Նյու Յորքում հիմնական գլխացավանքը ուկրաինական պատերազմն է
Վերլուծություն
Այն, որ Նյու Յորքի այս գագաթաժողովի շրջանակներում հայաստանյան թեման (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=293514&l=am) անգամ երկրորդ-երրորդական հետաքրքրություն չի ներկայացնում, հիմնավորում է նաեւ այն, որ այս գագաթաժողովի շրջանակներում բոլորովին այլ մակարդակի, առանց չափազանցության՝ աշխարհի հետագա ճակատագրին վերաբերող հարցեր են օրակարգում: Տեսանելի մասը ուկրաինական պատերազմն է: Սակայն խորքային իմաստը միանգամայն այլ է՝ Արեւմուտքը կգնա՞ ՌԴ-ի հետ ուղիղ բախման, թե՝ ոչ: Դա էլ իր հերթին պարզ ինդիկատոր ունի՝ ի՞նչ ընթացք կստանա Կիեւին նոր զինատեսակներ տրամադրելու հարցը, որի պարագայում ՌԴ-ն կհամարի, որ ՆԱՏՕ-ն ուղիղ բախման մեջ է մտել:
Զելենսկին ինչ-որ «հաղթանակի պլան» է ներկայացրել, որը ռազմական առումով արժեք չունի, սակայն իմաստը եւս նույնն է՝ կլինի՞ ՆԱՏՕ-ՌԴ բաց պատերազմ: Ընդ որում, այդ հարցի պատասխանը մեծապես կախված է նրանից, թե իրականում այս պահին ի՞նչ իրողություններ են ուկրաինական ռազմաճակատներում, այսինքն՝ ռուսներին հաղթելու շանսեր Վաշինգտոնը տեսնո՞ւմ է, ընդ որում, երաշխիքներ ունենալով, որ իր ուղիղ միջամտությունը չի վերածվի միջուկային բախման:
Սակայն իրավիճակը, որ այս պահին տիրում է ուկրաինական ճակատներում, Արեւմուտքին ոգեւորվելու քիչ առիթ է տալիս: Փաստն այն է, որ մի շարք առանցքային հատվածներում ուկրաինական բանակի կատաստրոֆիկ վիճակի մասին արդեն խոսում են ոչ միայն արեւմտյան աղբյուրները, այդ թվում՝ հեղինակավոր, այլ նույնիսկ ուկրաինական պատգամավորները: Օրինակ, նախօրեին Ռադայի պատգամավոր եւ «Գորշ կարդինալ» Երմակի դրածո Բեզուգլայան նախօրեին ահազանգում էր. «Չասով Յարից այն կողմ, Կոնստանտինովկայում, Կուրախովոյում, Սելիդովոյում, Ուգլեդարից այն կողմ պաշտպանական կառույցներ չկան»: Ընդ որում, ռուսական ուժերն արդեն իսկ մի շարք ուղղություններում հենց այն հատվածներում են, որտեղ «պաշտպանական կառույցներ չկան»:
Հարավային Դոնեցկում Ուգլեդարի պաշտպանական ողջ համակարգը, որը ստեղծվել է 2022թ.ից սկսած, երեկվա դրությամբ շրջապատման (կամ անկման) շեմին էր, եթե այս պահին արդեն դա տեղի չի ունեցել (Քարտեզում): Իսկ այդ հատվածը գրավելով, ռուսները միանշանակ կհարվածեն դեպի հյուսիս՝ առանցքային նշանակություն ունեցող Կուրածովոյի արեւմտյան ուղղությամբ, ասենք նաեւ ողջ Զապորոժիեի ամրացված ճակատի թիկունքին, եւ այս երկու ուղղություններով էլ լուրջ պաշտպանություն ուկրաինական կողմը չունի: Մի փոքր հարավում՝ Պոկրովսկի ճակատի մասին շատ է խոսվել, դետալները չկրկնենք: Ֆիքսենք միայն, որ այստեղ եւս նախ՝ ուղիղ հարված է սկսվել նույն Կուրախովոյի ուղղությամբ: Նաեւ Սելիդովոյի հատվածում այս օրերին ուկրաինական պաշտպանության վերջին քիչ թե շատ ռեալ գիծը ռուսները ճեղքեցին, եւ նորից սպասվում է հարված դեպի Կուրախովոյի արեւմտյան թեւ՝ Ուգլեդարի գոտուց սպասվող ռուսական հարվածին ընդառաջ: Ռուսները բուն Պոկրովսկի շեմին են, որը մատակարարումների եւ կոմունիկացիաների հիմնական բազաներից է: Ավելի հյուսիս՝ մոտ օրերս կընկնի դեռ 2014թ.-ից կառուցված Տորեցկի պաշտպանական ողջ համակարգը, որից հետո ռուսները դուրս են գալիս ողջ արեւելյան Դոնբասի համար ուկրաինական հիմնական բազաներից մեկի՝ Կրամատորսկի թիկունք: Ու մոտավորապես նույն պատկերն է բոլոր հատվածներում. ռուսները շրջանցել են ուկրաինական հին պաշտպանական համակարգերը եւ հիմա գրոհում են թիկունքային հատվածներում: Իսկ նոր պաշտպանական համակարգերի համար ուկրաինական կողմը միջոցներ եւ, ամենագլխավորը՝ ժամանակ դժվար թե գտնի: Ընդ որում, այս մարտերում, որքան էլ Կիեւը թաքցնի, ուկրաինական կողմը կրում է հսկայական կորուստներ: Կորցնում է բանակի մարտունակ մասը, որը ոչ մի զորահավաքով համալրել հնարավոր չէ:
Իսկ եթե այս հարձակումներից հետո ռուսները որոշեն մտնել կենտրոնական Ուկրաինա՞ կամ դրանից էլ հեռո՞ւ, որտեղ ոչ թե միայն պաշտպանական համակարգեր չկան, այլ ուկրաինական բանակից գրեթե բան չի մնացել… Իսկ այլընտրանք կարող է լինել, որ ՆԱՏՕ-ն սեփական ուժերը մտցնի Ուկրաինա եւ ուղիղ բախման գնա ռուսների հետ
Ահա, մոտավորապես այս իրողություններից ելնելով էլ Արեւմուտքը պետք է որոշում կայացնի ուկրաինական պատերազմի, ավելի կոնկրետ՝ Ուկրաինայի տարածքում եւ ուկրաինացիների ձեռքով ռուսների հետ մղվող պատերազմի հետ կապված: Ընդ որում, նաեւ հաշվի առնելով, որ Մոսկվան կտրուկ հրաժարվեց ինչ-որ միջազգային գագաթաժողովներում եւ նման հավաքներում քննարկել պատերազմի եւ խաղաղության թեման. պետք է բանակցեն Կիեւը եւ այնպիսի պաշտոնյաներ, որոնք Զելենսկու պես չեն կորցրել լեգիտիմությունը:
Այս իրավիճակում միամտություն կլիներ մտածել, թե որեւէ մեկը Հայաստանով զբաղվելու ցանկություն կունենա: Իսկ առջեւում ամերիկյան ընտրություններն են, եւ միայն դրանից հետո կարող են որոշակիություններ լինել: