Իրանը դեմ է ոչ թե կոմունիկացիաներին, այլ «Զանգեզուրի միջանցքին»
Վերլուծություն
Հայաստանի շուրջ այս օրերին ծավալվող զարգացումներին զուգահեռ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=291618&l=am), նորից օրակարգում է հայտնվել հին քարոզչական տրյուկը: Այսինքն, թե Թեհրանը դեմ հանդես գալով «Զանգեզուրի միջանցքին», առհասարակ դեմ է Սյունիքի երկաթուղու գործարկմանը, անգամ եթե դա տանի Մոսկվայի հետ հակասությունների:
Իրականում, իհարկե, Թեհրանը դեմ է եղել եւ դեմ կլինի «Զանգեզուրի միջանցքին»՝ դրա իրական տեսքով, այլ ոչ թե նրան, որ փորձում է հրամցնել արեւմտամետ քարոզչամեքենան: Այսինքն, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հիման վրա Մեղրիի գիծը գործարկելը նշանակում է «Զանգեզուրի միջանցք», եւ Մոսկվան այդ ծրագիրը փորձում է առաջ տանել Բաքվի եւ Անկարայի հետ գործակցությամբ:
Բայց ահա, անգամ արեւմտյան (այդ թվում՝ պաշտոնական) աղբյուրներն են քանիցս փաստել, որ իրական «Զանգեզուրի միջանցք» ասվածը ծայրահեղ վտանգ է ոչ միայն Իրանի, այլ նաեւ Ռուսաստանի, վերջապես՝ Չինաստանի համար, ուղղակի վնաս Հնդկաստանի համար: Ու ի՞նչ է ստացվում, որ Մոսկվան Բաքվի եւ Անկարայի հետ նման «դավադրության» մեջ է մտել ինքն իր դե՞մ:
Թե իրականում ինչ է իրենից ներկայացնում «Զանգեզուրի միջանցք» ասվածը, հասկանում են բոլոր փորձագետները: Դա Սյունիքով անցնող այն միջանցքն է, որը կունենա երկու կարեւոր պայման: Նախ, կլինի արեւմտյան կամ թուրքական քաղաքական վերահսկողության տակ: Եվ երկրորդը՝ դրանով կբացառի կապը Հյուսիս-Հարավ առանցքով, այն է՝ կհանդիսանա բաժանարար գիծ: Իհարկե, կլինի նաեւ գեղեցիկ փաթեթավորում, թե դա Հայաստանի ինքնիշխան տարածք է: Սակայն նույնքան ինքնիշխան, որքան ներկայումս Հայաստանն է. ունի ամբողջական պետական կառավարում, սակայն հիմնական հարցերը լուծվում է ամերիկյան դեսպանատանը: Այ, հենց նման «Զանգեզուրի միջանցքին» է, որ ոչ մի դեպքում չի համաձայնվում Իրանը: Ասենք նաեւ Ռուսաստանը, հակառակ դեպքում այդ միջանցքն արդեն կլիներ:
Ինչ է առաջարկում Մոսկվան, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրով, որն իր զարգացումը ստացավ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությամբ՝ նվիրված հիմնականում կոմունիկացիոն թեմային: Այն է՝ պետք է վերագործարկել տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները, որի տակ հասկացվում է մասնավորապես՝ ոչ միայն Մեղրիով անցնող Ադրբեջան-Իրան գիծը, այլ այդ գծի ամբողջական տեսքը՝ Նախիջեւանից Իրան եւ Հայաստան տանող ուղիները: Այս մեխանիզմին, ի տարբերություն «Զանգեզուրի միջանցքի», Իրանը քանիցս հավանություն է տվել: Պայմանով, որ ոչ մի պարագայում այս գործընթացին չպետք է միջամտեն արտատարածաշրջանային ուժերը, այն է՝ Արեւմուտքը: Այսինքն, պետք է գործի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կետը, որ այդ ուղու վրա լինելու է ռուսական անվտանգային վերահսկողություն:
Ահա, հերթական անգամ այս ամբողջական թեման օրակարգում է, ինչը նախօրեին ավելորդ անգամ հաստատեց նաեւ ՌԴ ԱԳՆ-ն: Ըստ այդ կառույցի խոսնակ Զախարովայի. «Մենք ելնում ենք նրանից, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում 2020 թվականից մինչեւ 2022 թվականը, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա՝ ավելացնելով, թե Մոսկվայում չեն լսել, որ. «Հայաստանում ինչ-որ մեկը պաշտոնական մակարդակով հրաժարվել է այդ համաձայնագրերից կամ պաշտոնական հայտարարություն է արել, որ այդ փաստաթղթերն այլեւս վավերական չեն»:
Ինչ վերաբերում է Իրանի դժգոհությանը, ապա. « Մենք տեսել ենք Իրանի պաշտոնյաների հայտարարությունները, որոնք մտահոգություն են հայտնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու գաղափարի վերաբերյալ եւ, համապատասխանաբար, բացատրում են այս մոտեցման, այդ վերաբերմունքի պատճառները։ Ինձ թվում է, որ դուք պետք է ուղիղ կապ հաստատեք Թեհրանի հետ: Իսկ Իրանի բացատրությունը, կրկնենք, հետեւյալն է՝ կոմունիկացիաները կարող են գործարկվել, բայց «Զանգեզուրի միջանցք» չպետք է լինի:
Այսպիսով, երբ տարածվում է առհասարակ կոմունիկացիաների գործարկումը «Զանգեզուրի միջանցք» ներկայացնելու եւ դրան Իրանի դեմ լինելու մասին քարոզչական թեզը, ապա դա ավելի նման է Իրանի եւ ՌԴ-ի միջեւ ոչ թե հակասություններ զարգացնելու (Թեհրանն ու Մոսկվան նման քարոզների վրա չէ, որ հարաբերություններ են կառուցում), այլ գոնե հայաստանյան հարթակում ցույց տալու համար, որ կան նման հակասություններ: Թերեւս այն հաշվարկով, որ դա ներհայաստանյան հարթակում կմեծացնի դժգոհությունը կոմունիկացիաների գործարկման թեմայի շուրջ, որը հավելյալ զսպօղակ կդառնա Նիկոլի համար, եթե նա իրոք որոշի շարժվել այդ ուղղությամբ: Որքանո՞վ դա էֆեկտիվ կլինի, դա արդեն հարցի մյուս կողմն է: