Ալիեւն ու Նիկոլը սպասում են մեծ շրջադարձերի
Վերլուծություն
Այն, որ ամերիկյան ընտրություններին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=288943&l=am) ուշադիր հետեւում եւ արդյունքներին սպասում է Ալիեւը, ասենք նաեւ Նիկոլը, վերջին ժամանակներս ավելի ու ավելի է տեսանելի դառնում: Այդ մասին պարզ ցույց տվեց փաստը, որ Վաշինգտոնի կազմակերպած վերջին Բայրամով-Միրզոյան հանդիպումն ավարտվեց լիակատար ձախողմամբ եւ Բլինքենի համար միանգամայն ծանր նոտաներով: Մեր եզրակացությունը, որ ամեն դեպքում պաշտոնը լքող Բլինքենը դուրս է գալիս հարավկովկասյան իր ծրագրերից, հաստատեց այն, որ նրանից էստաֆետը ստիպված էր փորձել վերցնել Լոնդոնը: Բայց այստեղ եւս սպասված ձախողումն ակնհայտ էր՝ որքան էլ փորձեցին Ալիեւ-Փաշինյան հանդիպում կազմակերպել, այդպես էլ չկարողացան:
Արդյունքում, Նիկոլի եւ նրա թիմակիցների համար այս պահին իրավիճակն ունի նման տեսք: Ամերիկյան իշխող ուժերը, որը տարիներ շարունակ նիկոլյան թիմին հրահանգում էին՝ ինչ անել, կատաստրոֆիկ ձախողման են մատնվել եւ հեռանում են: Ու մեծ հավանականությամբ ստեղծվում է մի իրավիճակ, երբ փոխարինող թիմը ոչ թե միայն պարզապես կարող է հրաժարվել նախորդների տված խոստումները կատարելուց, այլ անգամ չի բացառվում, որ թշնամական հայացքով սկսի նայել բայդենականների հետ համագործակցողների հետ: Այս դեպքում արդեն անգամ բրիտանական MI6-ից առանձնապես սպասելիքներ չեն կարող լինել: Էլ չասած, որ եթե իրոք ԱՄՆ-ը որոշի հրաժարվել «ռազմական կամ մեղմ ուժի ճանապարհով ժողովրդավարություն պարտադրելու» քաղաքականությունից, ապա դա, ըստ էության, կնշանակի, որ ամերիկյան դեսպանը հրաժարական է տալիս «Հայաստանի փաստացի ղեկավարի պաշտոնից»: Վերջապես, եթե Թրամփն իրոք սկսի բանակցել Մոսկվայի հետ՝ խոստանալով զերծ մնալ ռուսական ավանդական ազդեցության գոտիների ուղղությամբ արշավներից, անգամ նույնիսկ եթե կարողանա կանգնեցնել ուկրաինական պատերազմը՝ ազատելով ռուսների ձեռքերը, ի՞նչ է դա խոստանում նիկոլյան թիմին, կարելի է կռահել: Ընդ որում, «Հայ դե Փարիզ» տարբերակը դառնում է քիչ վստահելի: Եվ ոչ միայն անցած վեց տարիներին երկրին հասցրած աղետների պատճառով, այլ նաեւ, որ ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաեւ Փարիզում եւ ամենուր են երբեմնի «տանիքները փլուզվում»: Իսկ մնալու դեպքում, երբ ավերել են տնտեսությունը եւ փող չեն կարողանում հավաքել՝ յուրայիններին ու պահապան ոստիկաններին կերակրելու համար, իսկ վարկերը դառնում են խնդիր, ոչ պակաս մտահոգիչ ապագա է խոստանում:
Ու դեռ չհաշված այն ճնշումները, որոնք գալիս են Ալիեւից, նաեւ նրանք, որոնք սկսել են գալ Մոսկվայից` ասենք գյուղմթերքների արտահանման հայտնի պատմության տեսքով:
Ոչ այս աստիճան, բայց նոր իրավիճակում Ալիեւը եւս մտածելու հարցեր ունի: Ճիշտ է, նա ժամանակին հասկացավ, որ արեւմտյան ուղղությունը փակուղային է, եւ Արցախը պոկելուն պես, «թռավ» արեւմտյան խաղերից, բայց հիմա ստիպված է շատ զգույշ լինել: Ֆինանսապես էականորեն կախված է մնում Լոնդոնից, ու եթե հանկարծ Թրամփն իրոք որոշի ընդունել, որ Հարավային Կովկասը ռուսական ավանդական ազդեցության գոտի է, լոնդոնյան նման ազդեցությունը կարող է չար կատակ խաղալ:
Թերեւս, գիտակցելով նաեւ, որ իրավիճակ կարող է փոխվել, Ալիեւը փորձում է վերջնականապես ամրագրել այն իրավիճակը, որն այսօր ունի: Օրինակ, արցախահայությանը վտարելու քայլն ակնհայտորեն Մոսկվայի համար տհաճ էր, եւ վերջինս դեռ օրակարգում թողել է վերադարձի թեման: Իմաստը հասկանալի է, Արցախը միշտ էլ եղել է Մոսկվայի համար գործիք՝ Բաքվին ճնշելու համար, եւ Լոնդոնի օգնությամբ այդ գործիքն այսօր խլել են: Բայց որքան էլ արցախահայերի թեման դեռ ամենաառաջնային տեղում չէ, մեկ է, ռիսկը, որ ինչ-որ պահի կգա առաջին պլան, Բաքվի համար կա: Այս առումով, Հայաստանի համար հերթական ականի տեսքն ունի Հաջիեւի միջոցով Ալիեւի հերթական միտքը, թե. «Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին՝ համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով: Մինսկի խումբը պահելու կարիք չկա։ Եթե հակամարտություն չկա, ապա ո՞րն է Մինսկի խմբի գոյության իմաստը»:
Շատ նման է, որ Բաքուն սրանով, քանի դեռ Նիկոլը կա, փորձում է այս տեսքով վերջ տալ արցախյան թեմային, թերեւս հասկանալով, որ խնդիրներ դեռ կունենա: Բայց մյուս կողմից էլ՝ իսկ ո՞վ է որոշել, որ «հակամարտություն չկա», երբ արցախահայերն իրենց տանից վտարված են: Նիկո՞լը: Բայց եթե «հակամարտություն չկա», ո՞ւր է այն պայմանագիրը, որը դա հաստատում է: Թերեւս, «Մինսկի խումբը» լուծարված համարելու նման «համատեղ դիմումին» Նիկոլը կփորձի միանալ` «թե չէ Ալիեւը կհարձակվի» մեկնաբանությամբ: Միգուցե համաձայնվի նաեւ Բաքու գնալ. Ալիեւը հրավիրում է: Շատ ավելի նման է, որ երկուստեք են փորձում ձեւավորել մի այնպիսի վերջնական իրավիճակ, որ անգամ տարածաշրջանում գլոբալ աշխարհաքաղաքական հստակեցումների դեպքում Մոսկվան կանգնի փաստի առաջ: Կստացվի սա, թե՝ ոչ, դա հարցի մի կողմն է: Սակայն այս պահին ընդամենը ֆիքսենք. երկուսն էլ սպասում են, որ այս իրավիճակը երկար չի շարունակվելու՝ կապված ԱՄՆ-ում փաստացի ձեւավորված իրողությունների հետ: Եվ այդ փոփոխությունները, թերեւս, արդեն աշնան սկզբներից իրենց ցույց կտան: