ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Վերլուծություն
Վերջին օրերին արեւմտյան հետախուզական ծառայությունների կողմից շատ սիրված եւ ընդունված, համատեղության կարգով բրնձի մեծագույն գիտակ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հերթական արեւմտյան շրջագայության մեջ էր: Իհարկե, անիմաստ հարց է դարձել, թե այդ ի՞նչ անվտանգային հարցեր էր նա լուծելու այդ այցի շրջանակներում. Չնայած, սա իրոք հետաքրքիր հարց է:
ԻՆՉՈՎ ԷՐ ԶԲԱՂՎԱԾ ԱԽՔ ԱՐՄԵՆԸ ՍՈՐՈՍԱԾԻՆ ՉԵԽԻԱՅՈՒՄ
Այսպես, ԱԽՔ-ը նախ Եվրոպայում սորոսականության հիմնական կենտրոնակայաններից մեկը հանդիսացող Չեխիայում էր՝ «Ժողովրդավարության վճռականության եւ կայունության ապացուցում» խորագրով ինչ-որ «Ֆորում 2000» կոնֆերանսի մասնակցելու անվան տակ: Այն, որ «Ժողովրդավարության վճռականության եւ կայունության ապացուցում» ասվածը որեւէ կերպ չի կարող Հայաստանի անվտանգության հետ կապված դեր ունենալ, երեւի պարզ է: Ըստ այդմ՝ ՀՀ ԱԽՔ-ի այդ մասնակցությունը պետք է առնվազն գնահատել` որպես հայաստանյան միջոցների անտեղի վատնում: Իսկ քաղաքական իմաստով, մի բանի մասնակցել, որը նրա պաշտոնական գործունեության հետ ռեալ աղերս անգամ չունի, հուշում է, որ իրականում այցի իմաստն ամենեւին էլ դա չէր: Ապա Գերմանիայում ԱԽՔ-ը հանդիպել է, ասենք, Դաշնային ոստիկանության նախագահ Դիտեր Ռոմանի հետ: Ու նույն հարցն է՝ ի՞նչ կապ ունի ինչ-որ ոստիկանապետ Հայաստանի անվտանգության հետ, առավել եւս, որ նրա ներկայացրած երկիրն առհասարակ հայաստանյան անվտանգության համար ունի զրո արժեք:
Բայց այս պատմությանը մոտենանք այլ կողմից. օրինակ՝ Պրահայի կոնֆերանսում ԱԽՔ Արմենը խոսում էր ՀՀ-ԵՄ երկողմ հարաբերություններից՝ «Ընդգծելով ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման հարցով մեկնարկած պաշտոնական երկխոսության կարեւորությունը… Այս համատեքստում Ա.Գրիգորյանը կարեւորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը եւ Խաղաղության եվրոպական գործիքակազմի շրջանակում տարվող աշխատանքը»: Բայց ԱԽՔ-ը, որն ի պաշտոնե ընդամենը տեխնիկական աշխատող է, ի՞նչ գործ ունի ՀՀ-ԵՄ գործընկերության թեմայի հետ: Առավել եւս, որ անձամբ Նիկոլն էր վերջերս խոսում, որ եվրոպական ուղու հետ պետք չէ առանձնակի հույսեր կապել: Կամ, ո՞րն է իմաստը, որ այդ ֆորումում նաեւ գերմանացի ոստիկանապետի հետ քննարկում է «ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում», ինչը հայաստանյան միանգամայն այլ պետական կառույցների գործառույթներից է: Ի վերջո, չմոռանանք, որ այդ առաքելություն կոչվածը Հայաստանում լուծում է ոչ թե անվտանգային հարցեր, ինչն ի սկզբանե իրենք են հաստատել, այլ, պաշտոնապես, ընդամենը դիտորդական ֆունկցիա ունի: Չնայած, այս դիտորդ կոչվածներին ռուսական կողմն ամենաուղիղ ձեւով նաեւ վերջերս մեղադրեց սովորական «շպիոնաժի» մեջ: Արմենն էլ, որ արեւմտյան հետախուզությունների կողմից ընդունված մարդ է, երեւի նաեւ դրանից ելնելո՞վ է իրեն այդքան հոգեհարազատ համարում «շպիոնական թեմատիկան»:
Իրականում, չմոռանանք, որ արդեն գալիք տարեսկզբին այդ դիտորդական առաքելության գործունեության ժամկետը լրանում է, եւ ներքին խոսակցություններ են պտտվում, որ Նիկոլը, ելնելով նաեւ Ալիեւի կոշտ հակազդեցությունից, կարող է չդիմել՝ ժամկետը երկարացնելու համար: Նման է նրան, որ մոտ օրերս ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի հետ կապված Նիկոլի (նաեւ՝ Ալիեւի)՝ Կազան կատարելիք այցի շրջանակներում կարող է «եվրաշպիոնների» չմնալու հարցը վերջնական լուծում ստանալ: Եվ այս տեսանկյունից, հատկապես սորոսականության որջ համարվող Պրահայում Արմենի այդ աղմուկ-աղաղակն, ավելի կոնկրետ՝ նրա այս շրջագայությունների քիչ տեսանելի հատվածը ավելի չի՞ նմանվում ահազանգի, թե պետք է մի բան անել, թե չէ, մեկ էլ տեսար, Նիկոլը հանկարծ որոշեց՝ գնալ վրացական կուրսով:
«3+3»-Ի ԽՈՀԱՆՈՑԸ
Իսկ նման նախադրյալներ իրոք կան, որի ցուցիչներից մեկն էլ դարձավ Միրզոյան Արոյի մասնակցությունը վաղը Ստամբուլում կայանալիք «3+3» ձեւաչափով հանդիպմանը:
Բայց նախ մի փոքր հիշենք այս ձեւաչափի պատմությունը: «3+3» ձեւաչափով առաջին նիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում՝ փոխարտգործնախարարների մակարդակով։ Երկրորդ նիստն անցած հոկտեմբերին էր՝ Իրանում եւ արդեն ԱԳ նախարարների մակարդակով։ Հենց այդ հանդիպմանն էլ որոշվեց, որ հաջորդ հավաքը լինելու է Թուրքիայում, եւ դա իր տրամաբանությունն ուներ. նախ տարածաշրջանային խոշոր երկրներն են ընդունում այդ հավաքը, ապա հերթը հասնում է երեք փոքրերին: Չնայած, երեք փոքրերից Վրաստանն այս հերթական հանդիպմանն էլ չի մասնակցելու, սակայն փորձագետները ենթադրում են, որ եթե սպասվող խորհրդարանական ընտրություններում գործող իշխանությունները դիրքը պահեն, ապա հաջորդ հանդիպումներին Թբիլիսիի մասնակցությունը կարելի է էս գլխից երաշխավորված համարել:
Թե որն է այս ձեւաչափի իմաստը, իր հերթին է շատ խոսվել: Խոշոր հաշվով, միտքը սա է՝ տարածաշրջանային երկրները պետք է տարածաշրջանային հարցերը լուծեն հենց տարածաշրջանի ներսում: Չնայած այստեղ մեկ էական նրբերանգ կա. Ռուսաստանը այս ձեւաչափում՝ մասնավորապես, եւ տարածաշրջանում՝ ընդհանրական իմաստով պետք է լինի վեց հավասարներից մե՞կը, թե՞ այդպիսին ներկայանալով, իրականում պետք է հանդես գա նաեւ աշխարհաքաղաքական լիդերի դերում: Ահա այս ֆոնին, թեեւ կար հերթական հանդիպումը Թուրքիայում անցկացնելու որոշումը, սակայն այդպես էլ այն չէր հրավիրվում, եւ դրա պատճառը գնում-հասնում էր հիշատակված վեճին՝ կապված Թուրքիայի հետ ՌԴ-ի եւ Իրանի մի քանի սուր հակասությունների հետ: Իսկ դա տեսանելի էր ոչ միայն այս ձեւաչափով, այլ՝ Պուտինի եւ Էրդողանի հանդիպումների կազմակերպման աղմուկ դարձած հարցի հետ:
Եվ ահա, հատկապես վերջին ժամանակներս փորձագիտական շրջանակներում (այդ թվում՝ իրանական եւ անգամ թուրքական) սկսեց նկատվել այս հետաքրքիր տեսակետը: Հաշվի առնելով, որ եթե կան շատ սուր տարածաշրջանային հակասություններ, եւ տարածաշրջանի ներսում չունենան այդ հակասություններում «վերջին հեղինակավոր խոսք ասող եւ գլոբալ մասշտաբում այդ տեսակետը պահելու պոտենցիալ ունեցող ֆիգուրա», ապա «վերջին խոսք» ասողը կդառնան արտատարածաշրջանային ուժերը: Ավելի պարզ, եթե ՌԴ-ի կշիռը չբավարարի լիդերի դերի համար, ապա այդ լիդերությունը կվերցնի ԱՄՆ-ն, եւ այդ դեպքում «3+3» ասվածը դառնալու է լիովին անիմաստ: Ահա այս պատկերացումների ֆոնին էլ, «3+3»-ի հերթական հանդիպման ձգձգման պատճառ էր դարձել մի կողմից՝ Իրան-ԱՄՆ այդքան սուր դարձած հարաբերությունների խնդիրը, մյուս կողմից՝ Թուրքիայի ընդգծված տատանումները ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետ կապված:
ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱ՞Կ
Ահա այս ֆոնին էլ հայտնի դարձավ, որ «3+3» ձեւաչափով հերթական հանդիպումը կայանում է: Սա առաջին հերթին այն պարզ հարցն է առաջ քաշում, թե նշանակո՞ւմ է, որ Թուրքիան սկսել է վերախմբագրել իր պատկերացումները ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունների հետ կապված: Դատելով հատկապես վերջին ժամանակներս ընթացող գործընթացներից, նման տրամադրություններ պետք է որ Էրդողանի մոտ սկսեին ի հայտ գալ:
Այսպես, մի կողմից այն դիրքը, որն ի ցույց է դնում Իրանը, Թուրքիայի համար մեկ բան է նշանակում՝ Թեհրանի հետ ինչպես իսլամական աշխարհում, այնպես էլ կովկասյան հարթակում եւ, խոշոր հաշվով, ընդհանրական պայքարում աստիճանական պարտություն: Այսինքն, եթե Իրանն այսօր կարողանում է լրջորեն «քյալլա տալ» ոչ թե միայն Իսրայելի, այլ անգամ ԱՄՆ-ի հետ, ապա դա չի կարող Թուրքիայում համապատասխան ռեակցիա առաջ չբերել: Նաեւ այն նկատառումը, որ Իրանն այդ կետին կարողացել է հասնել Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին: Եվ դա, իհարկե, Անկարայում պետք է որ զուգահեռաբար տրամադրություններ ստեղծեն նաեւ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հետ իր սեփական հարաբերությունների հետ կապված: Ընդ որում, առաջնահերթ ռազմական թեմատիկայով, հաշվի առնելով, որ տնտեսական ուղղությամբ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում կողմնորոշվելու շարժառիթները շատ ավելի հստակ են. խոշոր հաշվով, ռուսներն էապես օժանդակում են թուրքական իրական տնտեսությանը, իսկ ԱՄՆ-ից վերջին տարիներին միայն ճնշումներ են գալիս, որը տանում է մասնավորապես՝ թուրքական լիրայի պարբերական պայթյուններին:
Իսկ եթե ռազմական, ապա հայտարարությունը, որով հանդես եկավ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, պարզ հուշում է, թե Անկարայում ինչ պատկերացումներ են սկսել ձեւավորվել ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի ռազմական պոտենցիալների հետ կապված: Նախարարի խոսքով. «Ուկրաինական ճգնաժամի շրջանակներում մենք ականատես եղանք, թե ինչպես 30 երկրներ չկարողացան միավորվել եւ բավարարել Ուկրաինայի զինամթերքի կարիքները»,- եւ դրանով ամեն ինչ ասված է:
Ու, իհարկե, պատահական չէ, որ «3+3»-ի այս հավաքը տեղի է ունենում Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի շեմին, որի հետ կապված Էրդողանը, շատ նման է, որ վճռական ծրագրեր ունի, այդ թվում՝ կարող է շատ լուրջ համաձայնություններ ձեռք բերել Պուտինի հետ: Այս ֆոնին, շատ ավելի նման է, որ «3+3»-ի շրջանակներում արտգործնախարարների այս հավաքը մի վերջին հնարավորություն է դառնում՝ Կազանի գործընթացի շեմին Անկարայի հարաբերությունները մի շարք առանցքային հարցերում Մոսկվայի եւ Թեհրանի հետ հստակեցնելու, կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու (կամ միգուցե՝ ձեռք չբերելու) համար:
Իսկ այն, որ այդ թեմատիկայում առանձնակի դեր ունի հարավկովկասյան իրավիճակը, դա միանշանակ է: Եվ այն, որ հաստատելով Լավրովի մասնակցությունը, նրա խոսնակ Զախարովան նաեւ ընդգծեց, որ «3+3»-ը. «Առեւտրատնտեսական, տրանսպորտային-լոգիստիկ, մշակութային-հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցությունն առաջ մղելու հնարավորություն է»,- իր հերթին է նմանվում ակնարկի, որ հատկապես կոմունիկացիոն թեմաներն այս հանդիպման առանցքում են: Իսկ այստեղից էլ, բնականաբար, մեխանիկորեն մոտենում ենք հայ-ադրբեջանական թեմատիկային՝ կոմունիկացիաների բազմաչարչար խնդրով հանդերձ: Առավել եւս, հիշելով, ինչպես Նիկոլի եւ Ալիեւի վերջին մոսկովյան այցի, այնպես էլ՝ Կազան սպասվող այցի թեմատիկան:
Այս ամենը հաշվի առնելով, իրոք տրամաբանական տեսք է ստանում, որ ԱԽՔ Արմենն իրոք արեւմտյան հայտնի կառույցներին ահազանգ տեղ հասցնելու առիթ ունի…