հեռակա կարգով մահափորձեր կազմակերպելու լուրջ փորձ ։ Ի վերջո, ԱՄՆ-ն ունի ուկրաինական մեծ սփյուռք, որի ներկայացուցիչների մի մասը հավանաբար կապի մեջ է ուկրաինական հատուկ ծառայությունների հետ։
Այսինքն, այս վարկածի դեպքում «բոլոր երնեկները մի տեղ են»՝ շատ մեծ մոտիվացիա, հնարավորություն, փորձ, «արգելակների բացակայություն» եւ այդպես շարունակ:
ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Բայց եղավ այն, ինչ եղավ: Հրաձիգը վրիպեց, Թրամփը հանրության առաջ արյունոտված դեմքով եւ վեր պարզած բռունցքով կանգնելու փայլուն առիթ ստացավ, եւ ինչպես Դմիտրի Մեդվեդեւն է համոզված. «Հիմա նա արդեն հաղթել է: Եթե միայն նրան չսպանեն»:
Կարո՞ղ են սպանել. իհարկե: Միայն թե հիմա Թրամփը շատ ավելի պաշտպանված կլինի:
Մեկ բան եւս այս պատմությունն ի ցույց դրեց. խաղադրույքներն այնքան մեծ են, որ այնպիսի ռիսկային քայլերը, ինչպիսին է նախկին եւ, ըստ ամենայնի, ապագա նախագահի սպանության պատվերը գնահատվում է` որպես լուծում: Եվ դա տրամաբանական է. խոսքը ոչ թե ընդամենը իշխանությունը հանձնելու, այլ՝ ներամերիկյան եւ գլոբալ համակարգային փոփոխությունների մասին է: Կամ ընթացող փոփոխությունների ներամերիկյան մոտեցումների հստակեցման, երբ դա կարող է ամերիկյան էլիտայի այս կամ այն թեւին ընդհուպ՝ ոչնչացմամբ սպառնալ: Իսկ եթե մահափորձը չստացվեց, դա չի՞ նշանակում, որ ավելի արմատական քայլեր կլինեն, ընդհուպ՝ քաղաքացիական պատերազմ: Կարճ ասած, այն կանխատեսումը, որ առաջիկա չորս ամիսները ԱՄՆ-ի եւ աշխարհի համար ծայրահեղ թեժ են լինելու, իրեն արդարացնում է: